Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի սպանդից մեկ տարի անց

Հունվար 12,2016 10:43

2015 թվականի այս օրը առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմական կայանի տանկիստ Վալերի Պերմյակովը գնդակահարեց և սվինահարեց Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին: Այդ միջադեպն ու հետագա դեպքերը բազմաթիվ հանգամանքներ հանեցին ջրի երես:

Փորձենք վերականգնել տեղի ունեցածը և իմի բերել այս ընթացքում կատարված եզրակացությունները:

Դեպքերի խրոնոլոգիան

Այսպիսով, 2014 թվականին ՌԴ Չիտայի մարզից Վալերի Պերմյակովը, ի հեճուկս հոգեբուժական խնդիրների, զորակոչվում է բանակ: Նա անցնում է ծառայության ՌԴ թիվ 21250 զորամասում, որտեղից փախուստի դիմելուց հետո տեղափոխվում է զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք:

Ընդ որում, ինչպես պարզվեց հետագայում, Վալերի Պերմյակովը նաև սատանայապաշտ էր և 2013 թվականի փետրվարին նա «սատանայի հետ պայմանագիր» էր կնքել, որով պարտավորվել էր վերջինիս «փոխանցել» «մի քանի կանանց և մի քանի տղամարդկանց»:

Զինվորական հոգեբուժական բաժանմունքում, սակայն, տևական ժամանակ պարկելուց հետո նրան չեն զորացրում, այլ, որպես չգրված պատիժ, գործուղում են ծառայելու Հայաստանում 102-րդ ռազմակայան, որտեղ նա հասնում է 2014 թվականի դեկտեմբերի 3-ին:

2015 թվականի հունվարի 12-ի գիշերը, ժամը 2:00-ին Պերմյակովը բարեհաջող կերպով ընդունում է պահակակետի հերթապահությունը, սակայն արդեն ժամը 2:30-ին լքած է լինում այն: Ավելի քան 4 ժամ զինծառայողը համազգեստով ու ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով շրջում է Գյումրիի փողոցներով և ապա մտնելով Ավետիսյաններին պատկանող տունը գնդակահարում է այդ ընտանիքի 7 անդամներից 5-ին և ևս 2-ին (փոքր երեխաներին) սվինահարում է Կալաշնիկովի սվին-դանակով: Տուժողներից 6-ը մահանում է տեղում, իսկ 6 ամսեկան երեխան՝ օրեր անց հիվանդանոցում:

Եվս շուրջ 3 ժամ անց (ժամը 10:05-ին) երբ արդեն հայտնի էր ռուս զինծառայողի կողմից կատարված սպանության մասին, 102-րդ ռազմակայանի հրամանատարությունը ՀՀ ոստիկանությանը հայտնում է զինված դասալիքի մասին: Եվ ամբողջ հանրապետությունում սկսվում են Պերմյակովի որոնման աշխատանքները, որոնց անգամ մասնակցում են ռուսական զինվորականները՝ այն էլ ինքնաձիգերով զինված:

Այդ ընթացքում, Պերմյակովը անցնելով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին հսկողություն անող ոստիկանների մոտով (շրջանցելով հենակետը),  հասնում է Շիրակի մարզի Բայանդուր գյուղը, ուր հունվարի 12-ի լույս 13-ին գիշերը ժամը 00:15-ին նա բռնվում է ռուս սահմանապահների կողմից:

ՌԴ սահմանապահները Պերմյակովին չեն փոխանցում ՀՀ ոստիկանությանը, այլ տեղափոխում են 102-րդ ռազմակայան, ուր նա առ այսօր գտնվում է՝ թեպետ Ավետիսյանների սպանության մասով նրա քրեական գործը փոխանցվել է ՀՀ իրավապահներին:

Gyumri-1-tari-

Եզրակացությունները՝ ուժազուրկ պայմանագրեր

Հունվարի 13-ին արդեն պարզ դարձավ, որ ռուսական կողմը առանձնապես մտադիր չէ Պերմյակովին փոխանցել հայկական կողմին, ինչը «ջրի երես» հանեց այն հանգամանքը, որ հայ-ռուսական բազմաթիվ պայմանագրեր, ըստ էության, չեն գործում:

Բանն այն է, որ ՌԴ զինվորականների կողմից Պերմյակովին զենքով որոնելու, նրան ձերբակալելու և ապա հայկական կողմին չփոխանցելու, ինչպես նաև նրա փախուստի մասին ժամանակին չհայտնելու ժամանակ ռուսաստանյան կողմը խախտել է թվով 4 հայ-ռուսական համաձայնագրերի շուրջ 10 դրույթներ:

Ավելին, ինչպես նշվեց, ի հեճուկս 1997 թվականին ստորագրված հայ-ռուսական համաձայնագրի, 102-րդ ռազմակայանի հրամանատարությունը ժամանակին ՀՀ ոստիկանությանը չհայտնեց զինված դասալքի մասին: Այն դեպքում, երբ հակառակ պարագայում միգուցե հայկական իրավապահները կարողանային ձերբակալել Գյումրիով «զբոսնող» ու դեռևս ոճրագործությունը չկատարած Պերմյակովին:

Արդյունքում հանրության համար պարզ դարձավ, որ Հայաստանում գործող ՌԴ ուժայինները առանձնապես հոգ չեն տանում հայ-ռուսական միջպետական պայմանագրերի կետերը չխախտելու ուղղությամբ:

Պայմանագրերի խախտումներն ու ողբերգության կանխման հնարավորությունը ավելի մանրամասն նկարագրված են մեր հրապարակած տեսանյութում՝

Եզրակացությունները՝ ռազմաբազան

Հենց միջադեպի օրը, քանի դեռ Պերմյակովը անգամ ձերբակալված չէր, շատերը հիշեցին 1999 թվականի դեպքերը, երբ 102-րդ ռազմակայանի երկու ծառայողները զինված մտան Գյումրու շուկա և կրակ բացեցին պատահական անցորդների վրա՝ սպանելով 2 քաղաքացիների, ինչպես նաև 2013 թվականի ապրիլի 7-ի միջադեպը, որի ժամանակ Վահրամաբերդ գյուղի երկու երեխաներ մահացան: Ընդ որում, եթե 1-ին դեպքի մեղավորները ստացան 14-ից 15 տարվա ազատազրկում, ապա Վահրամաբերդի պոլիգոնի մեղավորներին այդպես էլ «չգտան»:

Ինչպես պարզվեց այս ընթացքում, Ռուսաստանի ՊՆ-ում «չգրված» կարգի համաձայն կարգազանց զինվորներին «աքսորում» են Հայաստանում գործող 102-րդ և Տաջիկիստանում գործող 201-րդ ռազմակայաններ: Այստեղ են ուղղարկվում դասալիքներ, ալկոհոլիկներ, թմրամոլներ և հոգեկան հիվանդներ, որ «փախչելու տեղ չունենան»… Հենց այդ հանգամանքով է պայմանավորված է այս երկու երկրներում ՌԴ զինվորականների հետ միջադեպերի առատությունը:

102-րդ ռազմաբազայի արյունոտ հետքի մասին պատվում է մեր մեկ այլ տեսանյութում՝

Ու թեև Պերմյակովի պարագայում արդեն պարզ է, որ նա ցմահ ազատազրկվելու է, սակայն որևէ սպա պատասխանատվություն չկրեց հայ-ռուսական պայմանագրերի խախտումների համար (թեև այդ խախտումները հնարավոր դարձրին հանցագործությունը): Ավելին, 102-րդ ռազմակայանի այդ ժամանակվա հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկու պաշտոնը, ըստ էության, բարձրացվեց և նա այժմ Ուկրաինայի հետ պատերազմող «Լուգանսկի Ազգային Հանրապետությունում» մի ահռելի զորամիավորում է գլխավորում, իսկ շուտով, ըստ որոշ տվյալների, կստանձնի ամբողջ 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետի պաշտոնը:

Սակայն, դեռևս գնդապետ Ռուզինսկու՝ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի ռազմաճակատ տեղափոխվելուց առաջ, խոսելով 102-րդ ռազմակայանի իմաստի մասին, հանրությունը հիշեց Ուկրաինայում տեղակայված ՌԴ ռազմածովային բազաի օրինակը: Բանն այն է, որ 1994 թվականին ստորագրված Բուդապեշտյան համաձայնագրով Ռուսաստանը ստանձնել էր Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորությունը: Սակայն, հենց ռուս զինվորականները և ՌԴ ռազմածովային բազան զենք բարձրացրեցին Ուկրաինայի դեմ ու խախտեցին այդ երկրի տարածքային ամբողջականությունը:

Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031