Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյանը  ոչ միայն պատճենում էր ուժային կառույցները, այլեւ փորձում վարկաբեկել եղած պետական կառույցները՝ ոստիկանությունը մասնավորապես». Իրատես de facto»

Փետրվար 27,2015 12:53

«Իրատես de facto»-ի հյուրն է քաղաքական   վերլուծաբան   Վիգեն  Հակոբյանը

– Ի՞նչ է կատարվում քաղաքական դաշտում փետրվարի 12-ից հետո, երբ երկու քաղաքական ուժեր միմյանց անվանեցին չարիք։

– Կարծում եմ՝ պարզապես եկել է ժամանակը, որ իշխանությունը փորձի Սահմանադրության փոփոխությամբ իր ապագայի հարցերը լուծել։ Հավանաբար Գագիկ Ծառուկյանին դեռ մի քանի ամիս առաջ կոնկրետ խնդիր էր առաջադրվել՝ կողմնորոշվել՝ ի՞նչ է ուզում ապագայի համար և ի՞նչ է անում։ Իսկ Գագիկ Ծառուկյանը փորձում էր հնարավորինս երկարաձգել նույն մարտավարությունը՝ այլընտրանքի։ Հետխորհրդային բոլոր երկրներում ավանդաբար իշխանությունը և ընդդիմությունը տարբեր քաղաքական, տնտեսական և նույնիսկ փաստացի իրավական կարգավիճակներ են, և դրանից բխում է, թե բիզնեսում ինչ ռեժիմով ես աշխատում։ Եթե իշխանության մեջ ես, դու մի ռեժիմով ես աշխատում ֆինանսական, հարկային, իրավական, տարբեր է քո կարգավիճակը, երբ դու ընդդիմության մեջ ես։ Գագիկ Ծառուկյանը ներկայանում էր որպես այլընտրանք՝ որևէ պատասխանատվություն չկրելով իշխանական համակարգում, բայց աշխատելով իշխանական ռեժիմով բիզնեսում։ Նա շարունակում էր բիզնեսը զարգացնել, ասենք, երկու տարին մեկ շքեղ հյուրանոցներ կառուցելով, որոնց բացմանը ներկա էին լինում պետության ղեկավարներն առաջին դեմքով և այլն։ Դա նշանակում էր բիզնեսում հարստանալ, փաստացի օլիգարխի կարգավիճակ պահպանել և քաղաքական կարիերան կառուցել այդ փողերով։

– Ի՞նչն էր այդ դեպքում նրան դրդում իշխանափոխություն պահանջել։

– Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում էր, որ ԲՀԿ նախագահը շարունակում է ժամանակ ձգել և փորձում է իր իրական ծրագրերը բարձրաձայնել այն պահին, երբ իշխանությունը չի հասցնի որևէ էֆեկտիվ քայլ ձեռնարկել նրա քաղաքական հավակնությունների ու բիզնեսի դեմ։ Սերժ Սարգսյանը քայլ առաջ արեց՝ կանխելու նրան։ Մանավանդ փետրվարի 5-ի ելույթում արդեն հստակ նոտաներ հնչեցին, որ Գագիկ Ծառուկյանը որոշել է կարմիր գիծն անցնել և երկրի ներսում եղած փակ պայմանավորվածությունները խախտել նաև երկրից դուրս։ Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի սեղանին հայտնվեցին կարմիր գիծը հատելու անհերքելի ապացույցներ։ Նախագահին մտահոգում էր ոչ այնքան ԲՀԿ նախագահի հրապարակային գործունեությունը, որքան՝ ոչ հրապարակային և երկրից դուրս, և երկրի ներսում։ Սերժ Սարգսյանին առավել նյարդայնացրեց, որ Գագիկ Ծառուկյանը սկսեց պատճենել ուժային կառույցները։

– Երդվյալ երկրապահների՞ն նկատի ունեք և զինաթափված թիկնազո՞րը։

– Նրանց, նաև այլ կառույցներ, որոնց մասին չի հրապարակվում։ Նույնիսկ հրապարակվածից երևաց, որ կային լուրջ վտանգներ, որոնք շատ էին մտահոգում Սերժ Սարգսյանին։ Ուժային կառույցներն իշխանության ամենահուսալի հենարանն են, և չէր կարող ներվել, որ Գագիկ Ծառուկյանը ոչ միայն ինչ-որ չափով պատճենում էր ուժային կառույցները, այլև փորձում վարկաբեկել եղած պետական կառույցները՝ ոստիկանությունը մասնավորապես։ Պարբերաբար ինչ-որ գործողություններ էին լինում, որոնց թիրախը, ասենք, ոստիկանապետն ու ոստիկաններն էին։

– Իսկ հետո Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ միջազգային ասպարեզ ու գնաց Մոսկվա, որը նույնպես չներվե՞ց։

– Չեմ բացառում, որ դա վերջին կաթիլն էր համբերության բաժակում։ Թերևս այս այցը, ի տարբերություն նախորդների, համաձայնեցված չէր Սերժ Սարգսյանի հետ։

– Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը որոշեց միջկուսակցական համագործակցություն ամրապնդել հենց հիմա, ի՞նչ էր ուզում։

– Ակներևաբար՝ ուզում էր ասել, որ ինքն արդեն որոշումը կայացրել է, նաև իր շրջապատն էր իրեն համոզել, որ հասարակության որոշակի տոկոս ունի իր պահանջարկը որպես առաջնորդի և ապագա նախագահի։ Ու նա Մոսկվա էր գնացել այդ հարցով։ Բայց Մոսկվան տարողունակ հասկացություն է, և այսօրվա պաշտոնական Մոսկվան, ի տարբերություն 10-15 տարի առաջվա Մոսկվայի, աշխատում է ոչ միայն քաղաքական էլիտայի, այլև քաղաքական դաշտի հետ։ Առավել ևս՝ ընդդիմության մի մեծ հատված ռուսամետ կողմնորոշում ունի։

– Հայաստանն աշխատո՞ւմ է ռուսական քաղաքական ուժերի հետ՝ իր շահերից ելնելով։

– Կարծում եմ՝ Հայաստանն աշխատում է ռուսական ինչ-ինչ քաղաքական շրջանակների հետ, ոմանք՝ անմիջականորեն նախագահի աշխատակազմի, ոմանք՝ այլ իշխանական խողովակների։

– Ի՞նչ հարցեր են լուծում այդ խողովակներով։

– Թերևս՝ բացի մեր երկրի համար իրոք կարևոր կենսական խնդիրներ լուծելուց, հիմնականում իշխանության պահպանման խնդիրները, ոմանք ունեն ընդհանուր բիզնես շահեր։

– Ի՞նչ կապ ունի դա քաղաքականության հետ։

– Իրական քաղաքականությունը, անկախ մեր ցանկություններից, այսօր այդպես է կառուցվում, նույնը փորձում են անել Արևմուտքի հետ։

– Ինչո՞ւ Մոսկվան Մոդեստ Կոլերովի շուրթերով հայտարարեց, որ Հայաստանում որևէ օլիգարխ չի կարող իշխանության զալ։

– Տպավորությունս այնպիսին է, որ Մոսկվան ինչ-որ ժամանակ երկու կողմին էլ դրդում էր ակտիվ գործողությունների, իսկ երբ հասկացավ, որ համակարգին վտանգ է սպառնում, Հայաստան գործուղեց իշխանության և Գագիկ Ծառուկյանի համար ընդունելի մարդկանց որպես հաշտարար բանագնացներ։ Սերժ Սարգսյանը գուցե ինքն էլ կասկածել է, որ Մոսկվան կրկնակի խաղ է խաղում և երաշխիքներ ուզեց, որ ԲՀԿ-ի ակտիվացման հետևում Մոսկվան չի եղել։ Այդ օրերին, երբ Կարեն ու Սամվել Կարապետյանները այստեղ էին, Կրեմլի ոչ պաշտոնական խոսափող lenta.ru-ն հոդված հրապարակեց, թե Հայաստանում նարնջագույն հեղափոխություն է սպասվում, այսինքն՝ ակնարկն ուղղվում էր Արևմուտքին։ Գուցե Դուք ճիշտ եք, նույնն արվեց և Կոլերովի միջոցով։ Հայաստանում բոլոր իշխանությունները միշտ փորձել են մեկ կոնֆիգուրացիա ստեղծել՝ իշխանություն– ընդդիմություն։ Եվ նրանք լինելով միշտ ռուսամետ՝ երբեք վտանգ չեն տեսել արևմտամետ ընդդիմության մեջ։ Նույնիսկ շատ ցանկալի է եղել, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանին ասվի՝ մեզ մոտ լուրջ արևմտամետ ընդդիմություն կա, և մենք պայքարում ենք նրանց դեմ, ժամանակ առ ժամանակ վարկեր ստանալով այդ շրջագծում՝ «Մեզ չօգնեք, իրենք են գալու իշխանության» հիմնավորումով։ Այդ պատճառով էլ ամենամեծ հարվածը Հայաստանում միշտ ստացել է ռուսամետ ընդդիմությունը։ Սա և քաղաքականություն է, և, եթե ուզում եք, քաղաքական տեխնոլոգիա։

– Իրենք սնում էին, իրենք վախենո՞ւմ էին։

– Իրենք սնում էին մինչև այն պահը, երբ այդ ընդդիմությունը անվտանգ էր։ Հենց սկսում էր վտանգավոր դառնալ, ամենադաժան հարվածներն էր ստանում։ Արևմտամետ ընդդիմությունը իշխանության համար երբեք վտանգավոր չի եղել, միշտ փորձել են ռուսամետ այլընտրանքը Հայաստանից վերացնել՝ «Ձեր ինչի՞ն է պետք ուրիշ ուժ, մեզնից ավելի լավ ուրիշ ուժ չի ծառայի» սկզբունքով։

– Ինչո՞ւ այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն արեց իր քաղաքագիտական վերլուծությունը, ինչո՞ւ հիմա որոշեց Համահայկական հռչակագիրը քննադատել, որին հաջորդեց բաց նամակը նախագահին, հետո էլ սրտի պարտքը առ ԲՀԿ ու ԲՀԿ-ում խառնակիչների բացահայտումը։ Առաջին նախագահը պոկե՞ց իշխանությունից ԲՀԿ-ին, և որանով չլուծե՞ց իշխանության խնդիրը՝ դաշտից դուրս մղելով երկրորդ քաղաքական ուժին։

– Կոնսպիրոլոգիայի մեջ մտնել չեմ սիրում, բայց տպավորությունս այնպիսին է, որ երեք նախագահները մի ընդհանուր համակարգի արգասիք են և երեքն էլ մի համակարգի կայունության երաշխիքներն են։ Եթե նկատեցիք՝ երեքն էլ Գագիկ Ծառուկյանի հետ վարվեցին նույն կերպ։

– Համակարգը օտարե՞ց Գագիկ Ծառուկյանին։

– Այո, որովհետև նա փորձեց այլ խաղեր խաղալ, որոնք վտանգավոր էին բոլորի համար։ Ստեղծվում էր անկառավարելի իրավիճակ։ Ավելի լավ, քան ասաց Ռոբերտ Քոչարյանը, որ իրավիճակը կարող է անկառավարելի դառնալ և բանավոր ասվածից հետո պետք է կանգ առնել, այլապես պարտվում ենք բոլորս, ոչ ոք չասաց։ Պատահական չէ, որ այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ լքեց Գագիկ Ծառուկյանին։ Երեք նախագահներն էլ տարբեր կերպ և տոնայնությամբ ասացին իրենց խոսքը, արդյունքում համակարգը մնաց առանց Գագիկ Ծառուկյանի։

– Ո՞րն է լինելու համակարգի հաջորդ քայլը, ԲՀԿ-ն կազմաքանդվելո՞ւ է, թե՞ նախագահներից յուրաքանչյուրը փորձելու է իր բաժնեմասն ունենալ բիզնես-նախագծից։

– Կարծում  եմ՝  երեքն էլ փորձելու են իրենց մասն ունենալ։  Երեքն  էլ համակարգի երաշխավոր են, և երեքն էլ փորձում են վերարտադրել իրենց իշխանությունը։ Յուրաքանչյուր նախագահ նախորդի համար երաշխավոր է եղել՝ անվտանգության, բարեկեցության, յուրաքանչյուրն ունի նաև արտաքին պարտավորություններ համակարգը պահպանելու համար։

– Գագիկ Ծառուկյանին ժամանակից շուտ չե՞նք հրաժեշտ տալիս։

– Եթե հաշվի առնենք, որ հասարակության հիշողությունը բավականին կարճ է, գուցե և այո…

Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728