Լրահոս
Օրվա լրահոսը

Աուդիտորական ուսումնասիրության անհրաժեշտությունը, նույնիսկ վաճառքի պարագայում, ամենեւին էլ չի վերանում. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 18,2015 12:46

Տարօրինակ է, որ բաշխիչ ցանցերը գնելու ցանկություն է հայտնել մի ընկերություն, որի անվանումը մինչ օրս ոչ մի կերպ չի շրջանառվել այդ համատեքստում։ Դժվար է պատկերացնել, որ առանց լուրջ ուսումնասիրության որեւէ մեկը հակված կլիներ գնել բէցերը։ Առավել եւս՝ վերջին շրջանում ընկերության շուրջ տիրող լարվածությունից հետո։

Ավելին՝ հայտնի է, որ բաշխիչ ցանցերը վերջին տարիներին հայտնվել է ֆինանսական բարդ կացության առջեւ։ Տարբեր պատճառներով ներգրավվել են մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկային միջոցներ, որոնց մարման հետ կապված ընկերությունը լուրջ դժվարություններ ունի։ Այս պայմաններում անհայտ ընկերության կողմից բէցերի ձեռքբերման անսպասելիորեն ներկայացված ցանկությունն այնքան էլ հասկանալի չէ։

Ամեն դեպքում «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդը» նման պատրաստակամություն է հայտնել։

Թե ի՞նչ ընթացք կստանա բէցերում նախատեսվող աուդիտը՝ ցույց կտա ժամանակը։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն անցած օրը բացառեց, որ խնդիրը դրանով փակվում է։ Այսինքն՝ գործընթացը շարունակվելու է։

Ինչպես հայտնի է, ընկերությունն արդեն հայտարարել է աուդիտ, որի արդյունքները նախատեսվում է ամփոփել սեպտեմբերի վերջին։ Հաջորդ երեք ամիսներին ընտրվող կազմակերպությունը պետք է իրականացնի ուսումնասիրություն։

Աուդիտորին ներկայացված պահանջները ընդգրկուն են։ Այն ներառում է անցած վեց տարիների ընթացքում կատարված ծախսերի հիմնավորվածության վերաբերյալ եզրակացությունը, առեւտրային եւ տեխնոլոգիական կորուստների մակարդակի ուսումնասիրությունը։ Հայտնի է, որ ընկերության ֆինանսական անմխիթար վիճակի հիմնական պատճառներից մեկը համակարգում բարձր կորուստներն են։

Վերջին տարիներին դրանք ոչ մի կերպ չեն նվազել։ Ընդհակառակը, անընդհատ նորանոր ֆինանսական պարտավորություններ են կուտակվել՝ համակարգը կանգնեցնելով անվճարունակության շեմին։

Աուդիտորական ընկերությանն առաջադրվելիք պահանջներից մեկն էլ վերաբերում է ներդրումների արդյունավետության ուսումնասիրությանը։ Շրջանցված չեն նաեւ հանրության շրջանում լուրջ աղմուկ հանած՝ անշարժ գույքի եւ տրանսպորտային միջոցների աստղաբաշխական գներով վարձակալության հետ կապված խնդիրները։
Ակնհայտ է, որ անկախ վաճառքի կայանալ-չկայանալուց՝ այս խնդիրները շարունակելու են այժմեական մնալ։ Ուստի աուդիտորական ուսումնասիրության անհրաժեշտությունը, նույնիսկ վաճառքի պարագայում, ամենեւին էլ չի վերանում։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930