Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Միրիբյանը, մանկապարտեզի մանկավարժական կազմի և ծնողական համայնքի կողմից իր դեմ անցկացված բողոքի ցույցից հետո, զրպարտության և արժանապատվությունը վիրավորելու հայցեր է ներկայացրել Քաղաքացիական դատարան՝ ընդդեմ մանկապարտեզի երկու ծնողի և մեկ (արդեն նախկին) դաստիարակի։
Միրիբյանը պահանջում է դատարանից պարտավորեցնել պատասխանող Ն. Ա.-ին (ծնող) դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից՝ լրատվամիջոցներից մեկի միջոցով հրապարակված հայտարարություններով իրեն վիրավորելու համար, ներողության տեքստը հրապարակային ելույթով հնչեցնել բոլորին հասանելի եղանակով և հօգուտ իրեն բռնագանձել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես իր պատվին և արժանապատվությանը վիրավորանք հասցնելու համար դրամական փոխհատուցում։
Մանկապարտեզի երկրորդ ծնողի հայտարարություններից վիրավորված տնօրենը, երկրորդ ծնողի՝ Լ. Թ.-ի մասով, կրկին պահանջում է ներողություն, հերքում այս հայտարարությունների համար. «Ինչ որ փակուղու առաջ է կանգնեցնում աշխատակիցներին, անվայել արտահայտություններ է հնչեցնում նրանց հասցեին, որոնք չի կարող ասել քանի որ եթերային չեն, ներառական կրթության մասնագետները աշխատանքի չեն գալիս, տանից նստած ստանում են աշխատավարձ և այստեղ գործում է ծանոթ բարեկամ տարբերակը» և հօգուտ իրեն բռնագանձել ընդհանուր 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում, որից 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը՝ զրպարտության, իսկ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը՝ վիրավորանքի համար։
Մյուս պատասխանողի՝ Լ. Մ.-ի (դաստիարակ) մասով Միրիբյանը պահանջում է պարտավորեցնել դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հրապարակայնորեն, բոլորին հասանելի եղանակով, հերքել իր վերաբերյալ լրատվամիջոցներից մեկի միջոցով հրապարակված հայտարարություններով ներկայացված և զրպարտություն հանդիսացող հետևյալ փաստացի տվյալները. «Աշխատակիցներին ասել է, որ իրենց անգամ մորգում օրգան թափող չեն ընդունի, ամեն օր ասում է, որ հներից պետք է ազատվել, իրենց հաճախ ցույց է տալիս սպիտակ թղթերի տեղը և ասում՝ դիմում գրեք և հեռացեք, խոհանոցի աշխատակցին ասում է՝ լափ եփող, իր պատճառով բազմաթիվ աշխատակիցներ դուրս են եկել աշխատանքից»։
Կարդացեք նաև
Հերքումից բացի, Միրիբյանը պահանջում է դաստիարակից հօգուտ իրեն բռնագանձել ընդհանուր 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես զրպարտությամբ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում։
Ի դեպ, դաստիարակ Լ. Մ.-ն մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք էլ հակընդդեմ հայց էին ներկայացրել Միրիբյանի նկատմամբ՝ պահանջելով, որ վերջինս իր այդ խոսքերի համար ներողություն խնդրի և փոխհատուցի արժանապատվությանը պատճառված վնասը, սակայն վաղեմության ժամկետի հիմքով հայցը չի ընդունվել։
Ի դեպ, դեռևս ցույցերի ընթացքում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը, որը խորհրդարանական ընտրություններից հետո տեղափոխվեց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնին, Aravot.am-ին վստահեցրել էր, որ մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Միրիբյանը երկու օրվա ընթացքում ազատման դիմում կգրի և կհեռանա։ Սակայն մանկապարտեզի աշխատակիցների տեղեկություններով՝ տնօրենը ոչ թե ազատման դիմում է գրել, այլ արձակուրդի դիմում, և այդ դեպքերից հետո մինչ այժմ գտնվում է արձակուրդում։
Այս տեղեկության վերաբերյալ դիմեցինք Երևանի քաղաքապետարան, սակայն մինչ այս պահը որևէ պարզաբանում չեն տվել։
Թիվ 94 մանկապարտեզի նախկին դաստիարակ Լ. Մ.-ից հետաքրքրվեցինք՝ մտահոգություն չունի՞, որ վերադաս մարմինը ժամանակ է տվել Փառանձեմ Միրիբյանին՝ արձակուրդ ուղարկելով, և վերջինս դատարանում հաղթելու, իր անմեղությունը փաստելու դեպքում կվերադառնա աշխատանքի։ Ի պատասխան՝ նա ասաց. «Չեմ կարող ասել, թե ինչ են մտածել ու ինչ էին ծրագրել, բայց եթե պետք է գտնեն, որ հետ պետք է գա, ու մեր դատավորը արդար չլինի, չլսի ու չտեսնի, ու դատը լինի իր օգտին, էլ ինչ ասեմ, ոչինչ չունեմ ասելու»։
Հուլիսի 21-ին այս գործով նշանակված է նախնական դատական նիստ։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

















































