Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Մանասերյան. 3.7-4 տոկոս տնտեսական աճը իսկապես հերոսություն կարելի է համարել այս պայմաններում

Հոկտեմբեր 25,2015 20:30

«Կարծում եմ՝ եթե նոր միտումներ չարձանագրվեն համաշխարհային տնտեսությունում տարածաշրջանային զարգացումների առումով, ապա կարելի է իրատեսական համարել 4 տոկոս տնտեսական աճը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:

Նա նշեց, որ տնտեսական աճի վրա շատ կարեւոր ազդեցություն են թողնում սպասումները, իսկ միջազգային ֆինանսական կառույցները, ըստ նրա, քաղաքականացված կանխատեսումներ են արել Հայաստանի տնտեսության մասին. «Կյանքը ցույց տվեց, որ իսկապես քաղաքականացված էին, որովհետեւ իրականությանը չէին համապատասխանում, մենք դրան դեռ անցած տարվա նոյեմբեր ամսին ենք անդրադարձել եւ դեկտեմբերին՝ չհամաձայնելով Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի եւ մի շարք այլ կազմակերպությունների հետ: Իրականում, ինչպես տեսնում եք, կյանքի իրավունք ստացան եւ արդարացան, որը ստիպեց նրանց անգամ վերանայել, որը շատ բացառիկ դեպքերում է լինում: Բայց կանխատեսումները իրենք շատ վնաս են հասցրել Հայաստանի տնտեսությանը: Առիթ ունեցել եմ արդեն ասելու, որ ոչ ոք բացասական կանխատեսումների կամ տնտեսական անկման դեպքում գործարար աշխարհից չի համարձակվում մեծ ներդրումներ կատարել կամ ընդհանրապես ներդրումեր կատարել: Եվ դրանով է պայմանավորված հատկապես մեզ համար այն ճյուղերի զարգացումը, որոնք դեռեւս զարգացման բավարար մակարդակի չեն հասել: Առաջին հերթին դա վերամշակող ճյուղերն են. մինչ օրս  ավելի շատ տեսակարար կշիռ համախառն ներքին արդյունքում ապահովում է հանքարդյունաբերությունը, նույնը արտահանման մեջ կարելի է ասել: Բայց այնպիսի կարեւոր ճյուղեր ինչպիսիք են ոսկերչությունը, ադամանդագործությունը, քիմիական նյութերի, քիմիական արտադրատեսակների արտադրությունը, էլեկտրական սարքավորումները, խմիչքների արտադրությունը, կաշվի արտադրանքը եւ հիմնական մետաղների արտադրությունը անկում է արձանագրել առաջին 9 ամիսների ընթացքում, որը անմիջականորեն արդյունք է հենց այդ բացասական, կարելի է ասել, վնասաբեր կանխատեսումների: Եվ ես ինձ թույլ կտամ ասել, որ այն ինչ գրանցվել է ներկայումս Հայաստանում տնտեսական աշխուժության ցուցանիշը՝ 3.7 տոկոս գրեթե 4 տոկոս իսկապես հերոսություն կարելի է համարել այս պայմաններում: Այսինքն՝ դա բազմապատիկ շատ կլիներ, ոչ թե կրկնապատիկ այլ եռապատիկ, եթե սպասումները դրական լինեին կամ գոնե, եթե այդպիսի կանխակալ կարծիքներ չլինեին: Երբ ասում եմ հերոսություն կարելի է համարել առաջին հերթին վերագրում եմ ե՛ւ գյուղացիներին, ե՛ւ գործարարներին, որոնք այնուամենայնիվ, իրենց գործն արել են եւ կարողացել ենք այսպիսի ցուցանիշ արձանագրել»:

Նշենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի նախնական կանխատեսումը 0 տոկոս տնտեսական աճն էր՝ մի փոքր դրական շեղումով , այնուհետեւ վերանայելով իր կանխատեսումը կազմակերպությունը 2.5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսել:  Իսկ Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի նախնական կանխատեսումը – 1.5 տոկոս տնտեսական աճն էր, այն վերանայելուց հետո բանկի կանխատեսումը կազմում է 1-3 տոկոս տնտեսական աճ: 

Մեր նկատառմանը, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունների վերանայված կանխատեսումները եւս չեն համապատասխանում Հայաստանի արձանագրած տնտեսական աճին, Թաթուլ Մանասերյանն ասաց. «Կարծում եմ՝ այս դեպքերում այդ կազմակերպություններին պետք է ասել, որ լավ է, որ նախ հաշվի նստեցին իրականության հետ, մյուս կողմից չէին կարող հաշվի նստել, քանի որ դրանով վտանգում էին իրենց հեղինակությունը: Կարելի է հասկանալ այդ կառույցներին, որոնք չեն կարող ստանձնել այն դերը, որը մեզ է վերապահված, այսինքն՝ հայաստանաբնակներիս եւ Հայաստանի կառավարությանը: Մենք ենք, որ պետք է փորձենք ճեղքում մտցնել եղած իրավիճակում եւ ապացուցել, որ ավելին կարող ենք անել, իսկ դրա համար Հայաստանի Հանրապետությունը ունի բավարար տնտեսական ներուժ, առաջին հերթին՝ բավարար մարդկային ռեսուրսներ, որոնք պետք է գնահատված լինեն, հատկապես՝ գիտելիքը պետք է գնահատված լինի, եւ թույլ չտանք այն արտագաղթի տեմպերը, որոնք այսօր ունենք, որովհետեւ մենք կարծես թե դոնոր ենք դառնում այլ երկրների համար. արտահանում ենք աշխատուժ, որի վրա պետությունը հսկայական գումարներ է ծախսել, սկսած՝ կրթություն ստանալուց, փորձառություն ձեռք բերելուց, եւ հետագայում այդ բացը լրացնելը շատ ծանր է լինելում մեզ համար»:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը իր ազդեցությունն ունեցե՞լ է գրանցած տնտեսական աճի վրա, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց, որ դեռ կարճ ժամանակահատված է, ինչ Հայաստանը ԵՏՄ անդամ է, եւ միությունը մեծ ազդեցություն չէր կարող ունենալ. «Ինքը՝ Եվրասիական տնտեսական միությունը, նոր կազմակերպություն է, եւ դրանով հանդերձ շատ մեծ ակնկալիքներ մենք չենք էլ ունեցել: Պարզապես պետք է անպայման ի նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ձեւավորի ազգային օրակարգ, այսինքն` ոչ միայն  այն, ինչ պահանջներ են դրվում անդամ լինելու պարագայում՝ տեխնիկական չափանիշների համապատասխանեցում, օրենսդրության համապատասխանեցում, մաքսային, հարկային օրենսդրություն եւ այլն, այլ նաեւ ընդհանուր միջավայրի առումով շատ կարեւոր է, որ մենք ոչ միայն այս պահանջները կատարենք, այլ մեկ քայլ առաջ գնալով՝ տեսնենք մեր ազգային շահերը եւ փորձենք նաեւ առավելագույնս դրանից նպաստավոր պայմաններ մեզ համար ստեղծել, որը նաեւ մեզ թույլ կտա բարձրացնել մրցունակությունը Հայաստանի տնտեսության եւ նրա առանձին ճյուղերին եւ պատրաստ լինել ավելի խստապահանջ չափորոշիչներ ունեցող Եվրամիության շուկան մուտք գործելու»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031