Ստամբուլի 11-րդ ծանր հանցագործությունների դատարանը, քննելով «Սումուդ նավատորմի» (Sumud Filosu) գործը, որոշում է կայացրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ Ինտերպոլի գծով միջազգային հետախուզում (կարմիր բյուլետեն) հայտարարել։
Դատական գործի շրջանակներում Նեթանյահուին և մյուս ամբաստանյալներին առաջադրվել են միջազգային իրավունքի և Թուրքիայի քրեական օրենսգրքի մի շարք ծանր հոդվածներով նախատեսված մեղադրանքներ, այդ թվում՝ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ և ցեղասպանություն իրականացնելու, դիտավորյալ գույք ոչնչացնելու կամ վնասելու, կողոպուտ կատարելու (առանձնապես խոշոր չափերով), դիտավորությամբ մարմնական վնասվածքներ հասցնելու, տրանսպորտային միջոցների տեղաշարժը խոչընդոտելու, մարդկանց առևանգելու կամ ապօրինի կերպով ազատությունից զրկելու հատկանիշներով։
Ստամբուլի դատարանի կողմից ընդունված այս միջանկյալ որոշումն ուղղված է դատական գործընթացին Նեթանյահուի մասնակցությունն ապահովելուն։ Դատական վարույթը Ստամբուլի 11-րդ ծանր հանցագործությունների դատարանում ներկայումս ընթացքի մեջ է:


















































