Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության ղեկավարը զրուցել է թեղուտցիների հետ

Ապրիլ 03,2015 17:53

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Տավուշի մարզի Թեղուտ համայնք, որտեղ կառավարության ղեկավարի ներկայությամբ բացվել է տեղի նորակառույց մանկապարտեզը: Միջոցառմանը ներկա էին նաև Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալը, ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և այլք:

Վարչապետ Աբրահամյանը շրջել է մանկապարտեզով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին: Մանկապարտեզի կառուցմանն ուղղվել է 120 մլն դրամ: Ծրագիրը ֆինանսավորվել է Համաշխարհային բանկի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից: Անհրաժեշտ գույքով համալրված մանկապարտեզը հնարավորություն ունի ընդունելու մինչև 60 երեխա: ՀԲ տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալը ողջունել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ գյուղական բնակավայրերում նման սոցիալական ծրագրերի իրականացումը և նշել, որ ՀԲ-ն պատրաստ է հետագայում ևս օժանդակել նման ծրագրերի կյանքի կոչմանը: Իր հերթին, ՀԲ երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին նկատել է, որ նորակառույց մանկապարտեզը գտնվում է համայնքի կենտրոնում, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան:

Այնուհետև կառավարության ղեկավարը զրուցել է թեղուտցիների հետ՝ ծանոթացել գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, բնակիչներին հուզող խնդիրներին և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Վարչապետը նշել է, որ գյուղական համայնքները շարունակելու են գտնվել կառավարության ուշադրության կենտրոնում և գործադիրը հետևողականորեն անելու է ամեն ինչ՝ առկա խնդիրներին համապատասխան լուծումներ տալու համար:

Բնակիչները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ Թեղուտ այցելելու, ուսումնական հաստատությունների կառուցմանն ու հիմնանորոգմանը հետամուտ լինելու, խնդիրները լսելու համար և ուրախությամբ փաստել, որ իրենց համայնք առաջին անգամ այցելում է ՀՀ վարչապետ:

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930