Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջավադյանը «պաշտոնապես» կմարզի երիտասարդ ձայներին

Փետրվար 10,2016 12:30

Վերջերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներմասնագիտական եւս մեկ որոշում իրականացվեց: Տարիներ անց ճանաչված օպերային տենոր, ռեժիսոր Գեղամ Գրիգորյանի՝ կրկին գեղարվեստական ղեկավարի կարգավիճակում թատրոն վերադառնալուն պես, լուծարվեց փորձնակների (ստաժոր) համակարգը, որին օրերս փոխարինելու եկավ մեզանում նոր մոդելի՝ երիտասարդ օպերային մեներգիչների ծրագրի հիմնումը: Ըստ էության, երկու անվանումների դեպքում էլ նպատակը կարծես թե նույնն է, բայց մոտեցումներն են խիստ տարբեր կամ նույնիսկ հակադիր: Խորհրդային տարիներից եկած փորձնակների մասնակի վճարովի համակարգին, փաստորեն, փոխարինելու է եկել մեներգիչների բազմակողմանի պատրաստման եւ վարպետության մշակման անվճար համակարգը, որն ավելի ճկուն է, առավել գործնական եւ խիստ ռացիոնալ:

«Առավոտը» հանդիպեց երիտասարդ օպերային մեներգիչների ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանի հետ: Խոսելով նոր համակարգի մասին, մեր զրուցակիցը փաստեց, որ մի քանի տարի առաջ Երեւանի օպերային թատրոնում վերացավ ստաժորների ինստիտուտը, այսինքն՝ սերնդափոխությունը կարծես կանգ առավ: «Երիտասարդ օպերային երգիչը կոնսերվատորիան ավարտելուց հետո կանոնավոր կերպով չէր կարող մուտք գործել թատրոն: Դա էր պատճառը, որ անցած տարիներին կորցրինք հիանալի ձայներ, որոնք այսօր զարդարում են արտասահմանյան հեղինակավոր օպերային թատրոնների բեմերը, էլ չեմ խոսում սահուն սերնդափոխության մասին»,- հայտնեց պարոն Ջավադյանը: Հետո էլ «Բոլշոյ» օպերային թատրոնի օրինակը բերեց. «2009 թվականից այնտեղ Դմիտրի Վդովինի ղեկավարությամբ գործում է երիտասարդ օպերային մեներգիչների ծրագիրը, կամ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում կա երիտասարդ մեներգիչների ակադեմիա, որը ղեկավարում է Լարիսա Գերգիեւան: Անվանումները՝ ծրագիր կամ ակադեմիա, այդքան էական չեն: Ինչպես նշածս մշակութային օջախներում, այնպես էլ մեզ մոտ, երիտասարդ մեներգիչները կատարելագործման ժամանակահատվածում պետք է խորանան վոկալ արվեստում: Պարզ է, որ ուսումը, օրինակ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, միանշանակ բարձրակարգ է, բայց արդյոք խորհելու տեղիք չի՞ տալիս այն փաստը, որ 2015թ. Երեւանի կոնսերվատորիայի շրջանավարտ Մանե Գալոյանը (պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի դասարան) Չայկովսկու անվան ճանաչված մրցույթում դափնի շահելուց հետո, այսօր կատարելագործվում է Հյուսթոնի օպերային թատրոնի երիտասարդական ստուդիայում… Ի դեպ, տիկին Մարտիրոսյանը հրավիրված է օպերային թատրոն՝ խորհրդատուի կարգավիճակով մասնակցելու երիտասարդական ծրագրին:

Նշեմ, որ նախկին փորձնակների հետ համեմատ, այսօր հիմնված ծրագրում, որի մտահղացումը պատկանում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանին, երիտասարդ օպերային երգիչը պետք է նաեւ վոկալի եւ բեմական շարժուձեւի մեջ հմտանալուց հետո ուսումնասիրի «օպերային» լեզուներ, այդ թվում՝ իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն: Թեեւ բարձրակարգ օպերային երգչի համար այնքան անհրաժեշտ այս գիտելիքների առաջին աղբյուրը Երեւանի կոնսերվատորիան է, նաեւ ծրագիրը հոգ կտանի երիտասարդներին մասնակցելու վերպետության դասընթացներին ինչպես մեզ մոտ, այնպես էլ արտասահմանում: Էլ չեմ խոսում նրանց հեղինակավոր միջազգային մրցույթներին մասնակից դարձնելու մեր մտադրության մասին»:
Լեւոն Ջավադյանը հայտնեց, որ անցյալ տարվա վերջերից Գեղամ Գրիգորյանի հետ Երեւանի կոնսերվատորիայում լսումներ են անցկացրել, որոնց արդյունքում այսօր արդեն օպերային թատրոնում նորաստեղծ երիտասարդ օպերային մեներգիչների ծրագիր են հրավիրվել ավելի քան 10 հիանալի ձայներ: Մեր զրուցակիցը հավաստիացրեց նաեւ, թե արդեն սկսվել են Չայկովսկու «Եվգենի Օնեգին» եւ Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուր» օպերաների նախապատրաստական աշխատանքները:

«Մեր օպերային թատրոնը մշտապես հարուստ է եղել ավանդույթներով, առաջին հերթին՝ վառ անհատականություններով, որոնց կողքին «մկրտվել» եւ առաջին քայլերն են արել երիտասարդ արվեստագետները: Այնպես որ, նույնը պետք է շարունակվի այսօր…»,- ասաց պարոն Ջավադյանը: Նաեւ հավելեց, թե մերօրյա հայկական օպերային արվեստը հիմնվում է մի քանի անունների վրա՝ Հասմիկ Պապյան, Անահիտ Մխիթարյան, Գեղամ Գրիգորյան, Բարսեղ Թումանյան, եւ իսկապես երիտասարդ երգչի համար «մեծ շահում» է Գեղամ Գրիգորյանի՝ իրենց կողքին գտնվելը»:

Ինչ վերաբերում է մասնագիտությամբ դաշնակահար Լեւոն Ջավադյանին, տեղին է նշել, որ հենց նրա ղեկավարությամբ իրենց առաջին քայլերն են արել այսօր հայրենական եւ արտասահմանյան բեմերի ցանկալի արտիստներ Գեւորգ Հակոբյանը, Հովհաննես Այվազյանը, Դավիթ Բաբայանցը, Լիպարիտ Ավետիսյանը, Մագդա Մկրտչյանը եւ ուրիշներ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29