«Վերջին անգամ եմ ասում՝ բոլոր հիվանդ ուղեղների համար: Եթե 1990-ից այս կողմ մեր քաղաքական էլիտայի ներկայացուցիչները գոնե 10 տոկոս ունենային անկախություն կերտած սերունդների բարոյական արժեքները, նվիրվածությունն ու ազնվությունը՝ մենք բոլորովին այլ երկրում այսօր կապրեինք: Առաջին հանրապետության դեմ այսօր խոսողները ամեն օր պիտի Դաշնակցության ոտքերը լվանան, ջուրը խմեն: Եթե այդ հանրապետությունը չստեղծվեր՝ ոչ Երկրորդը կլիներ, ոչ էլ Երրորդը եւ դուք էլ ոչինչ չէիք կառավարի»,- ԱԺ-ում այսպիսի հայտարարություն արեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Հիշեցնենք, որ մինչ այդ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ ԱԺ-ում վիճել էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Աղվան Վարդանյանի խոսքերով՝ «Հիմա նրանց, ովքեր իրենց ճշմարտությունը միակ կրողն են համարում եւ կարծում են, որ իրենք ճշմարտության պորտի վրա աճած բշտիկ են: Կարծում են՝ բոլորը սխալ են, իրենք ճիշտ են: Նմաններին խորհուրդ կտամ բժշկի դիմել որքան հնարավոր է շուտ: Հետո ուշ է լինելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ