Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդական նվագախմբի 10 տարվա պտուղները

Հունվար 20,2016 13:30

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի առաջին համերգը կայացել է 10 տարի առաջ՝ հունվարի 25-ին: Դրանից երեք տարի հետո նվագախումբը ստացել է պետական կարգավիճակ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը այս տարվա հունվարի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կտոնի հիմնադրման 10-ամյակը, իսկ հոբելյանական համերգին կմասնակցեն հանրահայտ եւ սպասված երաժիշտներ Նարեկ Հախնազարյանը, Ալեքսանդր Ռոմանովսկին, Հայկ Կազազյանը, Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, Յուկա Ցուբոյը, Աստղիկ Սիրանոսյանը:

Այլ գործերի թվում կկատարվեն նաեւ Քշիշտոֆ Պենդերեցկու ստեղծագործություններից, մասնավորապես նրա Կրկնակի կոնցերտը ջութակի եւ թավջութակի համար, որը մշտապես Երիտասարդական նվագախմբի երկացանկում է, իբրեւ մենակատարներ էլ հանդես կգան 2015 թ. Չայկովսկու անվան մրցույթի հաղթող ջութակահար Հայկ Կազազյանը եւ Պենդերեցկու անվան մրցույթի հաղթող, թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը:
Ավելի վաղ՝ Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի շրջանակներում, որ անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո ու նվիրվում է անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան 95-ամյակին, Երիտասարդական նվագախումբը եւս մեկ հրաշալի համերգ ունեցավ, որի ծրագրում Էդվարդ Միրզոյանի Սիմֆոնիան էր՝ լարայինների եւ գոսերի համար, ինչպես նաեւ Խաչատուր Մարտիրոսյանի Կոնցերտ-ֆանտազիան՝ ջութակի եւ նվագախմբի համար: Իբրեւ մենակատար հանդես եկավ աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը (Հայաստան/ Գերմանիա):

Խաչատուր Մարտիրոսյանը հենց նրան էլ նվիրել էր իր բացառիկ գործը:
Ինչ վերաբերում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին՝ այն միայն 2015թ. տվել է 66 համերգ, իսկ հիմնադրման 10 տարիների ընթացքում՝ շուրջ 400: Նվագախումբը` Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, ելույթ է ունեցել ամենահեղինակավոր համերգասրահներում, այդ թվում՝ Opera Garnier (Փարիզ), Konzerthaus (Բեռլին), Dr. Anton Philipszaal (Հաագա), Չայկովսկու անվան համերգասրահ եւ Կոնսերվատորիայի Մեծ համերգասրահ (Մոսկվա), Palais des Beaux-Arts (Բրյուսել), մասնակցել մի շարք միջազգային հեղինակավոր փառատոների։ Նվագախումբը համագործակցում է երաժշտական աշխարհի այնպիսի անունների հետ, որոնց թվում են Վալերի Գերգիեւը, Վլադիմիր Սպիվակովը, Մաքսիմ Վենգերովը, Դենիս Մացուեւը, Վադիմ Ռեպինը, Բորիս Բերեզովսկին…

2007 թվականից Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդիսանում է Հայաստանին մեծ հեղինակություն բերող Խաչատրյանական միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբը։

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.01.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031