Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը ներկայացնող երիտասարդը Ռումինիայում լավագույն ֆրանկոֆոն ուսանող է ճանաչվել

Փետրվար 10,2016 13:50

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում այսօր պարգեւատրվեցին լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների մրցույթի հաղթողները: Հասարակագիտական ոլորտում առաջին մրցանակի արժանացավ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի մարքեթինգի ֆակուլտետի ուսանող Անատոլի Չերնյաեւը:

«Բարձր առաջադիմություն, համալսարանի կյանքում ներգրավվածություն եւ հասարակական ակտիվություն: Սրանք այն չափանիշներն են, որոնցով ընտրվել են լավագույն ուսանողները: Առաջին կուրսից մինչեւ հիմա իմ միջին գնահատականը 19-ից բարձր է: Ինչ վերաբերում է ներհամալսարանական ակտիվությանը, նախորդ տարի մասնակցել եմ մեր բուհում կազմակերպված թատրոնին՝ որպես պարող, նաեւ օգնել եմ կազմակերպել այլ միջոցառումներ: Նաեւ տարբեր երկրներում մասնակցել եմ մի շարք միջազգային սեմինարների»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Անատոլին:

Նա նշեց, որ վերջերս Ռումինիայում մասնակցել է ֆրանկոֆոն ուսանողների միջազգային սեմինարին եւ ներկայացրել Հայաստանը. «Ռումինիայում եւս առաջին մրցանակի արժանացա՝ ստանալով մեկ այլ երկրում ճամփորդելու հնարավորություն: Այդպես գնացի Ֆինլանդիա: Յուրաքանչյուր երկիր նոր փորձ է տալիս եւ դա վերաբերում է ոչ միայն պատմությանը եւ մշակույթին, այլ հենց կյանքին: Նոր ծանոթություններ եւ հնարավորություններ ես ձեռք բերում»:

Մեր զրուցակիցը նկատեց, որ շատ քիչ համալսարաններ են առաջարկում մարքեթինք, այդ թվում ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը. «Բացի այդ, հաշվի եմ առել լեզվական հնարավորությունները: Դասերը հիմնականում անցկացվում են ֆրանսերենով: Ի դեպ, մարտին համալսարանի մի խումբ ուսանողներ, այդ թվում ես, կմեկնեն Ֆրանսիա՝ ուսումնական պրակտիկա անցնելու: Հետագայում կփորձեմ ուսումս շարունակել Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործընկեր՝ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29