Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆայել Քոթանջյանի վիդեո գիրք-ալբոմն առաջինը կլինի Հայաստանում

Փետրվար 23,2015 13:00

Մոտ երեք տասնյակ կերպարներ հայկական եւ արտերկրյա կինոյում
ու անհամեմատ շատ թատերական դերակատարումներ… Գալիս է մի ժամանակ,
երբ այդ ամենը ոչ թե պետք է, այլ անհրաժեշտ է ի մի բերել:

«Առավոտին» հասած տեղեկություններով, երեք տարի առաջ, երբ նշվում էր ճանաչված ու սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանի 70-ամյակը, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը զարմացել էր, որ դերասանը չուներ գիրք-ալբոմ: Նա անմիջապես կապվել էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, որն էլ պատրաստակամություն էր հայտնել զբաղվել այդ գործով: Ընդ որում, արվեստին վերաբերող գրականության մեջ ժամանակին լավագույն ավանդույթ ենք ունեցել՝ արտիստների մասին գիրք-ալբոմներ հրատարակելու ձեւով: Հայտնի են Ավետ Ավետիսյանի, Գուրգեն Ջանիբեկյանի, Արուս Ասրյանի, Վարդան Աճեմյանի եւ հայ թատրոնի մյուս երեւելիների մասին ալբոմները: Դրանց հրատարակումը հայտնի պատճառներով 1980-ականների վերջից դադարեց: Միայն վերջին շրջանում արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը հիմնեց «Հայ մեծերի մատենաշարը» եւ այսօր լույս է ընծայվել 14 գիրք-ալբոմ (Գոհար Գասպարյան, Գալյա Նովենց, Սվետլանա Գրիգորյան, Կարպ Խաչվանքյան, Երվանդ Ղազանչյան եւ այլն):

Ռաֆայել Քոթանջյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է տարիներով ձգձգվում իր գիրք-ալբոմի հրատարակումը: Դերասանը նախ հաստատեց նախկին վարչապետի եւ մշակույթի նախարարի պատրաստակամ լինելը, հետո էլ մանրամասնեց. «Ձգձգման պատճառը մեկն է՝ առաջին անգամ Հայաստանում կհրատարակվի վիդեո գիրք-ալբոմ. ընթերցողը հնարավորություն կունենա ոչ միայն կարդալ, այլեւ իր մոտ եղած տեխնիկայի միջոցով (բջջային հեռախոս, պլանշետ) դիտել, ասենք, ալբոմում տեղ գտած իմ մասնակցությամբ բեմադրություններից հատվածներ: Հետո էլ՝ ես սիրում եմ ամեն ինչի մասին պատմել: Անպայման կլինի նաեւ իմ խոսքը, նույնիսկ այնպիսի միջադեպեր, որ մինչ օրս հանրությանը հայտնի չեն: Գիրք-ալբոմի աշխատանքները կիրականացնի «Անտարես» մեդիա հոլդինգը»:

Ներկայացնելով «Առավոտի» հետ կատարվածը, այն է՝ երբ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանին տարիներ առաջ հարցրինք, թե չի՞ ցանկանում Ալլա Պուգաչովայի օրինակով, որը հրապարակել էր իր լավագույն 10 տղամարդկանց անունները, հայտնել իր 10, գուցե եւ ավելի, լավագույն կանանց անունները… Կանխելով մեր հարցը՝ պարոն Քոթանջյանն ասաց. «Գիրք-ալբոմում դա էլ կլինի: Ճիշտ է, հիշողությունս ոչ փայլուն է, ոչ էլ ֆանտաստիկ, այդուհանդերձ, իմ կյանքում եղել են իսկապես շատ կանայք, բայց միայն գեղեցիկ, որովհետեւ ես գիտեմ, սիրում եմ եւ առիթը բաց չեմ թողնում գեղեցիկը գնահատելու… Կրկնում եմ՝ սիրում եմ ամեն ինչի մասին պատմել, կիսվել… Գիրք-ալբոմի դեպքում թող ավելի շատ տեսնեն ու լսեն, քան կարդան»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
21.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728