Լրահոս
Օրվա լրահոսը

Տիրոջը «հարստացրած» ածելին Զորավար Անդրանիկի թանգարանում է

Փետրվար 24,2016 17:00

Փետրվարի 25-ը Զորավար Անդրանիկի (Անդրանիկ Օզանյան) ծննդյան օրն է: Բայց, քանի որ տարին հոբելյանական չէ զորավարի համար, նրա 151-ամյակի առթիվ մեծ միջոցառումներ նախատեսված չեն:

Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանի հիմնադիր տնօրեն Իլյիչ Բեգլարյանը:

1995 թվականին հիմնադրված թանգարանն այսօր երեք հազար ցուցանմուշ ունի:

Ի. Բեգլարյանի փոխանցմամբ՝ վերջին տարում թանգարանին Զանգեզուրից բերված մի սափոր են նվիրել, որի տիրոջ պապին հյուրընկալվելիս Անդրանիկը դրանից թան է խմել:

Թանգարանում այսօր մի ածելի կա, որը, պարզվում է, մինչև այստեղ հայտնվելը «հարստացրել է» տիրոջը. «Երբ ես Պլովդիվում էի, ասացին, որ հայերն այստեղ մշտական հավաքատեղի ունեն: Ես էլ գնացի այնտեղ, ներկայացա, շատ լավ ընդունեցին: Հետո մեկը վեր կացավ, ասաց. «Պապս վարսավիր է եղել, և Անդրանիկի շնորհիվ մենք միլիոնատեր ենք դարձել»: Զարմացա՝ ինչպե՞ս: Ասաց, որ իր պապը սափրել է զորավարին: Դրանից հետո ով եկել է, ասել է՝ Զորավարի ածելիով կսափրե՞ս ինձ»,- պատմեց Ի. Բեգլարյանը:

Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանի հիմնադիր տնօրենի համար շատ կարևոր է, որ Անդրանիկի կյանքի ու գործի մասին երիտասարդներն ամեն ինչ իմանան, քանի որ նրա կատարած հերոսություններն անգնահատելի են. «22 տարի զորք չի ունեցել: Ունեցել է միայն ֆիդայիների մեծ խումբ, որը կարողացել է պայքարել հայակեր թուրքերի դեմ»,- շեշտեց Ի. Բեգլարյանը:

Այն հարցին, թե ինչու թանգարանին պետական կարգավիճակ չի տրվում, պարոն Բեգլարյանը պատասխանեց, որ ինքը չի ցանկանում. «Եթե թանգարանը պետական կարգավիճակ ձեռք բերի, պետք է զորավարի մասունքները հանձնեմ պետությանը, որովհետև ոչ ոք չի ասի՝ թող թանգարանը քոնը լինի, ես էլ քեզ գումար կտամ, միայն թե դու այդ թանգարանը պահի: Ես էլ չեմ ուզում զորավարի մասունքները որևէ մեկին հանձնել. իմ սեփական միջոցներով ու մեծ դժվարությամբ եմ դրանք տեղափոխել Հայաստան»,- բացատրեց թանգարանի տնօրենը:

Ի դեպ՝ թանգարանը բաց է ամեն օր, բացի երկուշաբթի օրվանից: Մուտքն էլ անվճար է ոչ միայն դպրոցականների, այլև բոլոր այցելուների համար:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29