Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական գործիչներն աշխարհն ուղղու՞մ են, թե՞ ապականում

Մայիս 30,2015 11:10

«Քաղաքականությունը հնարավորի արվեստ է» բնորոշման հեղինակը հավանաբար  մի երկու բառ մոռացության է մատնել: Այն ավելի շուտ պետք է լիներ. «Քաղաքականությունը մարդկանց  կախման մեջ պահելու և դժբախտ դարձնելու «արվեստն է»:

Առհասարակ,  դարեր ի վեր քաղաքականությունը բիրտ ձևերով կամ օրենքի ուժով  մարդկանց կյանքը դժոխքի վերածելու բացառիկ տաղանդ ունի:

Քաղաքական գործիչները,  իբրև թե հետապնդել  են իրենց  ազգային ու պետական շահերը, մտահոգ են եղել տնտեսությունների զարգացման հեռանկարներով, սակայն իրականում  մեծ վարպետությամբ արել են բազմաթիվ  հակամարդկային բաներ: Նրանք զանազան սին գաղափարներով թունավորել  են  իրենց ժողովուրդների գիտակցությունը և  հրահրել  պատերազմներ,  զանազան  ձևերով  գրգռել  են հասարակության նյութապաշտական բնազդներն ու հավակնությունները, ստիպել նրանց մշտապես կախման մեջ լինել իրենցից: Նույն բաները նրանք շարունակում են անել նաև ժամանակակից աշխարհում արդեն տարբեր տիպի կեղտոտ կամ  նրբագեղ ձևերով: Նրանց պետք է, որ մարդն իրեն չընդունի այնպիսին, ինչպիսին կա, չսիրի, այո, հատկապես  չսիրի  իր թե արտաքինը և թե ներքինը  ու իբրև թե ձգտի կատարելագործվել, բայց դա պետք է տեղի ունենա միայն  քաղաքական գործիչների տված դեղատոմսերով:  Նույն կերպ կրոնն է մարդուն ստիպել ապրել մեղավոր լինելու գիտակցությամբ:

Դարձնելով  մարդուն այս կամ այն գաղափարախոսության հետևորդ, զուգահեռ նաև  թունդ  հայրենասեր, իր պատմությամբ, կրոնով  ու ազգային պատկանելությամբ հպարտ, շատ հպարտ  անձնավորություն, քաղաքական գործիչները իրենց ձեռքն են վերցրել այսպես կոչված, «բիզնեսի հսկիչ փաթեթը»: Իսկ թե ի՞նչու, պետք է հպարտ լինել, ոչ ոք դա չգիտի: Այդպես է պետք և վերջ:

Նրանք միայն ասում են, որ դա պետք է ազգային ինքնությունը պահելու համար: Անձամբ ես,  գիտեմ մեր ժողովրդի տխուր պատմությունը, բայց չգիտեմ, թե ի՞նչու պետք է ՀՊԱՐՏԱՆԱՄ նրանով: Ես նաև սիրում եմ մեր  անկրկնելի մշակույթը, բայց կրկին գլխի չեմ ընկնում, թե ու՞մ առջև և ի՞նչի իմաստ ունի նրանով հպարտանալը: Բոլոր մշակույթներն էլ գեղեցիկ են իրենց ձևի և բովանդակության մեջ: Նույնը նաև մեր եկեղեցու պարագայում: Օրը հիսուն անգամ թութակի պես կրկնելով, թե մենք քրիստոնյա ենք, ի՞նչ ենք դրանով ուզում ասել, ու՞մ զարմացնել, ի՞նչ ապացուցել: Իսկ մյու՞ս կրոնները, բուդդիզմը, իսլամը, կրիշնան, սուֆիզմը, կոնֆուցիզմը, և մյուսները, ի՞նչ է, վա՞տն են…

Պարզ չի, որ բոլոր կրոններն էլ հետաքրքիր են յուրովի: Չէ, պարզապես մարդուն ուղղորդելու և կառավարելու համար ճիշտ է նրան պահել հակադրությունների եզրերի վրա և իր ազգային, կրոնա-մշակութային բացառիկության  արթուն գիտակցության մեջ: Աշխարհի ներկայիս  կրոնական մղձավանջը ոչինչ մեզ չի՞ սովորեցնում:

Մարդկանց կախյալ դարձնելու գործում աշխարհի զարգացած հատվածում եթե կիրառվում են նուրբ ու թավշյա մեթոդներ, ապա հետամնաց հատվածում, բիրտ  ու գռեհիկ ձևեր: Երբ ուզում են, ինչքան ուզում են  թանկացնում են ասենք, էլեկտրաէներգիայի  ու գազի սակագները, մարդկանց ուսերին  դնում մեկը մյուսից այլանդակ հարկեր և ցինիկաբար հայտարարում, թե դա արվում է հենց ժողովրդի շահերից ելնելով: Անցել է երկու հազար տարուց ավելի, բայց մարդկությունը այդպես էլ չի ուզում հրաժարվել հռոմեական կայսրերի հայտնագործած  այն «ճշմարտությունից», որ եթե ուզում ես, որ մարդիկ չմտածեն  հացի մասին, տուր նրանց շոուներ, շքեղ շոուներ:  Ինձ միշտ էլ զարմացրել  է, թե ի՞նչ ահռելի փողեր են նետվում շոուների վրա: Դա լիովին ձեռք է տալիս հենց պոլիտիկներին: Միթե՞  նրանք կարող են  հրաժարվել այդ «մոգական թմրանյութից»:

Տրանսկոնտենենտալ կամպանիաները այսօր աշխարհում  վաճառում են  միլիարդների, տրիլիոնների  պարֆումերիա, ավտոմեքենաներ,  պերճանքի զանազան առարկաներ: Եվ ի՞նչի վրա Է հենված այս կախարդական բիզնեսը: Այո, այն պարզ գիտակցության, որ մարդը արտաքնապես թերի է, արատավոր, ուստի պարտավոր է ամեն գնով փրկել վիճակը: Ամերիկյան  կազմակերպություններից մեկի հետազոտությունների համաձայն   միայն կանայք իրենց արտաքին սեքսուալ ազդանշանները ուժեղացնելու նպատակով  ծախսում են  տարեկան մի քանի տասնյակ միլիարդ դոլար: Եթե թույլ տան, որ մարդն իրեն սիրի, ընդունի, ի՞նչ եք կարծում այդ արտադրանքը կվաճառվի՞:  Կարող է տարօրինակ թվալ նաև  այն, որ պետությունները հատուկ շահագրգռված են մարդկանց դժբախտ լինելու մեջ: Բայց փաստերը հենց դա են հաստատում: Ի՞նչ եք մտածում, եթե մարդն իրեն դժբախտ և անհույս չզգա, եթե ունենա  հոգեկան  խաղաղություն, լիարժեքություն, նա ալկոհոլային խմիչք կամ սիգարեթ կգնի՞: Աշխատանքային օրվա վերջում միլիոնավոր մարդիկ աշխարհում իրենց նետում են բարերն ու սրճարանները իբրև թե լիցքաթափվելու, որովհետև եթե ի վիճակի չես փոխել իրենց կյանքը, ապա գոնե երբեմն պետք է թմրեցնող միջոցներով  փոխեն գիտակցությունը:

Պետությունները միլիարդների շահույթ են դիզում մարդկանց առողջությունը քայքայելու հաշվին, հետո էլ թե,  «ուրիշ ինչ կերպ լցնենք բյուջեն ու ֆինանսավորենք Առողջապահությունը»: Տեսեք ինչքան և ինչպիսի լիցենզիաներ են ստանում  զանազան կազմակերպություններ, հակամարդկայի գործունեություն ծավալելու  համար: Կազինոների, հասարակաց տների, ամենատարբեր տիպի անհեթեթ ու մարդաքայքայիչ ակումբների, պոռնո գրականություն  և էլի շատ ու շատ բաների համար պետությունները սիրահոժար տրամադրում են և վարկեր և արտոնագրեր:

Ուշագրավ է նաև այն, որ տարեց տարի նվազում է ընտրություններին մասնակցող մարդկանց  թիվը: Դա, իհարկե, աշխարհի հետամնաց հատվածի  ղեկավարներին դուր է գալիս: Հասարակական ակտիվությունը վտանգավոր է, քանի որ այդ հուզումների  ալիքը կարող է գլխացավանք դառնալ նրանց համար: Սա շատ խորամանկ բան է, որովհետև սկզբում  հարկավոր է մարդկանց  ներշնչել, թե իրենք են կերտում իրենց կյանքը, բայց գործնականում այդ ճանապարհով մարդուն զրկում են  պատասխանատվությունից: Մարդիկ էլ, մտածում են, թե ըհը, հայտնվել է մեկը, ով ուզում է պատասխանատվությունը վերցնել իր ուսերին: Այս կերպ ծնվում են փուչ լիդերները:  Պատասխանատվությունը հանձնելով առաջնորդներին, այդպես էլ մարդը  չի էլ հասկանում, որ վաճառեց իր ազատությունը: Իսկ գործիչներին նախ անհրաժեշտ է հանրությանը վերածել «քաղաքացիական ամբոխի»,  ինչը որ նրանք անում են իրենց ենթակա լրատվամիջոցներով:   Կասեք, սա մեր ունեցած աշխարհը, բոլորիս քաջ հայտնի քաղաքականության իմաստն էլ հենց այս է, որ կա:

Ինչ արած, չենք վիճում,  եթե դա է մարդկության ստեղծագործական  շնորհքի սահմանը քաղաքականություն կոչվող  ոլորտում, ապա  մնում է միայն տխրել ու երազել, որ մի օր գուցե հայտնաբերվի հասարակության կյանքը կազմակերպող  և կարգավորող առավել տանելի մեխանիզմ կամ ամ գոնե քաղաքականության ներկայիս էությունը կազնվանա ու կդառնա մարդասեր:

Համենայնդեպս մինչև այս պահը անգլիացի ականավոր գործիչներից մեկի այն պնդումը, ըստ որի, « Իշխանությունը մարդուն այլասերում է, բացարձակ իշխանությունը, այլասերում է, բացարձակորեն» չի կորցրել իր արդիականությունը:  Գուցե սա վիճելի հարց է, որովհետև եղել են և այսօր էլ կան թվով ոչ քիչ գործիչներ, որոնք չեն ապականվել: Երևի բուն խնդիրը կայանում է նրանում, թե մարդու էության կամ ավելի շուտ, ենթագիտակցության մեջ  կա՞ արդյոք այլասերվելուն  նպաստող  պարարտ հող, թե՞ ոչ:

Ներկայումս քաղաքական գործիչների  ապականված ենթագիտակցությունը շարունակում է մնալ իբրև աղետ,  մարդկության գլխին:  Եվ նայելով այս հրեշավոր աշխարհին  ու մարդկությանը հազիվ թե  հնարավոր լինի  պնդել, թե վերևում Աստված կա: Թեև Արարիչն էլ կարող  է ասել, «Իմ մեղքը ո՞րն է, ես ձեզ բանականություն եմ տվել, իսկ դուք ընտրել եք ապրելու ամենավատ  տարբերակը»: Հետևությունը մեկն է. հոգևոր մարդը ու ըմբոստ էակ է, հետևաբար, վտանգավոր, որովհետև նա իր  ներսում ազատ է, լեցուն սիրով ու կարեկցանքով այլոց հանդեպ և հեշտությամբ չի տրվում գովազդի և քաղաքական տարբեր մանիպուլյացիաներին:

Այն օրը, երբ աշխարհում կավելանա  ազատ մարդկանց թիվը, և չեն լինի ամբոխներ, այլ  խորը գիտակցություն ունեցող անհատականություններ,  հենց այդ օրվանից Աստված կրկին կանցնի իր «պարտականությունների կատարմանը»:

Մանվել Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031