Համաշխարհային շուկայում նավթամթերքի գների աճին զուգահեռ` Հայաստանի պաշտոնյաները հայտարարություններ են անում, թե Ադրբեջանից ներմուծումների շնորհիվ Հայաստանում ճգնաժամ չկա։ Այնինչ, նավթամթերքի համաշխարհային շուկայում ճգնաժամ է, որը կարող է երկարել եւ, ըստ մասնագետների, մեծապես կախված է լինելու Հորմուզի նեղուցի շուրջ առկա իրավիճակով։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հայտարարել էր, թե Հայաստան ներկրվող ադրբեջանական բենզինի շնորհիվ ներքին շուկայում գները նվազել են։ Ամիսներ առաջ Պապոյանն ասել էր, թե բենզինի գինը մոտ 90 դրամով նվազել է՝ դառնալով 430 դրամ։ Այնինչ, այսօր «պրեմիում» տեսակի բենզինի մեկ լիտրը Հայաստանում վաճառվում է 550 դրամով, իսկ «ռեգուլյար» տեսակը՝ 520 դրամով։
Տնտեսագետ Աղասի Թավադյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց, որ նույնիսկ ադրբեջանական բենզին կոչվածը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից, սակայն ավելի քիչ ծախսատար ճանապարհով է գալիս, քանի որ շրջանցում է Լարսի անցակետը։ Իսկ Վրաստանում, որտեղ ադրբեջանական դրոշն է տեղադրված բազմաթիվ բենզալցակայաններում, նույնպես հիմնականում օգտագործում են ռուսական բենզինը, քանի որ Վրաստան մտնող բենզինի մոտավորապես 80 տոկոսը գալիս է հենց ՌԴ-ից։
«Այսինքն՝ այստեղ պետք է հասկանալ, որ մեր շուկան կախված է համաշխարհային շուկաների գներից։ Նավթի գների հետ կապված միջազգային շուկաներում կատարվող համաշխարհային փոփոխությունները երեքից վեց ամսվա լագով հասնում են Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն՝ այն բենզինը, որն այս պահին հասել է Հայաստանի Հանրապետություն ու վաճառվում է այս գնով, դա 3-6 ամիս առաջ գնված նավթամթերքի արտացոլումն է ՀՀ շուկայում։ Իսկ այդ ժամանակահատվածում Հորմուզի նեղուցը փակվեց, եւ նավթի համաշխարհային գները, հատկապես ռուսական Urals նավթի գինը բավականին բարձրացավ։ Այսինքն՝ կարելի է ակնկալել, որ սա դեռ սկիզբն է, եւ գների բարձրացումը դեռ կարող է շարունակվել»,- նշեց տնտեսագետը։
Կարդացեք նաև
Աղասի Թավադյանի խոսքով՝ նավթամթերքի շուկայում ճգնաժամը կախված է լինելու Հորմուզի նեղուցի անցանելիությունից, որն ամենայն հավանականությամբ փակ է մնալու մոտակա ժամանակահատվածում։ Այս կոնֆլիկտը կարող է տարիներ շարունակվել։ Օրինակ՝ երբ 2003 թվականին Իրաքի պատերազմը սկսվեց, շարունակվեց մինչեւ 2011 թվականը, այսինքն՝ 8 տարի։ Եվ այնտեղ էլ հիմնական խնդիրը նավթի հետ էր կապված, ասում է տնտեսագետը։
«Այս պահին էլ Հորմուզի նեղուցը փակ է, որովհետեւ ԱՄՆ-Իրան փոխըմբռնման 60-օրյա հուշագիրը 15 օր էլ չտեւեց։ Այս փոխըմբռնման հուշագիրը կնքվեց, որովհետեւ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ մոտավորապես 4-6 շաբաթ է մնացել ԱՄՆ ռազմավարական ռեզերվների սպառմանը։ Այսինքն՝ իրավիճակն ամբողջ աշխարհում դեռեւս կարող է վատթարանալ՝ պայմանավորված նրանով, որ նավթամթերքի համաշխարհային ծավալների մոտ 20 տոկոսը դուրս է գալիս Հորմուզի նեղուցից։ Նշեմ, որ Հայաստանում իրավիճակը համեմատաբար ավելի լավ է, քան այն պետություններում, որտեղ նավթամթերքի գինը 50 եւ ավելի տոկոսով աճ է արձանագրել։ Օրինակ՝ Ավստրալիայում, Հնդկաստանում, ինչպես նաեւ Եվրոպայում նավթամթերքի գները զգալի աճել են։ Մեզ մոտ իրավիճակը զգալի լավ է, որովհետեւ նավթամթերքը գալիս է ոչ թե ծովային, այլ ցամաքային ճանապարհով, հիմնականում ՌԴ-ից»,- հավելեց նա։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիեւի այն հայտարարությանը, թե «Ադրբեջանը կարող է լինել Հայաստանի վառելիքի գլխավոր մատակարարը»՝ Աղասի Թավադյանն ասաց․ «Դա այս պահին քաղաքական հայտարարություն է։ Իհարկե, Հայաստանը պետք է թափով դիվերսիֆիկացնի իր էներգակիրները, Հայաստանը տնտեսական անվտանգության տեսանկյունից պետք է հասկանա, որ էներգակիրների մատակարարումը հանդիսանում է նաեւ փափուկ ուժի ազդեցության հենակետ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































