Լրահոս
Օրվա լրահոսը

Իրատեսական ապագա

Մայիս 09,2015 14:00

«Հայերի անգերազանցելի, միայն շատ քիչ ժողովուրդներին հասանելի բեղունությունը…»
Ֆելիքս ֆոն Լուշան

«Ո՞րն է ամենազոր զենքը՝ պահպանակը: Նրանցում զոհվել է ավելի շատ մարդ, քան բոլոր պատերազմներում միասին վերցրած»:

Անեկդոտ

Հեռանանք ֆանտաստիկայից: Մոռանանք նաեւ մեր իրականությանն այնքան բնորոշ քաղաքականությունը կամ, ավելի ճիշտ, քաղաքականացվածությունը, եւ սկսենք խորհել, թե ինչ է սպասում մեզ ապագայում:

Եվ այսպես, թող հայտնի լինի ընթերցողին, որ հիմա ամենակարող ուժ է դարձել ժողովրդագրությունը՝ դեմոգրաֆիան: Կարճ ասած՝ երկրի բնակչության աճը: Առաջ հաղթում էր նա, ով ուժեղ էր՝ գիտությամբ, տեխնիկայով, պետական եւ ռազմական կազմակերպվածությամբ: Հիմա՝ ոչ: Ռազմական ուժով իրար ճնշելն ու ոչնչացնելը դարձել են ոչ մոդայիկ: Դեմոգրաֆիա ունես՝ տարածքներ ես զբաղեցնում, չունես՝ կորցնում ես: Մուսուլմանական երկրները, կրոնական եւ մշակութային պատճառներով, հզոր դեմոգրաֆիա ունեն՝ բազմանում են աներեւակայելի արագությամբ: Առաջ էլ էին հիանալի բազմանում, բայց հիվանդությունները, պատերազմներն ու արհավիրքները տանում էին մարդկանց եւ աճն այդպես շեշտակի չէր: Իսկ հիմա բժշկությունը զարգացել է՝ հիվանդությունները նահանջում են, պատերազմներն ու արհավիրքներն էլ ավելի քիչ զոհեր են տանում: Աշխարհի մեր հատվածում՝ Եվրոպա եւ հարակից տարածքներ, ավանդական քրիստոնյա ժողովուրդները, որոնք առաջ նույնպես քիչ թե շատ բազմանում էին, այժմ գերքաղաքակրթվել են ու կորցրել բեղունությունը՝ չեն բազմանում եւ վերջ:

Արեւմտյան Եվրոպայի շատ զարգացած երկրներ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մեծաքանակ ներգաղթյալներ բնակեցրեցին իրենց երկրներում, հաճախ իրենց նախկին գաղութներից, որոնք զբաղեցնում էին ցածր վարձատրվող աշխատատեղերը եւ օգնում երկրի առաջընթացին: Սրանց մեծամասնությունը մահմեդական էր եւ նրանց ժառանգները, հզոր դեմոգրաֆիայի շնորհիվ, արդեն վաղուց էական դեր են կատարում այդ երկրներում: Այդ հարցը սուր է դրված Ֆրանսիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, եւ սրվում է շատ այլ երկրներում: Ֆրանսիայում բնակվում է մոտ 6 միլիոն, Գերմանիայում՝ 4 միլիոն, Մեծ Բրիտանիայում՝ 3 միլիոն մուսուլման: Եվրոպական երկրներն աշխատում են այդ ուղղությամբ, նոր ծրագրեր ու մոտեցումներ են որդեգրում, բայց փաստը մնում է փաստ, ինչ ուզում ես արա: Ներգաղթյալներն աճում են ու աճում, իսկ եվրոպացիները՝ ոչ:

Ընդհանրապես, մուսուլմանները շատ ավելի կրոնամետ են, քան քրիստոնյաները եւ նրանց մեջ կրոնական ֆունդամենտալիզմն էական դեր է կատարում: Աշխարհում ամենատարածված անունն է Մուհամեդը (տարբերակային ձեւերով), նրանց կրոնի հիմնադիր մարգարեի անունից: Եվրոպայում այդ անունը նորածին երեխաների մեջ առաջատարը դարձավ սկզբից Եվրամիության մայրաքաղաք Բրյուսելում (2007), հետո՝ այլուր, օրինակ՝ Ֆրանսիայի, Հոլանդիայի, Իտալիայի որոշ քաղաքներում ու շրջաններում, ներկայումս՝ ողջ Մեծ Բրիտանիայում, իսկ Օսլոյում այն ամենահաճախ հանդիպող անունն է նաեւ մեծահասակների մեջ:

Գանք մեր տարածաշրջան: Մեր հարեւան երկրներից երեքը մահմեդական են: Ադրբեջանը եւ Թուրքիան աշխարհիկ երկրներ են, իսկ Իրանում 1979 թվականից հաստատվել է կրոնական իշխանություն, որն իր գաղափարներն է տարածում ողջ իսլամական աշխարհում: Վրաստանն ավանդական քրիստոնյա երկիր է, թեեւ այնտեղ շատ են ադրբեջանցիները (հատկապես Հայաստանին սահմանամերձ գոտում) եւ մեծ է Ադրբեջանի եւ Թուրքիայի ազդեցությունը: Ռուսաստանը նույնպես ավանդական քրիստոնյա երկիր է, բայց մեզ համեմատաբար մոտ գտնվող կովկասյան մարզերի բնիկ ժողովուրդները դավանում են իսլամ (քրիստոնյա է միայն օսերի մի մասը): Այսինքն, մենք շրջապատված ենք իսլամական բնակչությամբ:

Դեմոգրաֆիան փոխելը շատ դժվար գործ է: Այն քրիստոնյա պետությունները, որոնք ձգտում են ծնելիությունը բարձրացնել, հսկայական դժվարությունների են հանդիպում եւ սովորաբար հաջողության չեն հասնում: Մինչդեռ իսլամական երկրներում այդ հարցը չկա: Պարզ օրինակ՝ Չեչնիայում քսանհինգ տարեկանից ջահել է բնակչության կեսից շատը, Դաղստանում՝ համարյա կեսը: Եվ դա Ռուսական Դաշնությունում, ուր իսլամը չունի այն ուժը եւ հնարավորությունները, ինչ իսլամական երկրներում: Երկու տարի առաջ Իրանի կրոնական ղեկավար այաթոլլա Խամենեին որոշեց, որ պետք է ավելի արագ բազմանալ, դառնալ 150 միլիոն, եւ այդ որոշումը կամաց-կամաց փորձում են իրականացնել (հիմա 81 միլիոն են): Առանց այն էլ աբորտներն արգելված են, բայց ինչ-որ նոր ցուցումներ ու խստացումներ են լինելու: Այդ որոշումը, կարող եք կասկած չունենալ, եթե ոչ լրիվ, ապա մասամբ, կիրականացվի: Իսկ, ասենք, շատ ավելի խնդիրներ ունեցող Ռուսաստանն իր հսկայական տարածքները կարո՞ղ է լցնել ռուս բնակչությամբ: Ավա՛ղ, ոչ: Եվ պատճառը մեկն է՝ կրոնը:

Մահմեդականների թիվը Ռուսաստանում աճում է երկու ճանապարհով՝ տեղի մուսուլմանների բնական բարձր աճի եւ մշտական ներգաղթի շնորհիվ (հիմնականում՝ Միջին Ասիայից եւ Ադրբեջանից): Իսկ ռուսների քանակը նվազում է ու նվազում՝ 2002 թ. մարդահամարի տվյալներով ռուսները երկրում եղել են 115.9 միլիոն (145 միլիոնից), 2010-ին՝ 111 միլիոն (142 միլիոնից), այսինքն, ութ տարում պակասել են շուրջ հինգ միլիոնով: Տոկոսային հարաբերությամբ զարգացման դինամիկան այսպիսին է: 1989 թվականին մուսուլմանները կազմել են Ռուսաստանի բնակչության 8%-ը (12 միլիոն), 2002-ին՝ 10% (15 միլիոն), 2010-ին՝ 14% (20 միլիոն): Սրանք պաշտոնական թվեր են, իրականությունն ավելի «դառն» է ռուսների համար: Այսպես, ըստ ոչ պաշտոնական տվյալների, ներկայումս Մոսկվայում բնակվում է մոտ երկու միլիոն մուսուլման: 2020-ին երկրի մուսուլմանների թիվը, ենթադրվում է, որ կդառնա 19% (25 միլիոն), իսկ 2050-ին՝ 40%:
Թուրքիայի բնակչությունը 1923-ին եղել է 12.5 միլիոն, ներկայումս՝ 77 է: Արեւմտյան Հայաստանը եւ հարակից տարածքները բնակեցված են հիմնականում քրդերով, որոնք ավելի արագ են բազմանում, քան թուրքերը: Ըստ ոչ պաշտոնական հաշվարկի (պաշտոնականը չկա)՝ քրդերը կազմում են Թուրքիայի բնակչության մոտավորապես 18 տոկոսը (շուրջ 14 միլիոն):

Ադրբեջանի բնակչությունը ՍՍՀՄ վերջին տարիներին 7 միլիոն էր, հիմա՝ 9.5 (աճել է 35%-ով): Հայ ժողովրդի՝ Ֆելիքս ֆոն Լուշանի նկարագրած ֆանտաստիկ բեղունության դարաշրջանը ՍՍՀՄ կործանումով ավարտվեց: Մենք մոտ 3.5 միլիոն էինք, հիմա քչանում ենք ու քչանում: Թե ինչքան ենք, դժվար է ասել, իսկ ըստ վերջին մարդահամարի՝ մոտ 3 միլիոն (հաշվի առած նաեւ «ժամանակավորապես բացակայողներին»): Նկատենք, որ քչացել է նաեւ Վրաստանի բնակչությունը՝ համապատասխանաբար 5.4 եւ 4.5 միլիոն (ակնհայտորեն՝ քրիստոնյա բնակչության հաշվին): Նորից պետք է նշել, որ սրանք միայն պաշտոնական թվեր են:

Այսպիսով, ներկայումս մեզ հարեւան չորս երկրներն ընդգրկող տարածաշրջանի 172 միլիոն բնակչության մեջ Հայաստանի երեք միլիոնը կազմում է մոտ 1.75 տոկոս: Դա՝ մարդահամարի պաշտոնական տվյալներով, իսկ իրականում՝ շատ ավելի փոքր մի թիվ: Անկախ քաղաքական զարգացումներից, հետագայում մեր երկրի բնակչությունը պիտի ավելի ու ավելի փոքր մաս կազմի տարածաշրջանում: Իսկ տարածքով ու տնտեսությամբ շատ ավելի չնչին ենք:

Մեր իրականությունն այնքան է քաղաքականացած, որ մարդկանց մտավոր եւ ֆիզիկական եռանդը հիմնականում ծախսվում է քաղաքական մտորումների եւ գործողությունների վրա, եւ նույնիսկ երազանքները քաղաքական ոլորտում են: Իշխանությունները ցանկանում են շարունակել իշխել, իսկ ընդդիմությունը՝ փոխել նրանց: Առաջնային նպատակ է դրվում երկրի դեմոկրատացումը, արդար ընտրությունների անցկացումը եւ այլն: Մինչդեռ երկրի գլխավոր խնդիրը դեմոգրաֆիան է: Ի՞նչ պիտի անի մեր ապագա ղեկավարությունը, լինի լեգիտիմ, թե ոչ, բաղկացած ներկա իշխանավորների, թե նրանց անհաշտ հակառակորդների գաղափարական ժառանգներից, եթե երկրի բնակչությունը շարունակի նվազել ու նվազել:

ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դեմոգրաֆիան կարևոր է, բայց ոչ պակաս կարևոր է եղած մարդկանց արժանապատիվ կենասագոյությունը: Ծնել, սնել, կրթել ու Հայաստանից դուրս շպրտել, թե փող աշխատիր ու ուղարկիր, հիվանդության նշան է: Նախ հիվանդին բուժենք:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031