Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ գերեզմաններ «կայցելեն» վիրտուալ

Մայիս 15,2015 15:00

«Մեռելների Facebook – ա՞»,- այսպես արձագանքեց զրուցակիցս, երբ նրան հարցրի՝ ծանո՞թ է hush.am, shirim.am կայքերին, որոնք մարդկանց հնարավորություն են ընձեռում փնտրել եւ գտնել իրենց մահացած հարազատների գերեզմանները եւ վիրտուալ «այցելել» այդ գերեզմանները: Մատուցում են նաեւ ծառայություններ. գերեզմանների խնամք, ծաղիկների առաքում եւ այլն: Մեկ այլ զրուցակից էլ իմանալով նման կայքերի գոյության մասին՝ ասաց. «Մեկը կա, հլը տեսնեմ՝ մեռել ա, թե չէ»: Hush.am կայքի ստեղծող, Օքսֆորդի համալսարանի աստղաֆիզիկայի բնագավառի դոկտոր Միհրան Վարդանյանը պատմում է, որ նման կայք ստեղծելու գաղափարն առաջացել է արտասահմանում ուսանելու տարիներին, երբ հաճախ է հանդիպել հայերի, որոնք չեն կարողացել գտնել իրենց հարազատների գերեզմանները. «Ստեղծեցի մի կայք, որտեղ ներկայացված կլինի համայն հայության նախնիների մասին տեղեկատվություն: Թվայնացրել ենք մեկ միլիոնից ավելի գերեզմաններ: Կայքը պարբերաբար թարմացվելու է, նախատեսում ենք ամեն տարի նորից լուսանկարել գերեզմանները»:

Հայաստանի գերեզմաններից բացի՝ կայքում ընդգրկված են նաեւ այլ պետություններում գտնվող հայկական գերեզմանները. «Ինչպես գիտենք, հայերի հետքերը եւ ավանդը համակարգված փորձում են ջնջել տարբեր երկրներում։ Օրինակ՝ Ջուղայի գերեզմանատունը ամբողջությամբ վերացվել է, մի հետք անգամ չի մնացել, Խոջավանքի գերեզմանատանը կային 1000-ից ավելի հայեր՝ հիմնականում անվանի մարդիկ եւ քաղաքական գործիչներ, իսկ այժմ դրա տեղը մնացել է մոտ 50 տապանաքար։ Այժմ նաեւ վտանգի տակ են Սիրիայի հայկական մշակութային օջախները։ Մեր կայքի միջոցով հնարավորություն է ստեղծվում պահպանել հայերի ժառանգությունը ապագա սերունդների համար»: Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու քահանա Տեր-Գրիգորյանն այն կարծիքին է, որ նույն հաջողությամբ մարդը կարող է իր մահացած հարազատի լուսանկարը դնել համակարգչի էկրանին եւ ժամերով նայել. «Նման կայքեր այցելելու փոխարեն՝ մենք պետք է ամեն օր աղոթենք մեր ննջեցյալների հոգիների հանգստության համար»: Այս տեսակետին հակառակ՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր սպասավոր Շմավոն քահանա Ղեւոնդյանը գնահատում է կայքի ստեղծողների տիտանական աշխատանքը եւ ոչ մի բացասական կողմ չի տեսնում:

Հոգեբան Աննա Բադալյանի խոսքերով՝ այդ կայքերի ազդեցությունը կրում է երկակի բնույթ՝ բացասական եւ դրական: Բացասական է, որովհետեւ իր մեջ կրում է հուշ՝ վշտի, տառապանքի, դրականն էլ այն է, որ մարդուն պատրաստում է վերը նշված հոգեբանական խնդիրների բախմանը: Այստեղ արդեն առաջնային է դառնում այն, թե ինչպես է անհատը օգտվում կայքից. եթե հասուն ու կայացած է, ապա դա բնականոն, դինամիկ հոգեբանական ազդեցություն կունենա, հակառակ դեպքում` բացասական եւ լի ներքին տագնապներով:

Հոգեբան Սոնա Մանուսյանն անդրադառնալով կայքի մատուցած ծառայություններին՝ ասաց. «Կայքի որոշ էլեմենտներ, գաղափարներ հասկանալի են, օգտակար, քաղաքակիրթ, օրինակ՝ հեռակա կերպով խնամք պատվիրելը, որ կարող է արտերկրում ապրող մարդկանց շատ օգնել, իսկ այլ էլեմենտներ տարօրինակ են, ոչ հասուն, քաղքենի մտածողության վրա հաշվարկած, նույնիսկ զավեշտալի, օրինակ՝ ծաղկի առաքում: Ինչ վերաբերում է բուն հոգեբանական ազդեցությանը, այստեղ չափազանցված կլինի լուրջ դա քննարկել, քանի որ հարազատի կորուստը, եթե այն հոգեբանորեն տրավմատիկ է, մարդը այսպես թե այնպես ծանր է տանելու, եւ դրա մասին հիշեցնող շատ այլ բան կա իր շուրջը՝ հարազատի իրերը, նկարներ, հենց հուշերը: Հազիվ թե կայքը կարողանա ծանրացնել դա, քանի որ մարդուն ասոցացնում ես ոչ թե տապանաքարի հետ, որ տեսնես ու հուզվես, այլ կենդանի պատկերների, նկարների հետ: Կայքն այնպես չի կառուցված, որ հոգեբանական կապվածություն ստեղծի, այն չունի այդ հանգուցյալի մասին հիշեցնող այլ բան, քան շիրմի նկարը, տեխնիկական է եւ վիզուալ առումով՝ չգրավող»:

Միհրան Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե ինքն ինչպես է մեկնաբանում այդ ծառայության՝ ծաղիկների առաքման իմաստը. «Հանգուցյալի շիրմին ծաղիկների առաքումը յուրօրինակ հարգանքի տուրք է։ Որոշ երկրներում ընդունված է գերեզմանների վրա ծաղիկներ աճեցնել, սակայն, ցավոք, մեր չոր եւ շոգ կլիման դրա հնարավորությունը չի ընձեռում։ Նաեւ բացակայում է համակարգված ջրամատակարարման համակարգը»: Կայքի ստեղծողն իր խոսքում կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ այդ ծառայություններն իրականացնելու համար նրանք աշխատանքի են վերցնում այն մարդկանց, որոնք չունեն կրթություն, գործազուրկ են եւ հնարավորություն չունեն օրվա հացի գումարը այլ աշխատանքով վաստակելու:

Մեր այն հարցին, թե արդյոք կայքը չի՞ հանգեցնի նրան, որ մարդիկ գերեզմաններ «այցելեն» միայն վիրտուալ հարթակում, հոգեբան Սոնա Մանուսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ առանձնապես իրական այցելությունների վրա սա չի ազդի: Իրականությունից կտրվելու մասին մարդկանց մտավախությունները շատ առումներով չափազանցված են: Մեր կյանքի շատ ասպեկտների մեջ ավելացել է վիրտուալ էլեմենտը, օրինակ՝ մենք շփվում ենք վիրտուալ, մարդիկ երկրից երկիր խոսում են skype-ով, դա նաեւ դրական ձեռքբերում է ու ռոբոտացման հաստատ չի տանում»:

Իսկ հոգեբան Աննա Բադալյանն էլ հավելեց. «Կայքը հերթական վիրտուալ գրոհն է հույզերին ու էմոցիաներին, մարդկային հաղորդակցմանը եւ շփմանը:

ԼԻԼԻԱՆԱ ՕՍԻՊՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

14.05.2015 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031