Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սուրենյանց. «Շուշիում արած սկանդալային հայտարարությամբ Ալիևը ակնարկեց, որ Սամվել Կարապետյանի կալանքը իր ցուցումի հետևանք է»

Հուլիս 15,2026 18:25 Share

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածու Սուրեն Սուրենյանցը «Հայելի» ակումբում, անդրադառնալով արցախյան հարցի կարգավորման պատմության վերաբերյալ Շուշիում Ալիևի արած հայտարարություններին, արձանագրեց. «Ալիևը երկու սկանդալային հայտարարություն է հնչեցրել, որը Նիկոլ Փաշինյանին շատ անհարմար վիճակի մեջ է դրել։

Առաջինը վերաբերում է նրան, որ նա ամբողջովին մերկացրեց ղարաբաղյան քաղաքականության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պնդումները։ Այսինքն, ասում է մի մարդ, որը բանակցել է։ Ալիևն ասում է, որ նույնիսկ կարգավորման վերջին պլանով Ղարաբաղը՝ Արցախը, փաստացի անկախություն էր ստանում Լաչինով, Քարվաճառով։ Եվ դրա դիմաց ինքը ստանում էր հինգ շրջանները։ Ալիևն առաջին անգամ չի նման հայտարարություն արել։ Այս հայտարարությունն արել է 2016-ի քառօրյա պատերազմից հետո։

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը ստացել էր հրաշալի ժառանգություն, բանակցային գործընթացը ամենևին էլ այսպիսին չէր։ Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի նախապատերազմյան արկածախնդրությունը, առնվազն, Ադրբեջանը պատերազմ սկսելու առիթ, այսպես կոչված, միջազգային հանրության թույլտվություն չէր ստանա։ Նիկոլ Փաշինյանը վիժեցրեց բանակցային գործընթացը այն հայտարարությամբ, որ սկսում է զրոյական կետից, որ Արցախը Հայաստան է և վերջ։

Եվ միջազգային հանրությունը կանաչ լույս վառեց Ալիևի առջև։ Սակայն միջազգային հանրությունը մինչև հոկտեմբերի 19-ն էլ մեր կողմն էր, այսպես կոչված, Լավրովի պլանի որոշակի շտկումներով։ Հարավային ճակատը փլուզվեց, իսկ փլուզվել է միայն հարավային ճակատը, և բոլոր պլանները ի դերև եղան։ Այստեղ արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը փակել է դիվանագիտության դուռը։

Երկրորդ հայտարարությունը, որի շուրջ Նիկոլ Փաշինյանը մտածելու լիքը բաներ ունի և մեր հասարակությանը բացատրելու, այն է, որ Ալիևը ուղղակի և անուղղակի ակնարկում է, որ Սամվել Կարապետյանի կալանքը իր ցուցումի հետևանք է։ Նա շատ պարզ խոսում է Սամվել Կարապետյանի մասին։ Ավելի պարզ հնարավոր չէ խոսել։ Նա փաստացի Սամվել Կարապետյանին մեղադրում է, որ միջազգային լոբբիզմ է կոնսոլիդացրել ի պաշտպանություն հայկական շահերի։ Եվ ասում է՝ հիմա այդ մարդը Երևանում տնային կալանքի տակ է։

Այսինքն, շատ պարզ հասկացնում է, որ առնվազն գոհունակություն ունի։ Սա իսկապես սկանդալային հայտարարություն է, որովհետև հենց այնպես Ալիևի նման փորձառու մարդը նման հայտարարություններ չի անում։ Ինքը ցույց է տալիս, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում դեր ունի։ Մանավանդ, հիշենք, որ այդ մեդիա ֆորումից երկու օր առաջ եղել է Բայրամովի մամուլի ասուլիսը, որտեղ նրանք խոսել են սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին»։

Սուրեն Սուրենյանցը, խոսելով նաև պետական ամենաբարձր մակարդակով հովանավորվող ադրբեջանցիների, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջան» վերադարձի ծրագրի մասին, ասաց, որ ինքը մի բանում Նիկոլ Փաշինյանի հետ համաձայն է։

Այսինքն. «Բանակցային հարցում այսպիսի թեմաներ չկան, որովհետև Ալիևն այլևս չի էլ պատրաստվում Փաշինյանի հետ շատ բան քննարկել։ Նա պարզապես ասում է. «Պիտի անես»։ Ու հիմա էլ ասում է, որ իրենք Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավորն են։ Սիմվոլիկ չափով դիզվառելիք են ուղարկել ու արդեն ասում է՝ Հայաստանը հույսը մեր վրա է դրել։ Սա խաղաղության վերսալյան մոդելն է, երբ կապիտուլացված Գերմանիային պարտադրեցին ամեն ինչ։ Հիմա Ադրբեջանը մտադիր է Հայաստանին պարտադրել բոլոր հնարավոր զիջումները»,- ասաց Սուրեն Սուրենյանցը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել