Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Ընդդիմությունը սխալ քայլ է արել ֆալշ ստարտ անելով»

Դեկտեմբեր 03,2015 23:50

ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստից հետո լրատվամիջոցների հանդիպմանը հնչած հարցին, թե իր կարծիքով դեկտեմբերի 6-ին «Այո՞»-ն կհաղթի, թե՞ «Ոչ»-ը, կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ես ճիշտ չեմ համարում հանրաքվեի արդյունքների մասին հաղթանակ կամ պարտություն եզրույթներով խոսելը, որովհետեւ բոլորս մի հանրապետության ներկայացուցիչ ենք, քույրեր ու եղբայրներ՝ անկախ նրանից, թե մեկս մյուսին սիրում ենք, թե չէ: Բոլորս միասին մի նավի անդամ ենք եւ դեկտեմբերի 6-ից հետո կյանքը շարունակվելու է:

Ես կարծում եմ, որ «Այո»-ն կբարձրացնի իմ երկրի անվտանգության մակարդակը, ավելի ժողովրդավարական Հայաստանում ապրելու, հստակ քաղաքական որոշումները պառլամենտում, այլ ոչ թե փողոցում կայացնելու հնարավորություն կտա, ընդդիմությունը կունենա լայն ինստիտուցիոնալ իրավունքներ, ինչպես նաեւ ամենակարեւորը՝ կլինի իշխանությունների ոչ միայն տարանջատում, այլ նաեւ հավասարակշռում, որտեղ իր լուրջ դերակատարումը կունենա նաեւ ընդդիմությունը: Երբեմն մեզ հարց են տալիս. ձեր ուշքը գնո՞ւմ է, որ ընդդիմությանը իրավունքներ եք տալիս: Ուշքը գնալու մասին չի: Կա պետություն, որը կենդանի օրգանիզմ է:

Երբ ուզում ես առողջացնել պետությունը, անհնար է սիրտն առողջացնես, իսկ մյուս օրգանները, մարմինը հիվանդ թողնես: Պետք է բոլորը համաչափ առողջանան, որպեսզի կարողանանք ունենալ կենսունակ եւ ճկուն հանրապետություն: Այս սահմանադրական բարեփոխումները, հանրաքվեն, մեկ անգամ ասել եմ, երշիկի թանկացման կամ էժանացման հանրաքվե չի: Չի կարելի այս հանրաքվեն դիտարկել իշխանություն-ընդդիմություն հակասությունների տիրույթում: Սա իշխանափոխության հարց չի: Իսկ եթե որեւէ մեկը այս երկրում ուզում է իշխանափոխություն, ճանապարհը մեկն է՝ հերթական ընտրություններ: Այն բոլոր ուժերը, որ այսօր խոսում են իշխանափոխությունից,  պետք է ասել, որ իրենք իրենց իսկ շահերից ելնելով սխալ են գործել ֆալշ ստարտ անելով»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031