Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվում են Էրգրից հասած երաժշտական պատառիկները

Մայիս 14,2015 14:28

«Ծիրանափող» մշակութային, երիտասարդական հասարակական կազմակերպության անդամները հավաքչական աշխատանքներ են կատարել Շիրակի մարզի 20-ից ավելի համայնքներում, որտեղ բնակվում են Արևմտյան Հայաստանից գաղթած հայերի սերունդների ներկայացուցիչները: Նրանք կրում են արևմտահայության երաժշտական բացառիկ նմուշներ: Այդ մարդկանց միջոցով հավաքագրվել են հին հայկական ժողովրդական երգերը: ՀՀ նախագահի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող «Շիրակը` որպես ցեղասպանության ենթարկված արևմտահայության մշակույթի հանգրվան խորագրով ծրագրի» ընթացքում բացահայտված երաժշտական բացառիկ նմուշները հնչելու են մեր պատմական հայրենիքից գաղթած անձանց սերունդների ներկայացուցիչների կատարմամբ: Դրանք ձայնագրվել են և տարածվել համացանցում:

«Ծիրանափող» մշակութային, երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Ղարիբ Հարությունյանը տեղեկացրեց, որ բացահայտել են 40-ից ավելի երգեր և առանձնացրել ամենից քիչ հայտնի և լավագույն 10 երաժշտական նմուշները: Դրանք երաժշտագետն ու նոտայագրողը նոտայագրել են, այնուհետև ձայնագրել: Ծրագրի շրջանակներում նոտայագրված երգերը տպագրվելու են մեկ ամբողջական գրքույկում: Նախատեսվում է անցկացնել նաև գիտական սեմինար, որի ընթացքում հնչելու են մշակութային արժեքների հետ կապված զեկուցումներ:

Ծրագիրն ունի նաև ռազմավարական նշանակություն: Ղարիբ Հարությունյանը նշեց, թե խնդիր են դրել ցույց տալ, որ Էրգրից մեզ հասած, բայց դեռ անհայտ հայկական մշակութային արժեքներ կան, որոնք պետք է բացահայտել և ներկայացնել հանրությանը: Պատրաստվել են նաև երկու-երեք րոպեանոց ֆիլմեր հարցազրույցների մասնակցած անձանց մասին: Երգերը ձայնագրելու ժամանակ ծրագրի կամավորները նաև զրույցներ են ունեցել Արևմտյան Հայաստանից գաղթած անձանց սերունդների ներկայացուցիչների հետ, լսել նրանց վկայությունները: Պատմում են, թե ինչպես են իրենց նախնիները փրկվել թուրքական յաթաղանից. ի դեպ նրանցից շատերը հենց գաղթի ճանապարհին են լույս աշխարհ եկել:

Տեղեկացնենք, որ ծրագիրը կամփոփվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համերգով, որի ընթացքում տատիկ-պապիկների կատարմամբ հնչելու են հավաքչական աշխատանքների միջոցով բացահայտված երաժշտական կատարումները` Գյումրու Ժողովրդական գործիքների պետական նվագախմբի նվագակցությամբ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031