Լրահոս
Օրվա լրահոսը

Ձկնաբուծները պնդում են, որ իրենք ոչ մի առնչություն չունեն Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի պաշարների գերշահագործման հետ. ՀԲՃ

Փետրվար 10,2016 17:10

Այսօր Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ներկայացրեց իր նոր եռամյա ծրագիրը, որի հիմնական նպատակն է գիտական, տեխնոլոգիական, նորարարական նախաձեռնությունների և շահագրգիռ կողմերի հետ համագործակցության միջոցով աջակցել Արարատյան դաշտի ջրային պաշարների ճիշտ կառավարմանը և ջրօգտագործողների կողմից առաջադեմ փորձի կիրառմանը, որի արդյունքը կլինի ստորերկրյա ջրային պաշարների ջրառի ծավալների նվազեցումն ու կայուն վիճակի ապահովումը։

Եթե հանդիպմանը ներկա պետական պաշտոնյաները՝ գոնե իրենց ելույթներում, ընդունում էին խնդիրների առկայությունը և լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, ապա ձկնաբուծական տնտեսությունների ներկայացուցիչները լրիվ այլ կերպ էին տրամադրված ու խոսում էին միայն իրենց խնդիրներից ու շահերից։

«Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանը ներկաներին ամեն կերպ ուզում էր համոզել, որ ձկնաբուծարանները ոչ մի կապ չունեն Արարատյան արտեզյան ավազանի ստորեկրյա ջրերի պաշարների աղետալի վիճակի հետ, և պետք չէ իրենց անունը անընդհատ հոլովել։ Պարոն Աթոյանին ուզում ենք ուղղակի հիշեցնել, որ վերջին միակ քիչ թե շատ հավաստի հետազոտությունն այդ ոլորտում կատարվել է հենց ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից, որի արդյունքում հաստատվել է ձկնաբուծական տնտեսությունների կողմից հսկայական քանակի բարձրորակ արտեզյան ջրերի օգտագործման փաստը (տես հոդվածը

Իսկ «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի նախագահ Արմեն Բունիաթյանն էլ դժգոհում էր այն փաստից, որ բարձրացվել է իրենց կողմից օգտագործվող ջրի գինը՝ ինչն էլ իբր թե խանգարում է տնտեսությունների զարգացմանը։ Անտեղյակ լսողի մոտ կարող է կարծիք ձևավորվել, որ իսկապես այդ պատճառով ձկնաբույծները հայտնվել են ծանր վիճակում, քանի որ պարոն Բունիաթյանը չէր նշում կոնկրետ թվեր, թե որքան են վճարել և վճարում իրենք ջրի համար։

Որպեսզի ամեն ինչ պարզ լինի՝ ներկայացնենք թվերը. մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ձկնաբուծական տնտեսությունները 1 խորանարդ մետր խմելու որակի ջրի անվերադարձ օգտագործման համար վճարել են ընդամենը 5 լումա, իսկ գինը բարձրացնելուց հետո այն կազմել է 50 լումա: Սրանք այնպիսի ծիծաղելի դրույքաչափեր են, որ խոսել դրանց բարձր լինելու մասին ուղղակի անընդունելի է։ Համեմատության համար նշենք, որ ոռոգման ջրի նույն քանակի համար գյուղացիները վճարում են 11 դրամ՝ այսինք 22 անգամ ավելի շատ, քան ձկնաբույծները։

Հաշվի առնելով այսպիսի սուբյեկտիվ կարծիքների առկայությունը, առաջարկում ենք ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը այս ծրագրի շրջանակներում նաև վերլուծել ու օբյեկտիվ գնահատել Արարատյան դաշտում ձկնաբուծության նման ծավալներով զարգացման տնտեսական նպատակահարմարությունը, ինչպես նաև դրա էկոլոգիական և սոցիալական իրական հետևանքները։

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29