Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոնսալեսը սփրթնած, շրթունքները կապտած, դողդողալով դուրս եկավ դահլիճից». Մարինա Սարգսյան

Փետրվար 09,2015 16:12

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 5-ին՝ ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում աշխարհահռչակ իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսը պիտի ներկայացներ Ռախմանինովի թիվ 2 կոնցերտը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար: Համերգը, սակայն, տեղի չի ունեցել:

Օպերային թատրոնի ռեժիսոր, այս ծրագրի պրոդյուսեր Մարինա Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ համերգը չեղյալ է հայտարարել Օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, որը և պետք է ղեկավարեր նախատեսված համերգը. «Համերգից 1.5-2 ժամ առաջ, երբ ես հասա Oպերային թատրոն, Դուրգարյանը կանգնած էր դռան մոտ և ինձ զայրացած հարցրեց՝ ուր է էդ դաշնակահարը: Ես նրան ասացի, որ Կոնսալեսը 5 րոպեից թատրոնում կլինի, իսկ նա պատասխանեց, որ Կոնսալեսին 10 րոպե ժամանակ է տալիս, թե չէ՝ երգչախմբին ազատ կարձակի: Կոնսալեսը եկավ ու հարցրեց, թե ինչն էր պատճառը, որ գոռգոռում էր Դուրգարյանը, իսկ Դուրգարյանն ասաց, որ Կոնսալեսը մեղավոր չէ, մեղավորը ես եմ: Այնուհետև նրանք մտան դահլիճ՝ փորձի, իսկ ես դուրս եկա: Դրանից 5-10 րոպե հետո դահլիճից դուրս եկավ Կոնսալեսը՝ սփրթնած, շրթունքները կապտած, դողդողալով: Ես փորձեցի հասկանալ՝ ինչ է կատարվել, իսկ Դուրգարյանն ինձ պատասխանեց, թե այդ մարդը չի կարող նվագել, նա չի նվագելու, համերգը հետաձգվում է: Իսկ Կոնսալեսն ինձ ասաց, որ Դուրգարյանը բոլոր տեմպերը փոխել է հանկարծ՝ համերգից ընդամենը 1.5 ժամ առաջ»,- ասաց Մ. Սարգսյանը:

Ա. Կոնսալեսի մենեջեր Դավիթ Խաչատրյանը վստահեցնում է, որ փորձերի առաջին իսկ օրվանից լարվածություն է զգացել Ա. Կոնսալեսի և Կ. Դուրգարյանի հարաբերություններում. «Անտոնիոն անընդհատ ուզում էր հասկանալ, թե ինչով կարելի է բացատրել Դուրգարյանի այդպիսի ատելությունն իր հանդեպ: Այդպես էլ չհասկացանք՝ դա ստեղծագործակա՞ն խնդիր էր, կազմակերպչակա՞ն, թե՞ ուղղակի մարդկային գործոնի: Ոչ մեկը չի կարող բացատրել, թե ինչու այդպիսի վատ վերաբերմունքի «արժանացավ» Ա. Կոնսալեսը Կ. Դուրգարյանի կողմից»,- ասաց Դ. Խաչատրյանը:

Նա հերքեց տարբեր լրատվամիջոցներում տեղ գտած լուրերն այն մասին, թե այդ օրն իր մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, և դրա պատճառով է համերգը հետաձգվել: «Երբ ժամը 18:45-ին ես հասա թատրոն, այնտեղ այլանդակ մթնոլորտ էր տիրում: Սենյակ մտնելով՝ տեսա Կոնսալեսին, ում բերանից փրփուր էր դուրս գալիս, իսկ Մարինան լացում էր: Ինձ ասացին, որ համերգը հետաձգվել է, որից հետո ես ջղայնացած դուրս եկա միջանցք ու սկսեցի գոռալ, թե ով է այս ամենի մեղավորը: Ինձ մոտեցավ Օպերային թատրոնի աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Շմավոն Գրիգորյանը և հարցրեց՝ ինչու եմ գոռում, ես էլ ասացի՝ լավ եմ անում, քանի որ իմ հարցին ոչ ոք չի պատասխանում: Հետո երկուսս էլ սկսեցինք «թեժանալ», բայց անվտանգության աշխատակիցը եկավ, ու ամեն ինչ հարթվեց»,- ասաց Դ. Խաչատրյանը՝ ընդգծելով, որ այս ամենը եղել է համերգը չեղյալ հայտարարելու հետևանքով, ոչ թե իրենց ծեծկռտուքի հետևանքով է համերգը հետաձգվել:

Դ. Խաչատրյանն ու Մ. Սարգսյանը վստահեցնում են, որ երկու ամիս հետո դաշնակահարը Հայաստանում համերգ կունենա ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

Ի դեպ, նախատեսված ու չեղյալ հայտարարված համերգի հաջորդ օրերին Ա. Կոնսալեսը վարպետության դասեր է տվել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728