Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հավատում եմ Լուսինեին և փորձում օգնել ինչով կարող եմ». Սերգեյ Խաչատրյան

Սեպտեմբեր 03,2015 17:17

Սեպտեմբերի 5-ին Լուսինե Խաչատրյանի «Կարոտ» դաշնամուրային մոնոներկայացմամբ կտրվի Համազգային թատրոնի 24-րդ թատերաշրջանի մեկնարկը: Ներկայացման տոմսերից ստացված գումարը կփոխանցվի Համազգային թատրոնի շենքի կառուցմանը:

Ներկայացումը կոչվում է «Կարոտ», քանի որ այն բեմադրելիս հեղինակը հենց այդ զգացողությամբ է լցված եղել. «Արդեն 22 տարի է, որ մենք Գերմանիայում ենք ապրում: Ուզում էի նաև հասկանալ՝ ինչ է հայը՝ զգացմո՞ւնք, գաղափա՞ր, լեզո՞ւ… Այդ ի՞նչն է, որ, չնայած 22 տարի դրսում ապրածդ կյանքին, շարունակում ես մնալ հայ… Պատասխանն արդեն գիտեմ, այն իմ ներկայացման մեջ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լուսինե Խաչատրյանը:

Նրա փոխանցմամբ՝ ներկայացման մեջ հնչում են բացառապես հայկական գործեր, մեծ մասամբ՝ Կոմիտաս. «Ներկայացման մեջ միայն դաշնամուրային գործեր չեն, քանի որ միայն դրանցով չես կարող լիովին փոխանցել հայկականության ոգին: Հնչում են Սայաթ-Նովայի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Միրզոյանի ստեղծագործություններից, որոնք, ի դեպ, զուգորդվում են նաև հայկական պատմամշակութային արժեքների պատկերաշարով»,- ասաց Լ. Խաչատրյանը:

Նշենք, որ ներկայացման պրոդյուսերը Լուսինեի եղբայրն է՝ անվանի հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ դժվար ու ինչ-որ տեղ նաև համարձակ քայլ է այսպիսի ներկայացմամբ հանդես գալը, քանի որ «դաշնամուրային ներկայացում» հասկացությունը նորույթ է, ու մարդիկ չգիտեն՝ ինչ պատկերացնել:

«Ես հավատում եմ Լուսինեին: Նրա մտքերը, երևակայությունը շատ հարուստ են, դրա համար էլ փորձում եմ օգնել նրան ինչով կարող եմ: Ճիշտ է, ես չեմ սիրում, երբ արվեստները շատ են խառնում-միացնում միմյանց, բայց դասական թատրոնն ու երաժշտությունը մոտ են իրար, և շատ գեղեցիկ մի բան է ստացվել»,- ասաց Սերգեյ Խաչատրյանը:

Հավելենք, որ «Կարոտ» դաշնամուրային մոնոներկայացումն արդեն բեմադրվել է Գերմանիայում ու Ավստրիայում: Արձագանքները դրական են, և հեղինակն անհամբերությամբ սպասում է երևանյան առաջնախաղին:

Ի դեպ, սեպտեմբերի 5-ի համար նախատեսված բոլոր տոմսերն արդեն սպառվել են, բայց հանդիսատեսը հնարավորություն ունի ներկայացումը դիտելու նաև սեպտեմբերի 6-ին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930