Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ նախարարի կինը hzham.am-ից պահանջում է 3 մլն դրամ, հերքում եւ ներողություն

Մարտ 03,2016 15:09

Այսօր ՝ մարտի 3-ին, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՆ նախարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հայցի քննությունն էր՝ ընդդեմ «Հայկական ժամի», որը hzham.am կայքում հրապարակել էր վիրավորական նյութեր՝ հայհոյախառն արտահայտություններով: Նախարարի կինը ԶԼՄ-ից պահանջում է ոչ միայն հերքում, ներողություն, այդ նյութերի հեռացում կայքից, այլեւ 2 մլն դրամ՝ զրպարտությունների համար, 1 մլն դրամ՝ վիրավորանքների համար:

Արդեն որերորդ դատական նիստն է, որ ընթանում է առանց պատասխանող կողմի՝ ԶԼՄ-ի: Դատավորը հայտարարեց, որ քանի որ նրանք պատշաճ ծանուցվել են, նիստը կանցկացնեն առանց նրանց:

Ռուզաննա Խաչատրյանի փաստաբանները դատարանում ներկայացրեցին իրենց ապացույցները, մասնավորապես, դատարանում ընթերցեցին նյութերի այն հատվածները, որոնցից վիրավորվել է տիկին Խաչատրյանը եւ որոնք պարունակում են զրպարտություն. «Հոդվածները վերացական չեն, պարունակում են կոնկրետ, հստակ տեղեկություններ մեր վստահորդի մասին, արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, կատարվել է հրապարակային, պարունակում է սուտ, անհիմն տեղեկություններ»:

Ըստ նախարարի կնոջ փաստաբանների, «Ինչ հանգամանքներում մահացավ գործարարը» հրապարակման մեջ Ռուզաննա Խաչատրյանին մեղադրում են հանցագործության մեջ, որ նա հարբած ղեկին է նստել, դարձել հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանի որդու՝ Հովհաննես Հայրապետյանի մահվան պատճառ, մինչդեռ ղեկին ինքը չի եղել, զրպարտություն է, որի նպատակն է եղել բացառապես վիրավորել Ռ. Խաչատրյանի պատիվն ու արժանապատվությունը:

Դատարանում այսպես ընթերցեցին 7-8 հրապարակումներից հատվածներ, որոնցում նախարարի կնոջը մեղադրում են կոռուպցիայի մեջ, «ձյունը հալվեց, կեղտերդ հելավ ջրի երե՞ս, Ռուզիկ», «անբարո վարք», «սրբապիղծ» եւ այլ արտահայտություններով վիրավորում: Նույնիսկ այնպիսի հայհոյախառը բառեր կային, որոնք Ռուզաննա Խաչատրյաննի ներկայացուցիչները ամաչում էին դատարանում կրկնել՝ նշելով, որ այս արտահայտությունը չենք կարող մեջբերել:

Փաստաբան Կարեն Մեժլումյանի խոսքերով՝ իրենք պահանջում են ընդհանուր առմամբ 3 մլն դրամ, դա պատժի ամենախիստ չափը չէ. «Այդ գումարը իրավաչափ է եւ չի կարող դիտվել ազատ խոսքի նկատմամբ սահմանափակում: Բացի այդ, այս հոդվածները նաեւ արտատպվել են, ինչը ծանրացնում է նրանց մեղքը: Գործերից մեկով միայն լակոտ բառի համար 120 հազար դրամ էր գնահատել դատարանը: Իսկ այստեղ բազմաթիվ են վիրավորանքներն ու հայհոյանքները»:

Ըստ հայցվորի ներկայացուցիչների, այդ ամբողջ վիրավորանքները մատուցված են նյութում գռեհիկ կերպով՝ խախտելով լրագրողական էթիկայի կանոնները, որոշ նյութեր ստորագրված են կեղծանունով, նման մարդիկ չեն աշխատում ԶԼՄ-ում:

Փաստաբանները նաեւ ասացին, որ հենց առաջին հոդվածից հետո, երբ փորձել են հերքել, հակառակ դեպքում կդիմեն դատարան, անմիջապես հրապարակվել են նոր նյութեր, թե «Ռուզիկ, տանում ես դատարան, որ ի՞նչ անես», «Սեյրանի մարկեսյան աշունը»: Նաեւ, ըստ նրանց, որեւէ ջանք չի ձեռնարկվել՝ հրապարակված տեղեկությունները ճշտելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031