Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ռուսական եկեղեցին հրաժարվել է բարեկենդան տոնելուց

Փետրվար 19,2015 18:15

Այսօր Lragir.am-ը տեղեկություններ էր տարածել այն մասին, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը որոշել է փետրվարի 22-ին անցկացնել այսպես ասած «մասլեննիցայի»՝ բարեկենդանի տոնակատարությունը, միաժամանակ մեծ շուքով նշել նաեւ հայրենիքի պաշտպանության տոնը: Ինչպես հայտնի է, ամսի 21-ին լրանում է գազանաբար սպանված Ավետիսյանների քառասունքը, եւ այս սգո օրը ռուսական տոնակատարություններ կազմակերպելու մասին լուրերը լուրջ անհանգստություն են առաջացրել գյումրեցիների շրջանակում:

Aravot.am-ը Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանին հարցրեց՝ մարզային իշխանությունների հետ նման լայնամասշտաբ միջոցառումներ կազմակերպելու հարց քննարկե՞լ է ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը, տրվել է արդյո՞ք համաձայնություն: «Ասեմ, որ մենք ռուսական բազայի հետ ունենք գործընկերային աշխատանքային ոճ, եւ մենք իրենց հետ քննարկում ենք ցանկացած խնդիր, այդ թվում առօրյա ցանկացած հարցեր են լինում: Իսկ ինչ վերաբերվում է լայնամասշտաբ միջոցառումների իրականացմանը, վստահաբար ձեզ ասում եմ, որ բարեկենդանի միջոցառումը ռուսական եկեղեցին չի անցկացնելու այս տարի՝ հաշվի առնելով, որ ամսի 21-ին լրանում է Ավետիսյանների քառասունքը: Եւ բացի դրանից, բանակի օրվա միջոցառում, որը ռուսների մոտ կոչվում է հայրենիքի պաշտպանության օր, այդ միջոցառումը ամսի 21-ին, 22-ին չի կատարվելու: Լայնամասշտաբ միջոցառում ընդհանրապես նախատեսված չէ եւ չի լինելու ընդհանրապես: Միգուցե ամսի 23-ին ռուսները իրենք իրենց համար շատ փոքր միջոցառում անեն, դա հաստատված չէ: Իսկ մամուլում ու խոսակցությունների ձեւով տարածված միջոցառումների մասին խոսք լինել չի կարող, չկա այդպիսի բան: Վստահաբար ասում եմ ձեզ»:

Մենք փոխմարզպետից հետաքրքրվեցինք, թե նախորդ տարիներին ռուսները նշե՞լ են այդ նույն տոները: «Նախորդ տարիներին ռուսական Ուղղափառ եկեղեցին անցկացրել է բարեկենդան: Նախորդ տարիներին 102-րդ ռազմաբազան իր միջոցառումը անցկացրել է՝ որպես հայրենիքի պաշտպանի օր: Ինչպես ցանկացած երկիր ունի բանակի օր, իրենք էլ այդ միջոցառումն արել են: Հրավիրված են եղել մարզային, քաղաքային իշխանություններ, այս տարի նման բան չկա: Պայմանավորվածություն էլ չկա՝ անել, չանել, որովհետեւ իրենք գիտակցում են, որ չանեն»,- ասաց փոխմարզպետը:

Մեր հստակեցմանը, թե ուզո՞ւմ եք ասել, որ ռուսական ռազմաբազայում հարգո՞ւմ են մեր վիշտը, անտարբեր չե՞ն, Սեյրան Պետրոսյանն ասաց.«Ես՝ որպես մարդ, քաղաքացի, ասեմ, որ իրենք էլ հավասարապես կիսում են մեր վիշտը, ցավակցում են: Նույնիսկ մի քանի առաջարկություններ արեցին ընտանիքին օգնելու համար, որից մենք հրաժարվել ենք՝ ասելով շնորհակալություն ձեր առաջարկությունների համար: Վերջին հաշվով նրանք քրիստոնյա մարդիկ ենք, իրենք էլ կորուստը մեզ նման սգում են, էստեղ խնդիրն այն է, թե ինչու են մարդիկ փորձում հայ-ռուսական խնդիր դնել, թե ռուսն այս է անելու , այն է անելու…Ո՛չ, այդպիսի բան չկա, չի կարող լինել: Մենք պետություն ենք եւ եթե որեւէ խնդիր լինի, մեզ հետ հաշվի պիտի նստեն», -ասաց Սեյրան Պետրոսյանը:

Հետաքրքրվեցինք, թե ռուսները ի՞նչ օգնություն էին առաջարկում, իհարկե, փոխմարզպետին հիշեցրեցինք, որ օգնության առաջարկներից մեկին մենք ականատես ենք եղել. երբ Շիրակի մարզպետը ասուլիս էր տալիս, ռուսական ռազմաբազայից զանգահարել էին ու օգնություն էին առաջարկում հիվանդանոցում գտնվող փոքրիկ Սերյոժայի համար՝ չիմանալով, որ երեխան այլեւս չկա: «Բոլոր տեսակի միջոցառումների համար իրենք ցանկություն ունեին մասնակցելու. թե՛ հուղարկավորություն, թե՛ այլ ծախսեր, մարզպետն ասել է՝ մենք շնորհակալ ենք , մենք ունեն հնարավորություն մեր հարցերը լուծելու: Իսկ ասուլիսին դուք ներկա եք եղել ու տեսել, թե ինչպես մարզպետը կտրականապես հրաժարվեց: Նմանապես մի քանի այլ առաջարկներ էլ են եղել, ե՛ւ մարզպետը, ե՛ւ քաղաքապետը հրաժարվել են»:

Մեր այն հարցին, թե մարզային իշխանությունները տեղյա՞կ են ռուսական ռազմաբազայի հրամանատարական կազմից ուրեւէ մեկը Պերմյակովի զինված փախուստի դիմելու պատճառով ազատվե՞լ է աշխատանքից: Մենք հիշեցրեցինք նաեւ, որ ծառայողական քննություն էր նշանակված: «Այդպիսի տեղեկատվության ես չեմ տիրապետում, եթե լինի անմիջապես տեղեկատվությունը կփոխանցենք ի լուր հասարակությանը: Ես չեմ կասկածում, որ պատժամիջոցներ լինելու են բարձրագույն աստիճանից մինչեւ ներքեւ», -ասաց փոխմարզպետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Անամոթնե՛ր: Ինչպե՞ս են անգամ հանդգնում պլանավորել սա:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728