Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Սա հոգեբանական ճնշման նշանակություն ունի»

Հունիս 23,2015 15:09

Aravot.am-ի հետ զրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ իրենք ահազանգեր են ստացել մի շարք ոստիկանական բաժանմունքների հետ կապված, ուստի իրենց իրավապաշտպանները`Անահիտ Չիլինգարյանն ու Արթուր Հարությունյանը, մեկնում են ահազանգերի հետքերով:

Պարոն Սաքունցը փոխանցեց, թե այն, ինչ տեղի ունեցավ այսօր լուսադեմին` Բաղրամյան փողոցում, երբ ոստիկանությունը ցրեց «Ոչ թալանին» նախաձեռնության խաղաղ ցույցը, սպասելի էր. «Պարզ էր, որ Սերժ Սարգսյանն այդքան չէր կարող մարդասիրական մոտեցում ցուցաբերել իր երկրի քաղաքացիների նկատմամբ, բայց նմա՞ն դաժանությամբ: Խնդիրը ոչ միայն գործողության դաժանությունն էր, մի խումբ մարդկանց նկատմամբ նման մեծ ոստիկանության ուժեր են կենտրոնացնում, այլ մարդկանց առևանգելը, այդ ձևը»:

Պարոն Սաքունցի կարծիքով` նման կերպով խաղաղ նստացույցը ցրելու նպատակը նաև հոգեբանական ճնշում իրականացնել է: Նա նկատեց. «Եթե կասեցնելու էին, կամ չէին թույլատրվելու, կարող էին Ազատության հրապարակում կասեցնել: Մի շարք զուգահեռներ եմ տեսնում Շանթի դեպքերի հետ կապված: Նրանք էլ էին նստացույց անում օրեր շարունակ, ոչ ոք ոչինչ չէր անում, բայց սպասեցին մի քանի օր, հետո պրովոկացիա արեցին: Բայց սա խաղաղ նստացույց էր, իրենք կարող էին հատ առ հատ մարդկանց վերցնել ու տանել, բայց իրենք դա արեցին ցուցադրական»:

Արթուր Սաքունցի կարծիքով` ոստիկանության վարքագիծը շատ ավելի սադիստական է դարձել. «Սա հոգեբանական ճնշման նշանակություն ունի, վարքագիծը շատ ավելի սադիստական է դարձել: Առաջին հայացքից ժողովրդավարական էր, Օսիպյանը հորդորում էր, փիլիսոփայական զրույցներ տանում, հետո կտրուկ իրավիճակ ստեղծվեց, բայց հետո 180 աստիճանով այլ իրավիճակ ստեղծվեց»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930