Լրահոս
Օրվա լրահոսը

Միհրան Պողոսյանը բանանի, սեփական եկամուտների ու Արփինե Հովհաննիսյանի մասին

Հունվար 26,2016 18:20

Հարցին, թե փաստաթղթերով դուք կապ չունեք Հայաստան բանանի ներկրման մենաշնորհ ունեցող «Քեթրին» ընկերության հետ, հնարավո՞ր է իմանաք, թե ով է կանգնած այդ ընկերության թիկունքում, որ բանանը 3 անգամ թանկ է վաճառում, ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետ Միհրան Պողոսյանն ասաց. «Բանանի հարցին բազմիցս պատասխանել եմ: Բազմիցս նշել եմ եւ անդրադարձել եմ այդ հարցերին, այն հարցերի պատասխանը, որ կրկնվել է, եկեք չպատասխանենք այդ հարցին»: Միհրան Պողոսյանն այսօր ասուլիս էր հրավիրել` ամփոփելու 2015 թվականին կատարած աշխատանքները:

Այն հարցին էլ թե Միհրան Պողոսյանն ի՞նչ գործ ունի գերշահույթներ ունեցող «Քեթրին գրուպ»-ի հետ, պատասխանեց. «Քեթրին գրուպը 1997-ին հիմնել է Միհրան Պողոսյանը եւ մինչեւ դա, մինչեւ այսօրվա իրականությունը որոշակի ժամանակահատված Միհրան Պողոսյանը կառավարել է Քեթրին Գրուպը»:

Ըստ ԴԱՀԿ պետի, 2015 թվականին բռնագանձումների եւ վերականգնումների ծավալները գերազանցել է 24 միլիարդ դրամի սահմանագիծը: Հարուցվել է 893 հազար կատարողական վարույթ: Պահանջատերերի օգտին բռնագանձվել եւ վերականգնվել է 24 միլիարդ 995 միլիոն 765 հազար 343 դրամ, մասնավորապես՝ պետական բյուջեի օգտին՝ 7 միլիարդ 190 միլիոն 192 հազար 380 դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 13 միլիարդ 676 միլիոն 112 հազար 23 դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝ 1 միլիարդ 601 միլիոն 220 հազար 616 դրամ:

Այն հարցին, թե ԴԱՀԿ ծառայողների երդման արարողությունը Ծիծեռնակաբերդում կազմակերպելո՞վ է պայմանավորված, որ ԴԱՀԿ-ի կողմից բռնագանձված գումարները նախորդ տարի աճել է, Միհրան Պողոսյանն ասաց. «Ծիծեռնակաբերդի մասով մենք խոսել ենք, վարույթների քանակի փոխկապակցվածությունը ես չեմ իմանում ինչու պետք է կապակցված լինի դրա հետ»:

ԴԱՀԿ ղեկավարը հերքեց այն տեղեկությունը, թե Սերժ Սարգսյանն իր կնքահայրն է, եւ որ իր եկամուտներն աճել են: Միհրան Պողոսյանն ասաց, որ չի հիշում մի դեպք, երբ իր անվան հետ կապվող բիզնեսներում վարույթներ իրականացված լինեն: ԴԱՀԿ ղեկավարի տվյալներով ոչ գույքային բնույթներով հարուցվել եւ ընթացք է տրվել 27 հազար 384 կատարողական վարույթի: Ավարտած եւ կարճված կատարողական վարույթների քանակը 2015 թվականին կազմել է 743 հազար 835 կատարողական վարույթ:

ԴԱՀԿ պետից նաեւ հետաքրքրվեցին, թե ինչպիսի հարաբերություններ ունի` հիշեցնելով արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի հետ տեղի ունեցած միջադեպը, որից հետո Դանիելյանն ազատվեց աշխատանքից: Լրագրողը հետաքրքրվեց, թե ի՞նչ արտոնյալ կարգավիճակ ունի Միհրան Պողոսյանը, որը խնդիրներ է ունենում իր ղեկավարի հետ, բայց ղեկավարն է պաշտոնանկ լինում. «Ես չեմ կարծում, որ ես արտոնյալ կարգավիճակում եմ գտնվում, նաեւ չեմ կարծում, որ նախկին վարչապետի մեկնաբանությունից հետո դա ճիշտ է քննարկելը: Կային բազմաթիվ խնդիրներ: Նախ` նա հրաժարական չտվեց, աշխատանքից ազատվեց: Ես չեմ կարծում, որ իմ պատճառով է դա: Մի քիչ ճիշտ չի, որ ես մեկնաբանեմ»,- ասաց ԴԱՀԿ պետը` վստահեցնելով, որ արդարադատության ներկայիս նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ հարաբերություններն աշխատանքային են եւ կառուցողական»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031