Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում օրերս հատուկ երեկո էր։
Օպերային թատրոնի մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանը հրավիրել էր միանգամից երկու հայաստանյան պրեմիերայի։ Հնչեց Ռոսսինիի «Երաժշտական երեկոներ» վոկալ շարքը, և հանդիսատեսը վայելեց իտալացի կոմպոզիտորի բաղադրատոմսով՝ երգչուհու պատրաստած «Ռոսսինի կոկտեյլը»։
Կարդացեք նաև
Հիմա՝ հերթականությամբ։ 37-ամյա Ռոսսինին, իր փառքի գագաթնակետին, 39-րդ օպերայի բեմադրությունից հետո՝ 1829 թ., որոշեց հեռանալ օպերայից։ Եվ միայն վեց տարի անց հրատարակեց ութ երգերից և չորս զուգերգերից բաղկացած «Երաժշտական երեկոներ» ժողովածուն, որից հետո կոմպոզիտորը շարունակեց ստեղծագործել տարբեր ժանրերում, բայց այլևս չդիմեց օպերային։
Վոկալ շարքի բոլոր ստեղծագործությունները գրվել են իտալական տեքստերի հիման վրա, որոնց հեղինակների թվում են նաև ոչ մասնագետներ։ Օրինակ՝ կոմս Կառլո Պեպոլին, որը քաղաքական գործիչ էր, Իտալիայի ազատագրական պայքարի մասնակից և որը բարձր պաշտոններ է զբաղեցրել 1831 թ. ապստամբության ժամանակ, իսկ դրա պարտությունից հետո աքսորվել է Փարիզ և, ապրելով այնտեղ, գրել է մի քանի իտալական օպերաների լիբրետոներ, այդ թվում՝ Բելլինիի «Պուրիտանացիները»։
Վոկալ շարքի երաժշտությունը հաղորդում է մի տեսակ անհոգ տրամադրություն և կյանքի հանդեպ ուրախ զգացում, ինչը բնորոշ է Ռոսսինիի ոճին։ Նույնիսկ այն հազվագյուտ երգերում, որտեղ տեքստերը տխուր են՝ ներկայացնելով սիրահարների բաժանումը, միևնույն է, երաժշտությունը պահպանում է թեթև երանգը՝ ռիթմի, նվագակցական հյուսվածքների և մեղեդային շրջադարձերի շնորհիվ։
«Երաժշտական երեկոներ» շարքում, որում ընդգրկված են և՛ մեներգեր, և՛ դուետներ, բարձրարվեստ կատարումներով հանդես եկան նաև երգիչներ Վարսենիկ Ավանյանն ու Դավիթ Խաչատրյանը։ Նվագակցում էր Ելենա Վարդազարյանը։
Մագդա Մկրտչյանին հատուկ ներկայացնելու հարկ չկա։ Արդեն 27 տարի նա հանդես է գալիս համաշխարհային օպերային գանձարանի այնպիսի նմուշներում, ինչպիսիք են Վերդիի «Աիդան», Բելլինիի «Նորման», Պուչինիի «Տոսկան», Մոցարտի «Դոն Ժուանը»՝ մարմնավորելով գլխավոր կերպարներին և այլն։
Հիմա անդրադառնանք «Ռոսսինի կոկտեյլին» և վստահեցնենք, որ մեր իրականությունում դեռևս նման բան չէր եղել, որ արվեստագետն իր մենահամերգի ժամանակ նաև կազմակերպեր հյուրասիրություն հանդիսատեսին։
Aravot.am-ի հետ զրույցում Մագդա Մկրտչյանը ներկայացրեց նաև վերջին շրջանում իր հայաստանյան պրեմիերաները։ 2025 թ. առաջին անգամ հնչեցրել և այնուհետև ձայնագրել է Կոմիտասի 11 օրորները, որոնք, ըստ մեր զրուցակցի, Վարդապետը լսել ու գրի էր առել Սիամանթոյի մոր շուրթերից։ Երգչուհին դարձյալ առաջինն է հնչեցրել Ռոմանոս Մելիքյանի «Զառ-Վառ» շարքը՝ դաշնակահար Նունե Մելիք-Վրթանեսյանի ընկերակցությամբ։ Հիմա էլ որոշել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացած այս շարքը կրկնել նաև Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, քանի որ, ըստ արվեստագետի, շարքի երգերը համահունչ են սարյանական գույներին։
Հետաքրքրությանը, թե կշարունակվե՞ն իր կողմից հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաները, երգչուհին, առանց մանրամասնելու, ժպիտով ասաց.
— Այդ ուղու վրա եմ, արդեն պեղել ու գտել եմ մեկ-երկու ստեղծագործություն ևս։
Մագդա Մկրտչյանից խնդրեցինք տրամադրել «Ռոսսինի կոկտեյլի» բաղադրատոմսը։
Նա նախ որոշ մտքեր արտահայտեց Ռոսսինիի մասին՝ իբրև խոհարարի։
— Կոմպոզիտորի համար երաժշտությունն ու խոհարարությունը համարժեք են եղել։ Այս առիթով մի քանի վկայություն բերեմ։ Հանրահայտ «Tancredi»-ի «Di tanti palpiti» արիան աշխարհում իսկույն տարածվել ու հայտնի է դարձել «Բրնձի արիա» անվամբ, քանի որ Ռոսսինին այն գրել է ռիզոտոյի պատրաստման ժամանակ։ Կոմպոզիտորի երկացանկում կա նաև «Երաժշտություն ճաշի համար» մանրանվագների շարք՝ «Նուշ», «Չորս խորտիկ», «Օ՜, ոլոռ…» վերնագրերով։ Ի դեպ, կոմպոզիտորի նախընտրած ու սիրելի դելիկատեսը տրյուֆելն էր։ Նա իր հիշողություններում գրում է. «Ես կարող եմ անդադար տրյուֆել վայելել ու դրանք համեմատել միայն Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի հետ», — հայտնեց երգչուհին և ներկայացրեց «Ռոսսինի կոկտեյլի» բաղադրատոմսը, որը պատրաստվում է շամպայնից և ելակի պյուրեից։
— Անհրաժեշտ է ելակը մանրացնել բլենդերի մեջ՝ մինչև միատարր զանգված ստանալը, ապա վրան լցնել 4–6 տոկոս ալկոհոլ պարունակող փրփրուն գինի, ավելացնել սառույցի խորանարդիկներ։ Վերջում զարդարել թարմ ելակով։ Այս թարմացնող ու կենսունակ կոկտեյլը հիանալի է ամառային ընթրիքին կամ երեկույթի ժամանակ, և, ինչպես կոմպոզիտորն է կատակել, շաքար էլ պետք է ավելացնել՝ քաղցր և թթու նոտաները հավասարակշռելու համար։
Սամվել Դանիելյան
Համերգից լուսանկարները տրամադրել է Մագդա Մկրտչյանը։



























































