Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանը Վենետիկի հանձնաժողովին պատմեց, թե ինչ են արել Ծառուկյանի հետ

Օգոստոս 25,2015 11:06

ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում Վենետիկի հանձնաժողովի անդամներն ու ԱԺ խմբակցությունների ու արտախորհրդարանական ուժերի, ՀԿ-ների ներկայացուցիչներն այս պահին քննարկում են Սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Վենետիկի հանձնաժողովի անդամ, Ավստրիայի ներկայացուցիչ Կրիստոֆ Գրաբենվարտերը նշեց, որ Սահմանադրության փոփոխության գործընթացում քննարկել են հայկական կողմի հետ հանձնաժողովի նախնական տեսակետը. «Այս աշխատանքը կրում է խորհրդատվական բնույթ, քանի որ սա առաջին հերթին ձեր ընտրությունն է` ընդունել կամ չընդունել այս Սահմանադրությունը»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Մենք հանդիսանում ենք սահմանադրական բարեփոխումների ամենամեծ քննադատն ու ընդդիմախոսը, որովհետեւ մենք գիտենք, թե ինչ նպատակ են հետապնդում այս բարեփոխումները: Ուզում են շրջանցել Սերժ Սարգսյանի համար երրորդ անգամ վերընտրվելու արգելքը եւ հենց դա է պատճառը, որ նա ու իր թիմակիցները ձգտում են անցկացնել այս փոփոխությունները: Դուք շատ լավ հասկանում եք եւ ընդգծում եք, որ Սահմանադրությունը քաղաքական ուժերի ու հանրության միջեւ համաձայնության ձեւ է, իսկ այն այսօր գոյություն չունի:

Եվ իսկապես՝ կառավարման ձեւը խաղի խիստ կանոններ են, որոնք չպետք է փոխվեն, կամ եթե փոխվում են՝ դրան պետք է համաձայն լինեն երկրի քաղաքական ուժերը: Իսկ այսպես ստացվում է, որ խաղի այդ կանոնները փոխվում են իշխանության համար պայքարում առավելություններ ձեռք բերելու նպատակով:

Մեր երկրում ընտրությունները կեղծվում են զանգվածային եւ վերարտադրման դեմ մնացած միակ երաշխիքը ժողովրդավարության համար սահմանադրական այս արգելքն էր, որ արգելում էր երրորդ անգամ վերընտրվել: Իսկ հիմա ուզում են վերացնել նաեւ դա:

Վենետիկի հանձնաժողովը իրականում գիտի սա, գիտակցո՞ւմ է դա, քանի որ իմ կարծիքով դուք բաց եք թողել ամենակարևոր գործառույթներից մեկը` վարչապետի նշանակումը: Պառլամենտական հանրապետությունում վարչապետի թեկնածությունն առաջադրվում է միապետի կողմից, եթե դա սահմանադրական միապետություն է, իսկ մյուս դեպքերում կամ նախագահի կամ խորհրդարանի կողմից: Սա առաջին դեպքն է, երբ վարչապետին կառաջադրի Աժ նախագահը:  Սա բացառիկ լիազորություններ է տալիս ԱԺ նախագահին, ինչի մասին դուք չեք խոսել: Սա պատահական չէ արված, իրականում ԱԺ նախագահը ստանում է մեծ լծակներ, լուրջ կշիռ: Այնպես որ հիմնական նպատակը նա է, որ Սերժ Սարգսյանը պահպանի իր իշխանությունը, որպես ԱԺ նախագահ եւ իշխող կուսակցության ղեկավար: Հիմա կառավարման ձեւի փոփոխությունը, ըստ ձեզ կարո՞ղ է արվել այնպիսի եղանակով,որպեսզի այն ծառայի իշխող կուսակցության նպատակներին»:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ սովորաբար նման դեպքերում գիտի, թե ինչ է պատասխանում Վենետիկի հանձնաժողովը. «Դուք կասեք, որ կառավարման ձեւը տվյալ երկրի ընտրությամբ է որոշվում, բայց այդ ամենը չպետք է ծառայի գործող նախագահին: Այս փոփոխությունն ամրապնդելու է գործող կամ ապագա իշխանության դիրքերը, չկա քաղաքական կոնսենսուս: Մեր հասարակությունում չկա քաղաքական համաձայնություն: Երբ հակադրվեցին քաղաքական ուժերը՝ գնաց ահաբեկչություն, որի արդյունքում ԲՀԿ ղեկավարը երկրի նախագահից լսեց հետեւյալ հայտարարությունը, որ ՀՀ քաղաքական կյանքը կրկես չէ, պետք է դադարեք զբաղվել քաղաքականությամբ: Արդյունքում Գագիկ Ծառուկյանը լքեց քաղաքականությունը եւ որպես հետեւանք քաղաքական տեռորի, լուծարվեց Սահմանադրական բարեփոխումների շուրջ ընդդիմացող ուժերը»:

Վենետիկի հանձնաժողովի անդամը, ի պատասխան՝ ասաց. «Քաղաքական կոնսենսուսի ձեւավորումը մեր գործը չէ: Ձեր հայտարարությունը շատ հետաքրքիր է, բայց մենք չենք կարող պատասխանել դրան: Ես եւ իմ գործընկերները չունենք փաստական տվյալներ ձեր գնահատականի վերաբերյալ, ոչ էլ ունենք մասնագիտական կարողություններ՝ դա անելու համար Մենք այն երկրում չենք, որ գնահատենք կոնսենսուսի առկայությունը, չունենք այն գիտելիքները, որ գնահատենք դա:: Ամեն դեպքում ձեր բարձրացրած կարծիքը հաշվի կառնվի: Մենք ծանոթ ենք Սահմանադրության նախագծին եւ 148 հոդվածը մանրակրկտորեն ուսումնասիրել ենք, նաեւ երեկ ենք քննարկել այդ հոդվածը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31