Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտաֆիլմի հերոսները մաքուր հայերենով են խոսում, չեն ծխում և չեն խմում». ռեժիսոր

Մայիս 19,2015 18:40

Դրամատիկական և մարտի տեսարաններով հարուստ «Սպանել 15 րոպեում» ֆիլմի պրեմիերան այսօր է: Վաղվանից արդեն մարտաֆիլմերի սիրահարները կարող են այն դիտել «Մոսկվա» կինոթատրոնում:

Ֆիլմը, որի ռեժիսորը Նաիրի Հակոբյանն է, 16 տարեկանից բարձր կինոդիտողի համար է: Ռեժիսորն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այդպես են որոշել ֆիլմում տեղ գտած սպանության, արյան տեսարանների համար:

Բայց քանի որ ոչ բոլորն են հետևում տարիքային այդ սահմանափակումներին, և երեխաները նույնպես կարող են դիտել այն, ֆիլմն ստեղծողները որոշել են հնարավորինս զգույշ լինել ինչպես բառապաշարի, այնպես էլ որոշակի տեսարանների ընտրության մեջ. «Հերոսները մաքուր հայերենով են խոսում. բառապաշարն այնպիսին չէ, որ վախենանք, թե երեխաները կարող են հանկարծ կրկնօրինակել: Չկան ծխելու, խմելու տեսարաններ, որովհետև շատ կարևոր է, որ երեխաները վատ բաներ չսովորեն ֆիլմից»,- ընդգծեց Ն. Հակոբյանը:

Ռեժիսորի փոխանցմամբ՝ ֆիլմը պատմում է մեր օրերում բարու և չարի հարաբերությունների, մարդկային տառապանքի, գեղեցիկ սիրո մասին, և թե ինչպես կարող են սերն ու բարին փոխել յուրաքանչյուրի կյանքը: «Ամեն ինչ արել ենք, որ դիտողը մեկ շնչով նայի 85 րոպե տևողությամբ ֆիլմը և չձանձրանա»,- հավելեց նա:

Ֆիլմի պրոդյուսերը և գլխավոր հերոսը էդուարդ Փոռեյանն է, որը երկու կերպար է կերտել՝ բարու և չարի:

էդուարդ Փոռեյանը վստահ է, որ կինոդիտողն անպայման կզգա տարբերությունն այս ֆիլմում բեմադրված մարտի տեսարանների և հայկական նմանատիպ այլ ֆիլմերում տեղ գտած մարտի տեսարանների միջև. «Ինձ հաջողվեց կապ հաստատել հոլիվուդյան դերասան Սկոթ Ադկինսի հետ, որի կողմից էլ վերամշակվեցին «Սպանել 15 րոպեում» ֆիլմի մարտի տեսարանները: Կարծում եմ, որ պրոֆեսիոնալիզմի առումով տարբերությունն ակնհայտ կլինի»,- ասաց նա:

Ֆիլմի գլխավոր հերոսուհու դերում Շուշան Երիցյանն է: Ֆիլմը նրան գրավել է բաց տեսարանների բացակայությամբ և նրանով, որ իր դերասանական փորձառության պակասը չեն փորձել կոծկել իր արտաքին գեղեցկությամբ. «Սովորաբար, պրոֆեսիոնալ դերասանական կրթություն չունեցող գեղեցիկ աղջիկներին փորձում են ավելի բաց, ավելի գայթակղիչ կերպարներում ներկայացնել, որպեսզի արտաքինով փակեն պրոֆեսիոնալիզմի պակասը: Իմ դեպքում այդպես չեղավ. ես չունեմ դերասանական կրթություն, բայց ինձ հետ այնպիսի մարդիկ աշխատեցին, որ մենք միասին կարողացանք այդ բացը լրացնել»,- ասաց Շ. Երիցյանը՝ ավելացնելով, որ ֆիլմում մարմնավորել է բարի, հասարակ, միամիտ, անմեղ մի աղջկա, որը հենց իր այդ հատկանիշների շնորհիվ էլ կարողանում է գրավել մեծահարուստ հերոսի սիրտը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031