Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիա Դիվանյանն իր 25-ամյա բեմական ստեղծագործական հոբելյանը կտոնի հաջորդ տարի

Հուլիս 17,2015 12:30

Վերջին ամսում Ազգային օպերային թատրոնի բեմում հայտնվեցին միանգամից երեք ժամանակակից բալետային ներկայացումներ՝ Ռուդոլֆ Խառատյանի խորեոգրաֆիայով «Զույգ արեգակները», Շվեդիայի թագավորական օպերային թատրոնի մենապարող եւ խորեոգրաֆ Արսեն Մեհրաբյանի «Արշիլ Գորկին» եւ երիտասարդ բեմադրիչ Ռիմա Պիպոյանի «Մեղապարտ կրքերը»: Վերջին երկու իսկապես բարձրարվեստ ներկայացումներում փայլեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մարիա Դիվանյանը:

«Արշիլ Գորկի» ներկայացման մեջ համոզիչ էր նրա մարմնավորած հայ կնոջ՝ մոր կերպարը («Առավոտն» անդրադարձել է այս բեմադրությանը): «Մեղապարտ կրքերում» 18-րդ դարի ռուսական արքունիքի ամենախորհրդավոր անձնավորություններից մեկի՝ իշխանուհի Տարականովայի շուրջ ծավալված բուռն «կրքերին»՝ սեր, պալատական խարդավանքներ, մատնություն, բանտարկություն, հարցաքննություններ, հետապնդումներ, դավաճանություն, սպանություններ ու անդիմադրելի սեր պարունակող դերապարում դարձյալ իր բարձրության վրա էր Մարիա Դիվանյանը:

balet-2

Լիբրետոյի հեղինակն ու բեմադրիչը՝ Ռիմա Պիպոյանը, Բեթհովենի 2-րդ, 3-րդ, 5-րդ եւ 7-րդ սիմֆոնիաների 2-րդ մասերի երաժշտությամբ պարային բեմական գործողությունների խորը դրամատիզմով վերարտադրել էր հերոսուհու ապրումները: Նշենք, որ սա բեմադրիչի առաջին ծավալուն աշխատանքն է Ազգային օպերային թատրոնում: Կոմս Ալեքսեյ Օռլովի դերապարով հանդես եկող Գրիգոր Գրիգորյանն էլ ներկայացրեց այն իրարամերժ ապրումները, որ տածում է հմայիչ ու քմայքոտ իշխանուհու նկատմամբ՝ անձնական նվիրված սիրուց հասնելով մինչեւ իր իսկ սիրած էակին մատնելու, բանտարկելու, սպանելու, ապա խելակորույս շփոթմունքի խելագարության: Գրեթե փայլուն դերապարերով հանդես եկան քահանայի եւ քննիչի կերպարները մարմնավորող Կարեն Խաչատրյանն ու Դավիթ Գրիգորյանը, ովքեր միանձնուհու դերակատար՝ Մարիա Աղաբաբովայի եւ ստեղծագործական ողջ կազմի հետ միասին արժանացան հանդիսականի բուռն ծափողջույններին:

balet

«Առավոտը» «Մեղապարտ կրքեր» ներկայացման պրեմիերային շտապել էր նաեւ մեկ հանգամանքով եւս՝ մեզ հասած տեղեկություններով, այդ բեմադրությամբ նշվում էր Մարիա Դիվանյանի բեմական ստեղծագործական գործունեության 25-ամյակը, ինչը մեզ հետ զրույցում պարուհին հերքեց: Ժպտալով միայն ասաց, թե մեկ տարի առաջ ենք շտապում տոնելու իր հոբելյանը:

Բալետի արտիստի բեմական 25-ամյակը լուրջ ժամանակահատված է: Այս ընթացքում մենապարուհուն հանդիպել ենք խիստ տիրուհի Միրտայի կերպարում (Ադան՝ «Ժիզել»), կրքոտ Կարմեն պարելիս (Բիզե-Շչեդրին՝ «Կարմեն» սյուիտ), հանդիպել ենք նրա մարմնավորած դարձյալ կրքոտ Կիտրիին, փողոցային պարուհուն ու հավերժահարսին (Մինկուս՝ «Դոն Կիխոտ»), քնքուշ Դեզդեմոնային եւ դավադիր Էմիլիային (Պյորսելի «Օթելլո» կամ Մավրի Պավանա), հայուհուն բնորոշ հատկանիշներով Գայանեին (Խաչատրյան՝ «Գայանե»), անդրդվելի մորը (Պրոկոֆեւ՝ «Ռոմեո եւ Ջուլիետ») եւ այլ գլխավոր մենապարերում:

balet-4

Մարիա Դիվանյանը գործունեության ընթացքում աշխատել է գրեթե բոլոր անվանի խորեոգրաֆների հետ, այդ թվում՝ Մաքսիմ Մարտիրոսյանի, Վիլեն Գալստյանի, Հովհաննես Դիվանյանի, Արմեն Գրիգորյանի, Ռուդոլֆ Խառատյանի, ինչպես նաեւ՝ Յուրի Գրիգորովիչի հետ: Ազգային օպերային թատրոնում մինչ օրս էլ վաստակաշատ արտիստը համակ ուշադրությամբ հետեւում է փորձավարների՝ Լյուդմիլա Սեմանովայի, Իրինա Ուշակովայի, Էլվիրա Մնացականյանի, Նադեժդա Դավթյանի, Ելենա Պավլիդիի խորհուրդներին: Թատրոնի բալետային խմբի հետ Մարիա Դիվանյանը հանդես է եկել ռուս, ֆրանսիացի, իսպանացի, ամերիկացի, եգիպտացի հանդիսատեսի առջեւ:
Ճանաչված պարուհու ծնողները հայկական բալետային արվեստի երախտավորներ Ելենա Պավլիդին եւ Հովհաննես Դիվանյանն են, իսկ ամուսինը՝ երիտասարդ ռեժիսոր Դավիթ Հարությունյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031