Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ պատիվ է ինձ համար 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մաս լինելը». Ֆրանչեսկա Դեգո

Ապրիլ 10,2015 18:40

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլը հայտարարվել է ոգեկոչման ու հիշատակի ամիս, և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում թատրոնում մի շարք միջոցառումներ են նախատեսված:

Վաղը՝ ապրիլի 11-ին, իտալացի ճանաչված ջութակահարուհի Ֆրանչեսկա Դեգոն համերգ կունենա Թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որը նույնպես նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

«Մեծ պատիվ է ինձ համար 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մաս լինելը: Իտալական դպրոցներում մենք սովորում ենք Հայոց ցեղասպանության մասին: Ես հուսով եմ, որ այն միջազգայնորեն ավելի ճանաչելի կդառնա: Ի դեպ, մայրս հրեա է, և ես ինչ-որ չափով ծանոթ եմ այն ողբերգությանը, որ մարդիկ տեսել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ջութակահարուհին:

Տեղեկացնենք, որ համերգային երեկոյի ընթացքում կհնչեն Վոլֆ-Ֆեռարիի Ջութակի կոնցերտը և Մենդելսոնի սիմֆոնիան N 4:

«Ես անհամբեր սպասում եմ այս համերգին: Ձեր նվագախումբը շատ լավն է, և ինձ համար հաճելի է նրա հետ աշխատելը»,- նշեց Ֆրանչեսկա Դեգոն:

«Հայաստանում առաջին անգամ է հնչելու Վոլֆ-Ֆեռարիի Ջութակի կոնցերտը, որը եկող տարի Լա Սկալայի սիմֆոնիկ նվագախումբն ու Ֆրանչեսկա Դեգոն կձայնագրեն»,- տեղեկացրեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը:

Ի դեպ, Ֆրանչեսկա Դեգոն առաջին անգամ է Հայաստանում. «Մենք մոտ 20 օր առաջ Իտալիայում համատեղ համերգ ունեցանք, որի ընթացքում հասկացանք, որ հաճելի կլիներ Ֆ. Դեգոյին տեսնել նաև Հայաստանում: Մեր հանդիսատեսն արժանի է նրա նման որակյալ արտիստի ունկնդրելուն: Ես կարծում եմ, որ այս երիտասարդ արվեստագետը շատ լուրջ ապագա ունի»,- ասաց Կարեն Դուրգարյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930