Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր, «Մոլիերի» և «Սեզարի» դափնեկիր Սիմոն Աբգարյանը 23-րդ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերի թվում է։ Կինոփառատոնի շրջանակում կկայանա ռեժիսոր Անտոնեն Բոդրիի՝ Կաննի կինոփառատոնում ներկայացված «Դը Գոլի մարտը» ֆիլմի երևանյան պրեմիերան, որտեղ Ֆրանսիայի ազգային հերոս գեներալ Շառլ դը Գոլի կերպարը մարմնավորում է Սիմոն Աբգարյանը։
ՀԲԸՄ երևանյան գրասենյակում կայացած հանդիպման ժամանակ, որը վարում էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, Սիմոն Աբգարյանը խոսեց Դը Գոլի կերպարը կերտելու, դերասանական իր կարիերայի, ազգային ինքնության մասին։ Կարեն Ավետիսյանը հիշեցրեց, որ ժամանակին Սիմոն Աբգարյանը մարմնավորել էր նաև Միսաք Մանուշյանին՝ Ռոբեր Գեդիգյանի ֆիլմում։
Խոսելով Ֆրանսիայի ինքնության ճգնաժամի և արվեստագետների տեսիլքի մասին՝ Սիմոն Աբգարյանը նշեց. «Ֆրանսիան երկար տարիներ ապրել է հանգիստ կյանքով, այսինքն՝ համաշխարհային երկրորդ պատերազմից հետո ապրել է խաղաղության մեջ։ Եվ այդ հանգստությունը բերում է մի տեսակ մոռացության։ Երբ հանգիստ ես ապրում, երբ հարևաններիդ հետ սահմանների խնդիր չունես, սկսում ես մոռանալ… Ու հիմա, օրինակ, ծայրահեղ աջակողմյաններն ասում են՝ պետք է սիրես Ֆրանսիան, պետք է ճանաչես քո ինքնությունը, մենք քրիստոնյա ենք, մենք սպիտակ ժողովուրդ ենք և այլն։ Պատահական չէ, որ հիմա այս ամենը կատարվում է… Ես մի տեսակ ռոմանտիկ հավատ ունեմ արվեստագետների հանդեպ. նրանց տեսիլքն ավելի հեռուն է գնում, նրանք կարողանում են կանխատեսել, թե ինչ է լինելու… Կան բազմաթիվ ֆիլմեր, որոնցով մարդիկ հետ են գրավում իրենց պատմությունը կամ իրենց երևակայական տարածքը»։
Կարդացեք նաև
Նա կարևորեց, իր խոսքով, սեփական պատմությունը մեր նարատիվով պատմելը. «Այսօր ինձ համար ամենակարևոր թեման երևակայական տարածքն է, որը մենք՝ հայ ժողովուրդը, հայ արվեստագետները, պետք է գրավենք, պետք է մեր պատմությունը պատմենք մեր սեփական նարատիվով, մեր տեսակետով։ Եվ խոսքը միայն 1915 թվականի մասին չէ։ Այսօր Հայաստանի ու Սփյուռքի մասին պատմելու նյութերը բազմաթիվ են։ Արդեն հստակ է, որ հարուստ ժողովուրդ ենք, մենք կարծես գանձի վրա ենք նստած… Սրանով չեմ ուզում ասել, թե մյուս ժողովուրդներից լավն ենք, ո՛չ։ Բայց մենք ունենք պատմություն, բանաստեղծություն, գրականություն, երաժշտություն և, ամենակարևորը, տաղանդավոր սերունդ, որը գալիս է։ Եթե չանտեսենք այդ սերնդին, օգնենք, եթե մեր երկրի ու Սփյուռքի որոշումներ կայացնողներն օգնեն ու հասկանան, վերջնականապես կհաղթենք պատերազմի վերջին դաշտում, որը հենց երևակայական դաշտն է»։
Հարց հնչեց Շառլ դը Գոլի կերպարի հետազոտման փուլի ու դերասանական մոտեցման մասին՝ որքանո՞վ էր կարևոր նմանակումը, և որտե՞ղ էր վերջանում կրկնօրինակումը և սկսվում իր սեփական դերասանական, հեղինակային շերտը։
«Երբ փորձում ես ներկայացնել նման հանրային կերպար, կան բազմաթիվ արխիվներ, որտեղ երևում է, թե նա ինչպես է խոսում, ինչպես է ճառեր արտասանում կամ ինչպես է իրեն պահում հարցազրույցների ժամանակ… Երեք շաբաթ շարունակ, օրական մոտ 8 ժամ, ես համակարգչի առջև ուսումնասիրում էի այդ նյութերը։ Ի վերջո որոշեցի անել իմ արվեստը, որը հենց երևակայելն է։ Այսինքն՝ ես վերցրի այդ ամբողջ նյութը, որպեսզի կարողանամ մարմին ու ձայն տալ կերպարին։ Նման դեպքերում երկու ճանապարհ ունես՝ կարող ես փորձել ամբողջությամբ մտնել կարիկատուրային կամ չոր նմանակման մեջ՝ փորձելով հստակ կրկնել նույն ձայնը, նույն շարժումները, ինչն ինձ համար անհետաքրքիր էր և անհնար, կամ կարող ես ընդհանրապես ոչինչ չանել, բայց դե՝ ոչնչից ոչինչ չի ծնվում։ Ուստի ես պետք է գտնեի այդ երկուսի ոսկե միջինը։ Ես երբեք ուղղակի չեմ հետևում կանոններին։ Արդեն 42 տարի է, ինչ ինքս ինձ հարցնում եմ, թե ինչ է դերասանական արվեստը։ Իմ պատասխանն այն է, որ ես վերցնում եմ այդ կերպարները՝ ներկայացնելու համար նրանց էությունը, տագնապները, պայքարն ու կյանքը»։
Սիմոն Աբգարյանն ասում է, որ Դը Գոլի կերպարում ոչինչ չէր փոխի, եթե նորից նկարվեր ֆիլմը. «Ինչ արել, արել ես, էլ հետ դառնալ չկա… Դը Գոլն ինքը թատերական կերպար է, ասես ասպետ լինի»։
Հիշեց, որ մի զրույցի ժամանակ իրեն ասել են, թե Շառլ դը Գոլը շատ խիստ մարդ է, երբեք չի ծիծաղում։ «Բայց ծիծաղելու ժամանակ չկար, հայրենիքը կորսվել էր, գերմանացիները մտել էին, ոնց ծիծաղեր այդ մարդը, ամեն վայրկյանը շնչում էր՝ պայքար, կռիվ, ազատություն»,- ասում է արվեստագետը։
Կարեն Ավետիսյանի հարցին՝ իր մոտ կա՞ հակվածություն կոնկրետ մի դպրոցի, թե ամեն ինչ կախված է դերից, նա հումորով այսպես արձագանքեց. «Դը Գոլի ֆիլմում ուզում էին, որ փշաքաղվեի, հարցրին՝ կարո՞ղ ենք սառույց դնել… Ասի՝ ախպեր, դիր։ 3-4 տոպրակ սառույց դրեցին։ Հարցրին՝ լա՞վ ես, ասի՝ լավ եմ, նկարի… Ես կարիքը չունեի, բայց եթե ինքը պետք ունեցավ, ասացի՝ արա… Ես երբեք չեմ քննադատում դպրոցը… Ես եկել եմ դպրոց՝ մարմնի դպրոց, և տեքստ, և զգացում։ Այս երեք սյուներն են կարևոր, այսինքն՝ հստակությունը ինձ համար… Հստակությունն ինքնին բանաստեղծություն է։ Պետք է ինձ համար դերասանը հստակ լինի՝ հստակ իր մտքերին, իր զգացումներին, և թե որչափ զգացում պիտի տա»։
Սիմոն Աբգարյանը նաև ասաց, որ հայկական ինքնությունը հնարավոր չէ ջնջել, հանել, այն միևնույն է՝ արտահայտվում է ու բացահայտում իր հայ լինելը. «Չեմ կարող ասել, թե մատնում է իմ հայ լինելը, բայց ես ողբերգությունը լավ եմ հասկանում։ Խոսքը որակով գրված ողբերգության մասին է․․․ Կուզեի դա չզգալ, կուզեի այդ հատկությունը չունենալ, բայց պատերազմ, կորուստ, բաժանում, ցավ՝ դրանք իմ սրտում տեղ են գտնում, ես զգում եմ դրանք»։
Դը Գոլի մասին ֆիլմից հետո մտավախություն չունի՞, թե կդառնա, այսպես կոչված, սելեբրիթի, ավելի մեծ հայտնիություն ձեռք կբերի, որը ծանր բեռ է։ Սիմոն Աբգարյանն ասում է, որ մտահոգություն չունի, այդպիսով տարածք է բացվում, և հայտնի լինելու արդյունքում ընդամենը պրոդյուսերները կարող են անմիջապես պատասխանել զանգերիդ։
Հարցին՝ հայկական պատմական կերպարներից ում մասին արժեր ֆիլմ նկարել, որ Դը Գոլի մասին ֆիլմի նման լինի, նա տվեց Վարդան Մամիկոնյանի անունը, ապա հավելեց, որ հարգանք ունի, օրինակ, Մոնթեի, Անդրանիկի և այլոց զոհողությունների հանդեպ, բայց ժամանակն է այսօրվա մարդկանց մասին ֆիլմ նկարել. «Դուք եք հերոսները, 2026 թվականն է այսօր, ձեր մասին պետք է ֆիլմ անել, դուք այստեղ եք ապրում, իսկ մենք Սփյուռքում վերապրում ենք հայությունը»։
Պատասխանելով մեկ այլ հարցի՝ Սիմոն Աբգարյանն ասաց, որ կուզենար մարմնավորել, օրինակ, Ռումիին կամ Պլատոնին. «Եկել է առանց իրար սպանելու իրար հետ խաղաղ զրույցի ժամանակը… Օրինակ, Ռումիի և Պլատոնի զրույցի հիմքը սերն է, մենք դրա պակասն ունենք, ես դրա պակասն ունեմ, բոլորս սիրո և խաղաղության կարիք ունենք»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


























































