Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցեր Պահքի մասին

Մարտ 02,2016 12:30

Ինչու ենք Պահք պահում

Մեծ Պահքի շրջանը հոգեւոր պատրաստություն է: Տեսնո՞ւմ եք: Ուտելիքից չեմ սկսում, որովհետեւ Մեծ Պահքի շրջանը զղջման ու ապաշխարության ժամանակ է, որի արդյունքում մարդը փոխվում է՝ իր միտքը հաստատապես դնելով Հիսուս Քրիստոսի վրա: Մարդն ունի մարմին, միտք եւ հոգի: Քո մարմինն ունի զորավոր ցանկություններ, որոնք պայքարում են քո միտքը կառավարելու համար: Այս ցանկություններն այնքան զորավոր են, որ խանգարում են քո հոգու կյանքին: Հետեւաբար, մեզ որոշ տեսակի ուտելիքներից ու ցանկություններից կամավոր զրկելով՝ մենք օգնում ենք բավարարել հոգու պահանջները եւ կարգապահության ենք վարժեցնում մեր անձերը: Հիշեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետեւյալ խոսքերը, թե՝ «Միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից»։ (Մտ 4:4) Պահեցողություն անելը նաեւ ունի մի քանի այ լբարիքներ: Աղոթելն ավելի հեշտ է դառնում: Մեր հոգին թեթեւանում է, որովհետեւ այլեւս չի ծանրանում մարմնի ցանկություններից: Մենք ավելի սեր ու կարեկցանք ենք զգում կարիքավորների նկատմամբ եւ մեզանից մի բան զրկում ենք մեր կարիքավոր քույրերին ու եղբայրներին հասցնելու համար: Այսուհանդերձ, պահքի նպատակը փոխվելն է: Ոչ թե սպասել, թե այս շրջանը երբ է վերջանալու, որ ետ վերադառնանք մեր նախկին չարգործերին ու ցանկություններին, այլ փոխվել, դառնալ ավելի խոնարհ, սիրով լի, սիրել Աստծուն քո ամբողջ կարողությամբ ու սիրել մարդկանց, ինչպես քո անձը:

Ինչ պետք չէ ուտել եւ ինչ պետք է ուտել Պահքի ժամանակ

Առաջին հարցի պատասխանից տեսաք, որ ուտել-չուտելն արդեն դառնում է երկրորդական, քանի որ Պահքի նպատակը փոխվելն է՝ ավելի լավ մարդ դառնալը: Ըստ Հայ առաքելական եկեղեցու ուսմունքի, Պահքի ժամանակ չենք ուտում կենդանական ծագման կերակուրներ (միս, ձու, կաթնեղեն, կարագ, մածուն, պանիր, թթվասեր եւ այլն): Փոխարենն ուտում ենք կերակուրներ, որոնք ունեն բուսական ծագում: Որոշ տեղերում կարդացի, որ մեղրը նույնպես արտոնված է ուտել Պահքի ժամանակ: Ուտելու հարցում էլ խստության տարբեր աստիճաններ կան: Այս աստիճանները կախված են ձեր հոգեւոր վիճակից, առողջությունից ու կամքի ուժից: Մարդ կա՝ շաբաթը մի քանի անգամ է ընդամենը հաց ուտում: Մարդ կա՝ օրը մի անգամ: Մարդ էլ կա՝ սովորականի պես է ուտում, բայց քիչ: Դուք որոշեք ձեր խստության աստիճանը ու հավատարիմ մնացեք դրան: Կարող եք տարբեր օրեր ու տարբեր շաբաթներ տարբեր խստության աստիճաններ ունենալ: Այս հարցերի մասին խոսեք ձեր քահանաների ու հոգեւոր հայրերի հետ: Իրենք ձեր հոգեւոր ճանապարհն իմանալով՝ հնարավոր է, որ ձեզ անհատական կենսակարգ խրատեն:

Ինչ պետք է անել եւ ինչ պետք է չանել Պահքի ժամանակ

Նայեք ձեր սրտի ներսն ու զղջացեք ձեր արած կամ մտածած վատ բաների համար: Չար բան մի մտածեք: Վատ բան մի արեք: Ոչ մի մարդու վատ բան մի ցանկացեք: Ձեր միտքը միշտ Քրիստոսի վրա պահեք, որպեսզի միտքը, որքան հնարավոր է՝ մաքուր մնա, որպեսզի չար մտքերը չկառավարեն ձեր կյանքը, այլ Աստուծո կամքը կառավարի ձեր կյանքը: Շատ աղոթեք: Հավատքով ողորմություն ու օգնություն խնդրեք Աստծուց: Աշխարհիկ բաներ մի խնդրեք աղոթքի ժամանակ: Մաթեւոսի Ավետարանում երկու անգամ Տեր Հիսուսն ասում է 6-րդ գլխում, որ՝ «Ձեր Հայրը գիտէ, թէ ինչ է ձեզ պէտք, նախքան որ դուք նրանից մի բան ուզէք»։ (Մտ 6:8, 6:32) Դուք վստահեք ձեր Հորը: Ասեք, որ սիրում եք Իրեն ու Իր զավակներին (այսինքն՝ իրար):

Զղջացեք ձեր սխալների ու բացթողումների համար ու միայն ողորմություն խնդրեք: Օրը գոնե 3 անգամ աղոթեք: Իսկ եթե կարող եք՝ ավելի շատ: Օրվա ընթացքում, ինչ էլ անելիս լինեք, շնչելու հետ մտածեք՝ «Տեր Հիսուս Քրիստոս», իսկ արտաշնչելու հետ՝ «ողորմյա մեղավորիս»: Հատուկ նպատակ դրեք ծածուկ բարություն անելու համար: Մարդկանց սրտանց օգնեք: Գնացեք որբանոց, հիվանդանոց, ծերանոց, բարեգործական ճաշարաններ ու մարդկանց կամավոր օգնեք: Մխիթարեք, հույս տվեք, Լույսի ճամփեն ցույց տվեք, սիրեք ու բարձրացրեք: Այս անելով՝ դուք կփոխվեք ու կսկսեք Հիսուսին տեսնել իրենց մեջ:
Ցուցամոլություն չանեք ու մարդկանց ծոմ պահող ու բարեգործ չերեւաք: Տեր Հիսուսն ասում է՝ մարդիկ ձեզ կգովեն ու սա կլինի ձեր ամբողջ վարձքը: Իսկ եթե ծածուկ ու սրտով անեք, դուք դրա համար Աստծուց հատուցում կստանաք (Մաթ. 6:16-18): Բայց այնպես արեք, որ այդ սերն ու բարությունը աստվածային հատուցման համար չանեք, թե չէ կլինեք տանն աշխատող վարձկանների պես: Իսկ դուք տան զավակ եք՝ ժառանգ: Հետեւաբար ընտանիքի պես սիրեք ձեր երկնավոր Հորն ու իր զավակներին, ովքեր ձեր քույրերն ու եղբայրներն են: Սիրեք իսկական ու անշահախնդիր սիրով՝ առանց որեւէ բան ակնկալելու:
Ամեն օր սովորեք Աստուծո Խոսքը: Կարդացեք Ավետարանները, Սաղմոսները, Իմաստության գրքերը, առաքելական նամակներն ու մարգարեությունները: Ձեր երկնավոր Հայրը ձեզ Խոսք է ուղարկել ու ձեր կյանքի համար կարեւոր բաներ ասել: Նա ձեզ ասել է, թե ինչպես գնաք իր մոտ ու պաշտպանվեք թշնամուց: Իմիջիայլոց, չմոտենաք այս հարցին ու չանտեսեք, քանի որ նժարին ձեր կյանքն է դրված: Հետեւաբար, ամեն օր հատուկ ժամ ունեցեք Աստուծո խոսքը սովորելու համար: Տեսեք, չեմ ասում զուտ կարդալու: Այլ ավելին՝ սովորելու համար: Դա նման է ձեր սրտի մեջ սերմեր ցանելուն: Չար թշնամին գալու է եւ փորձելու է ձեր սրտից գողանալ այդ սերմերը: Դուք այնքան սովորեք Աստուծո Խոսքը, այնքան ցանեք ամեն օր, որ մի մասն ընկնի պարարտ հողի մեջ ու շատ պտուղ տա՝ մեկի դեմ 30, մեկի դեմ 60, մեկի դեմ 100 եւ ավելի:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

https://www.facebook.com/hareyanarm/

 

«Առավոտ» օրաթերթ
01.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031