Լրահոս
Օրվա լրահոսը

Քահանան (Պատմվածք)

Հունվար 17,2016 22:30

Նոյեմբեր ամիսն էր: Փոքր հորեղբորս ծառայող որդուն ընկերների հետ մի օր տեսակցելու էինք գնացել: Վարորդը Նիկոլն էր, իսկ կողքիս՝ Կարենը: Պյատիգորսկյան շանսոնը խարխուլ ճանապարհի հետ մեկտեղ թափ էր տալիս մինչև սրտխառնոց:  Հետներն այնքան մոտ չէի, որ խնդրեի անջատեին, թարսի պես էլ դինամիկն ականջիս տակ էր.

А любовь слепая

Болью истезает.

Пиковая дама

Сдай свою игру…

Արդեն մթնշաղում էր, և մի պյատիգոսրկյան կատարողին հաջորդում էր մյուսը.

В каждом сердце есть больная рана.

В каждом сердце не стихает плач…

-Նիկոլ, եղբայրս, մի փոքր իջեցրու, եթե դժվար չէ, – համարձակվեցի ես:
-Բլատնոյ երգեր չե՞ս սիրում…
-Սիրում եմ, բայց շատ է բարձր…

Իջեցրեց, բայց ոչ մի տարբերություն չզգացի:

-Կայֆ երգ է,- րոպե անց, չգիտես ինչու, հիշեց Կարենը:

-Էս ո՞ր կողմերում ենք, ե՞րբ կլինենք քաղաքում,- հարցրի ես, ցանկանալով խախտել ձանձրալի լռությունը:
-Մաքսիմում մի երեք ժամից,- պատասխանեց Նիկոլը:

Տասնհինգ կիլոմետր զոռով անցած կլինեինք, երբ ինչ-որ բան սկսեց առջևում ղրղրթալ: Ղրղրթաց ու կծկվեց:

-Բըլ…, – լսվեց Նիկոլի ձայնը: Ձեռքի արգելակը քաշեց ու դուրս  եկավ սալոնից:
-Ի՞նչ պատահեց:
-Ավտոներից բան չեմ հասկանում,- պատասխանեց Կարենն ու ևս դուրս եկավ:

-Մեզ կարող եք շնորհավորել,- հիստերիայի մեջ էր Նիկոլը, – մատոռն է թափել…

Նիկոլն ինչ-որ մեկին զանգեց ու երկարուբարակ բան բացատրեց: Հետո մտավ խցիկն ու մենք դեպի ճամփեզր բրդեցինք: Հետո ստուգեց ավտոյի ազդանշանիչն ու հարցրեց.

-Հիմա ի՞նչ, ի՞նչ անենք… Շարժվե՛նք:

Հլու-հնազանդ զինվորների պես հետևեցինք Նիկոլին:  Ամայի տեղ էր, ոչ ավտո կար, ոչ էլ՝ լուսավորություն:  Քայլեցինք մոտ երեսուն րոպե:

-Ցուրտ է, – արձանագրեց Կարենը:
-Ցուրտ է՝ մարզանք արա,- խստորեն պատասխանեց Նիկոլը:

Մոտ մի տասնհինգ րոպե էլ քայլեցինք, երբ ճանապարհի աջ կողմում մի տնակ նշմարվեց: Քայլեցինք:  Տուն չհասած,  կիսատ-պռատ ցանկապատված բակից վրա տվեց մի գամփռ: Նիկոլը մագլցեց մոտի փոքրիկ ծառը, ես տեղս մեխվեցի, իսկ Կարենը վազեց, շունն էլ՝ ետևից:  Թե ինչ հուշեց բնազդը, բայց Կարենը ֆռռաց ու մարտական դիրք զբաղեցրեց. ուր որ է շունը վրա էր տալու, երբ սանդղամուտքը լուսավորվեց ու մեկը կանչեց. «Տոպա՛ն, Տոպա՛ն»:

-Այդ ո՞վքեր են:
-Մենք ենք:
-Հա, ովքե՞ր եք:
-Ճանապարհին ենք մնացել, ցուրտ է…

Լուսավորելով շրջակայքը՝ տնատերը մոտեցավ…

-Տոպան, հանգիստ, գնա տեղդ: Ներս մտե՛ք:

-Ներս մտեք, – ևս մեկ անգամ հրավիրեց: Հանեցինք աշնանային բաճկոններն ու մտանք երկու սենյակներից մեծը:  Ցրտից հետո միանգամից զգալի էր հաճելիորեն թուլացնող տաքը:

Տնատերը քառասունին մոտ հոգևորական էր: Պարզվեց, որ մոտակայքում եկեղեցի կար, ինքն էլ մի երկու տարի առաջ վանահայր էր նշանակվել:

-Մրսած կլինեք,- նկատեց ու թեյնիկը տեղադրեց փայտե վառարանի չրչրթացող  կարտոֆիլի մոտ:

Ճիշտն ասած, չգիտեինք ոնց դիմել, բայց ուզում էինք շնորհակալական խոսք ասել: Դիմելաձևն էր խնդիրը, որ զրույցը չեր կպնում:

-Ես տեր Սարգիսն եմ… արդեն երկու տարի է այստեղ եմ ծառայում… էստեղ կմնաք գիշերը, խնդիր չկա:

Երևում էր, որ երկու սենյակից բաղկացած տունը նոր էր կառուցված. կոպիտ սվաղի վրա ոչինչ չկար («անհյուրընկալ պատերը սև»), սեղանի, մահճակալի ու մի քանի աթոռից բացի՝ ոչինչ մի:

-Հյուրասիրվե՛ք, – տեր Սարգսի մի ձեռքում թեյնիկն էր, մյուսում՝ խորոված կարտոֆիլով ափսեն:

-Հյուրասիրվեք, – կրկնեց,- կարտոլ ավելացրի փեչին,  հերիքելու է: Դե, պատմեք` ո՞վ եք, ի՞նչ եք:

-Մեր ընկերոջն էինք եկել տեսակցելու, – խոսեց Կարենը,- ավտոն վարի գնաց ճամփին: («վարի» բառի վրա ժպտաց տեր Սարգիսը):

-Հըմմ, աշխարհից կտրված վայր է, մոտակայքում ոչինչ չկա, ես եմ ու էն կողմում՝ մի փոքրիկ գյուղ:

Կարտոֆիլը աղ ու հացի հետ հալվում էր բերաններումս:

Մի քանի բաժակ քաղցր թեյ խմելուց հետո, տաքացանք, տրամադրություններս բարձրացավ: «Այս ի՜նչ լավ մարդ է Տեր Սարգիսը»,- մտածում էինք մենք:

Տեր Սարգիսը պատմեց, որ երաժիշտ էր ժամանակին:  Պատմեց, որ չարաճճի տղա էր, փոքր տարիքից ծխում էր ու բանակում սպաների հետ կոնֆլիկտներ էր ունենում: Այնպես պատահեց, որ իր  կյանքում հեղափոխություն կատարվեց՝ հավատաց Քրիստոսին ու դարձի եկավ: Միանգամից թողեց երաժշտությունն ու ընդունվեց ճեմարան: Հարազատներն ու ընկերները շոկի մեջ էին…

– Լավ, տեղավորեմ ձեզ, արդեն տասն է: Երկուսդ՝ այստեղ, երկուսը՝ այնտեղ:

Ես տեղավորվեցի բազմոցին, Նիկոլը՝ ծալովի մահճակալին: Տեր Սարգսի սենյակ էլ գիշերելու գնաց Կարենը:

Ամեն ինչ հանգիստ էր: Հոգնածությունը քաղցր քունն ապահովել էր: Երևի երեքի կողմերն էր, երբ հարևան սենյակից թմփոց ու օգնության կանչ լսեցինք: Մինչև ցատկեցի տեղիցս, Նիկոլն արդեն հարևան սենյակում էր: Խառնաշփոթ էր, Տեր Սարգիսը գետնին էր ու գլուխը չէր ուզում բարձրացնել, Կարենն էլ անկյունում սեղմված էր: Մեկ էլ՝ Նիկոլի հարվածը տեսա տեր Սարգիսի ծնոտին… չխկաց ծնոտը… Կամացուկ ոռնում էր ու արցունքները մի կերպ զսպում:

-Գնանք, գնանք, տղերք: Էստեղ չեմ կարող մնալ:
-Բայց էս կեսգիշերին ու՞ր գնանք,- հարցրեց Նիկոլը:
-Թե ընկեր ես, խնդրում եմ, արի գնանք:

Արդեն հանգված, չախկալների ոռնոցների տակ թանձր գիշերով քայլում էինք դեպի ավտոն, երբ Նիկոլը հարցրեց:

-Ասում ես՝ ո՞նց է եղել:
– Քնած էի, մեկ էլ զգում եմ  ինչ-որ ձեռքերի տաքություն վարտիքիս մեջ…

 

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարում հեղինակն է:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031