Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են դարձել հանրապետության լավագույն ուսանող նշանառուները

Սեպտեմբեր 28,2015 10:54

Երևանում՝ ԴՕՍԱՖ-ի հրաձգության հանրապետական ակումբում, սեպտեմբերի 27-ին անցկացվեցին ՀՀ հանրապետական ուսանողական մարզական 16-րդ խաղերի ծրագրով հրաձգության թիմային-անհատական մրցումները: Նկատենք, որ հրաձգության մրցումները հանրապետական ուսանողական խաղերի ծրագրում ընդգրկվել են անցյալ տարվանից ու կազմակերպվեցին արդեն 2-րդ անգամ:

Ստուգատեսին մասնակցելու նախնական հայտեր էին ներկայացրել 10 բուհեր, սակայն բուն մրցման օրը ներկայացան միայն 6 բուհերի պատվիրակներ: Ըստ մրցաշարի կանոնակարգի՝ յուրաքանչյուր թիմում ընդգրկված էր 3 մարզիկ՝ 2 հրաձիգ ու մեկ հրաձգուհի:

Ինչպես հայտնեց ուսանողական մարզական խաղերի կազմակերպման պատասխանատու, ՀՀ ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը, 5,6 մմ տրամաչափի «Մարգուլին» տեսակի ատրճանակի մրցումներին մասնակցեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 12 հրաձիգ և 6 հրաձգուհի: Նշանառուները մրցում էին 3 փորձնական և 5 մրցակցային կրակահերթերում:

3

Թիմային պայքարում 2-րդ տարին անընդմեջ հաղթող ճանաչվեց Տիգրան Գասպարյան, Տիգրան Եգանյան և Էլմիրա Կարապետյան կազմով ելույթ ունեցած պետական տնտեսագիտական համալսարանի ընտրանին: 2-րդ տեղը գրավեց Տելեմակ Թադևոսյան, Արման Ասրյան և Էմմա Միքայելյան կազմով հանդես եկած Երևանի պետական համալսարանի թիմը, իսկ մրցանակային 3-րդ հորիզոնականը զբաղեցրեց Ազատ Մազմանյան, Հրաչիկ Օհանյան, Քնարիկ Բաբայան կազմով ելույթ ունեցած ագրարային համալսարանի հավաքականը:

Աղջիկների անհատական մրցումներում շատ բարձր՝ 50 հնարավորից վաստակած 45 միավորով խաղերի չեմպիոնուհու կոչման արժանացավ միջազգային մրցաշարերի մասնակից, տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի Էլմիրա Կարապետյանը: Արծաթե մեդալը բաժին հասավ ագրարային համալսարանի նշանառու Քնարիկ Բաբայանին, իսկ ուժեղագույնների եռյակը եզրափակեց ԵՊՀ-ի հրաձգուհի Էմմա Միքայելյանը:

Տղաների մրցապայքարում 37 միավորով խաղերի չեմպիոն հռչակվեց ագրարային համալսարանի նշանառու Հրաչիկ Օհանյանը: Պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակ Տիգրան Գասպարյանը դարձավ խաղերի փոխչեմպիոն, իսկ բժշկական համալսարանի ուսանող-հրաձիգ Վարդան Վարդայանն էլ նվաճեց բրոնզե մեդալը:

Մրցաշարի գլխավոր մրցավարն էր հրաձգության հանրապետական մարզադպրոցի փոխտնօրեն Գագիկ Զոհրաբյանը։ Մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով, համապատասխան կարգերի պատվոգրերով և գավաթներով: Պարգևները հանձնեցին Հովհաննես Գաբրիելյանն ու Գագիկ Զոհրաբյանը: Հ. Գաբրիելյանը հատուկ ընդգծեց, որ ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան հատկապես մեծ կարևորություն է տալիս ուսանողների շրջանում հրաձգություն մարզաձևի տարածմանը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը պատերազմող երկիր է։ Մասնավորապես, մարզաձևի մասսայականացմանն է նպատակաուղղված նաև օրերս Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում բացված հրաձգարանը:

Հարկ է նշել, որ հրաձգության մրցաշարով մեկնարկեց ուսանողական մարզական խաղերի աշնանային փուլը, որը կտևի մինչև դեկտեմբեր։

ՀՀ ուսանողական մարզական խաղերը կազմակերպվում են ՀՀ ԿԳՆ-ի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930