Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյան. «Անհասկանալի է, թե ինչու է Քրիստինե Խանումյանը պատասխանատվության ենթարկվում»

Հուլիս 14,2015 17:45

iLur.am կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանին մեղադրանք է առաջադրվել՝ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածի 2-րդ մասով՝ «Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելը»:

Հիշեցնենք՝ «Հրապարակ» օրաթերթը եւ iLur.am կայքը տեղեկություն էին հրապարակել, որ 2014 թվականի մայիսի 7-ին Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանն անսթափ վիճակում զենքով սպառնացել է Արթուր եւ Ռաֆայել Ալեքսանյան եղբայրներին եւ ատրճանակի կոթով հարվածել է Ռաֆայել Ալեքսանյանին: Դատախազության պահանջով հարուցվել է քրեական գործ, եւ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել պարտավորեցնել iLur.am-ին եւ «Հրապարակ» օրաթերթին՝ բացահայտել տեղեկատվության աղբյուրը: 2014 թվականի սեպտեմբերի 22-ին դատարանը մերժել է լրատվամիջոցների վերաքննիչ բողոքը:

Ashot-Meliqyan

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը Aravot.am-ի հետ զրուցում ընդգծեց, որ երկու լրատվամիջոցները պատշաճ հղումներ են կատարել. «Տվյալ պարագայում պարտադրել, որ լրատվամիջոցները բացահայտեն իրենց աղբյուրը, ուղղակի անիմաստ էր, նամանավանդ, որ դա հակասում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքին, մանավանդ, որ խոսքը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չէ, եւ փորձ է կատարվել այդ գործն այդպես ձեւակերպել: Մեծ հաշվով՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի շատ դրույթներ խախտելով է, որը ե՛ւ Հատուկ քննչական ծառայությունը, ե՛ւ իրավական համակարգի մյուս մարմինները փորձում էին աղբյուրը բացահայտել: Ես համարում եմ, որ իրավական համակարգը այսպես փորձում է ապացուցել լրատվամիջոցներին, որ ցանկացած պարագայում իրենք կարող են կորզել տեղեկատվության աղբյուրը: Միջազգային նորմեր գոյություն ունեն եւ մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ արդեն իսկ իրենց տեսակետն արտահայտել են, որ առանց գաղտնի աղբյուրների լրագրությունը չի կարող գոյություն ունենալ, հատկապես՝ հետաքննող լրագրությունը»:

Աշոտ Մելիքյանը համարում է, որ, այսպիսով`իրավական համակարգը խաղում է Հայաստանի միջազգային վարկանիշի հետ. «Կարծում եմ՝ ժամանակն է հասկանալ, որ խոսքի ազատությունը եւ լրատվամիջոցների ազատ գործունեությունը շատ ավելի բարձր արժեքներ են, քան այդ սկզբունքները, որոնք որ առաջ են քաշում մի շարք պետական մարմինները, այն է՝ ՀՀ դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունը, հիմա էլ Քննչական կոմիտեն է, չեմ խոսում ոստիկանության գործողությունների մասին: Այնպես, որ պետք է վերջ տալ այս ամենին եւ համակերպվել նրա հետ, որ խոսքի ազատության բաղկացուցիչ մասն է կազմում նաեւ լրատվամիջոցի իրավունքը աղբյուրը չբացահայտել եւ բացահայտել միայն այն պարագայում, երբ դա համապատասխանում է օրենքին»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ iLur.am-ի խմբագիրն է մեղադրյալ ճանաչվել, Աշոտ Մելիքյանն ասաց, որ այս պարագայում պետք է գործ ունենային իրավաբանական անձի հետ. «Անհասկանալի է, թե ինչու է Քրիստինե Խանումյանը պատասխանատվության ենթարկվում կամ համենայն դեպս, փորձ է կատարվում նրան պատասխանատվության ենթարկել: Տեղյակ չեմ, թե ով է հեղինակը, բայց կարծում եմ՝ ամեն դեպքում այս ամբողջ գործընթացը խոսում է նրա մասին, որ փորձ է կատարվում ճնշում գործադրել լրատվամիջոցների վրա, այդ առումով՝ լրատվամիջոցները ինքները պետք է համախմբվեն, այդ խնդիրը ուշադրության կենտրոնում պահեն, պաշտպանեն իրենց իրավունքները եւ ի վերջո ապացուցեն ե՛ւ իրավական համակարգին, ե՛ւ իրենց, որ կարող են իրենց իրավունքները պաշտպանել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Քրիստինե Խանումյանի եւ Աշոտ Մելիքյանի լուսանկարները՝ նրանց ֆեյսբուքյան էջերից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031