Լրահոս
Օրվա լրահոսը

Հետսահմանադրական հավանական զարգացումներ

Մարտ 05,2016 16:30

Դեկտեմբերի 6-ի հանրաքվեից հետո Հայաստանի ներքաղաքական, ներիշխանական, ներտեսակային հարաբերությունները լրիվ նոր որակ են ստանում: Սա նոր իրականություն է, որը սկզբում դանդաղ, ավելի ուշ` անհամեմատ ավելի արագ հասանելի է դառնալու լայն շրջանակներին:

Պետությունը, իշխանությունները, քաղաքական ուժերը, հասարակությունը, տնտեսությունը պետք է ադապտացվեն նոր իրականությանը: Այս ադապտացիոն փուլը բարդ ու շատ անկանխատեսելի է:

Միեւնույն ժամանակ, որպեսզի այս փուլը պետությունն անցնի առանց կտրուկ ցնցումների եւ կորուստների, պետք է հասկանալ, թե որքան է պատրաստ այդ ադապտացիային իշխանությունը: Այն, որ ցնցումների վտանգներ կան` մի շարք պատճառներով, դժվար է չհամաձայնել: Այն, որ խոշոր ցնցումները որեւէ բանական մարդու շահերի մեջ չեն մտնում, նույնպես պարզ է: Բայց նաեւ դժվար է ու շատ կարեւոր օբյեկտիվ գնահատել իշխանության եւ պետական համակարգի դիմադրողականությունն այս փուլում:
Սերժ Սարգսյանը, ըստ իս, իր վերջին հայտնի ելույթով փորձել է արձագանքել կամ կանխարգելել Հայաստանում առկա մի բացառիկ եւ խորքային երեւույթ: Խոսքը իշխանության մարգինալացման մասին է: Սա իսկապես բացառիկ պրոցես է, որովհետեւ ընդունված է համարել, որ մարգինալացվում են ոչ իշխանական քաղաքական ուժերը, անհատները, հոսանքները: Բայց նոր Սահմանադրության հռչակումով սկսվել է անցումային փուլ, երբ խաղի հին կանոններն աստիճանաբար սկսում են չգործել, իսկ նորերը դեռ չեն հաստատվել` անորոշ են: Հայաստանում այսօր կա վտանգ, որ իշխանությունը կսկսի մարգինալացվել` սրանից բխող բոլոր հետեւանքներով:

Նշենք այն հիմնական հանգամանքները, որոնք թույլ են տալիս նման հետեւություն անել. ա/ նոր Սահմանադրությամբ պայմանավորված անցումային փուլ, բ/ նախընտրական փուլ, գ/ տնտեսության ծանր վիճակ: Այս երեքը միասին ձեւավորում են անորոշությունների եւ տագնապների ահռելի զանգված:

Իշխանությունն օր օրի ավելի տեսանելի ձեւով է դադարում կապ ունենալ հասարակության հետ, ինչ-որ իմաստով դադարում է կապ ունենալ պետության հետ: Իհարկե, իշխանությունը ֆորմալ առումով շարունակում է իրականացնել իր գործառույթները` ձյուն մաքրել, ասֆալտ անել, զորակոչ-զորահավաք անցկացնել, պարտք վերցնել, կադրային նշանակումներ անել, աշխատավարձ տալ, բայց սա ավելի շատ իներցիոն երեւույթ է: Հասարակության եւ իշխանության օրակարգերն արդեն չափազանց տարբեր են: Իշխանությունը եւ հասարակությունն ապրում են եւ ձգտում են ապրել իրարից հնարավորինս հեռու: Ընդ որում` ցանկությունը, կարծես թե, փոխադարձ է: Այսինքն` մենք հանգում ենք մի կետի, երբ անցումային փուլով իշխանությունը մտնում է «զրո պատմական առաքելության» փուլ կամ նվազագույնը «անորոշ պատմական առաքելության» փուլ: Ունենալով պետական կառավարման երկարամյա փորձ` Ս. Սարգսյանը սա շատ լավ է հասկանում եւ, բնականաբար, փորձում է կանխել: Կա հավանականություն, որ պրոցեսները արագ կգնան, դուրս կգան վերահսկողությունից, ու մենք սահուն ադապտացիայի փոխարեն կունենանք պետական եւ իշխանական համակարգի ֆորսմաժորային դեզադապտացիա: Թվում է, թե իշխանությունը կարողացավ լուծել իր հիմնական խնդիրը` փոխել Սահմանադրությունը: Թվում է, թե ստեղծվեց մի վիճակ, երբ այս պահին իշխանությունից դուրս ոչ ոք իշխանություն վերցնելու հայտ չի ներկայացնում: Իշխանությունը տիրապետում է բոլոր ռեսուրսներին` քաղաքական, ֆինանսական, քաղաքացիական եւ լրատվական: Թվում է, թե իշխանությունը կարող է հանգիստ լինել: Ու հենց այդպես է մտածում իշխանության ճնշող մեծամասնությունը:
Բայց կան իրողություններ, որոնք օբյեկտիվ են եւ բավական զորեղ` իրենց մեջ պարունակելով պոտենցիալ վտանգներ:

Իշխանության վերին օղակներում շատ լավ գիտեն տնտեսության իրական վիճակը եւ, բնականաբար, շատ լավ պատկերացնում են այն հսկայական վտանգները, որոնք կան տնտեսության մեջ, եւ որոնք կարող են զանգվածային սոցիալական ընդվզումների բերել: Կյանքը եւ խաղի կանոնները ընթացիկ, սովորական տնտեսական դժվարությունների եւ տնտեսական կոլապսի պայմաններում լրիվ տարբեր բաներ են: Իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր դա շատ լավ գիտեն: Իշխանության եւ հասարակության վտանգավոր օտարացման պայմաններում սա կրկնակի վտանգավոր է: Ս. Սարգսյանը շատ լավ գիտի իր իշխանության` ճիշտ պահին «տակից փախնելու» որակը: Նման դեպքերում առաջին դեմքերը սեփական իշխանությունը պահելու եւ երկրում կայունություն եւ կառավարելիություն ունենալու նպատակով փորձում են գտնել նոր լուծումներ` նույնիսկ այս կամ այն չափով փոփոխելով իշխանությունը: Քաղաքական դաշտի եւ քաղաքական մտքի անապատացումն այս պահին չի ընձեռում գործելու լայն հնարավորություն, իսկ Ս. Սարգսյանին պետք են լուծումներ, առավել եւս` նոր Սահմանադրության պայմաններում: Դաշնակցության հետ համագործակցությունը հենց այս` ինչ-որ բան փոխելու եւ ինչ-որ նոր համակարգ ստեղծելու տրամաբանության մեջ է: Եվ մեղադրել քաղաքական գործչին` իր շահերին միտված քայլեր անելու համար, լուրջ չէ: Այլ հարց է, որ այսօրվա Դաշնակցության՝ հանրային սուղ բազայի պայմաններում այն առավելապես լրատվական էֆեկտ ունի: Այս նոր ինստիտուցիոնալ համագործակցության կենսունակության իրական չափը կերեւա այն պահին, երբ ձեւավորվեն այլ համագործակցության ինստիտուցիոնալ բեւեռներ:

Քաղաքական դաշտի անապատացման ֆոնին ավելի տագնապալից է դառնում լուրջ խոսքի, լուրջ մտքի, զարգացման լուրջ ծրագրերի պակասը: Մեկ անգամ եւս փաստենք, որ երկրում այս պահին չկան պետության արտաքին եւ ներքին մարտահրավերները քննարկելու, լուծումներ գտնելու ունակ համակարգեր: Ուղղակի նման պոտենցիալով քաղաքական բեւեռ գոյություն չունի: Փոխարենը կան անհատներ, որոնք տեսականորեն կարող են քաղաքական միտք կամ քաղաքական բեւեռ ձեւավորել: Այնպիսիք, որոնք կապահովեն սահուն ընթացք եւ քաղաքակիրթ համակեցություն: Այդպիսիք կան ե՛ւ իշխանության մեջ, ե՛ւ իշխանությունից դուրս: Բայց որպեսզի պետության առջեւ գիտակցված մտահոգությունը ստանա քաղաքական միտք, քաղաքական բանաձեւ ու քաղաքական լուծումներ, նույնպես ինստիտուցիոնալ լուծումներ են անհրաժեշտ: Հակառակ պարագայում դրանք կմնան կենցաղային մտորումների մակարդակին: Հայաստանում, բոլոր ծանրագույն մարտահրավերներով հանդերձ, առայսօր չկա քաղաքական-ծրագրային այլընտրանքային բեւեռներ ձեւավորելու, իրար լսելու, իրար լրացնելու քաղաքական մեխանիզմ: Կա դրա կենսական պահանջը, բայց երեւույթը` ոչ: Ունենալ այսքան բարդ խնդիրներ եւ չձեւավորել դրանք լուծելու քաղաքական խողովակները՝ իսկապես պատային վիճակ է: Ընդ որում` բոլորի համար:
Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակի փոփոխոթյունը պահանջում է ժամանակ եւ ռեսուրս: Կա՞ն արդյոք դրանք: Կլինի՞ արդյոք տնտեսական կոլապս, կամ ի՞նչ այլ սուր մարտահրավերներ կլինեն: Ես ունեմ իրական մտավախություն, որ երկրում սոցիալական լոկալ, իսկ հետագայում գուցե` զանգվածային ընդվզումները կարող են իրականություն դառնալ: Մարդիկ չեն կարողանում ապրել: Սոցիալական սրընթաց ծանրացող վիճակը եւ քաղաքական մտքի` նույնքան սրընթաց արժեզրկումը պետության համար ամենավտանգավոր խառնուրդն է:

Ինչ կլինի առաջիկայում` ես դժվարանում եմ ասել: Բայց մի բան ակնհայտ է` Հայաստանին պետք են սահուն քայլեր՝ բացառելով խոշոր ցնցումները: Բայց Հայաստանին պետք են փոփոխություններ եւ ոչ թե դրանց իմիտացիա: Հայաստանին պետք է քաղաքական միջավայր, որտեղ կլինի միտք, եւ որտեղ կլինեն առողջ, իսկական համագործակցություններ, կոալիցիաներ: Հայաստանին պետք է միջավայր, որտեղ հնարավոր կլինի երկիրը զարգացնելու համար աշխատել: Հայաստանին պետք է նոր, թարմ օդ: Աշխատելու գաղափարը պետք է վարակի բոլորին` քաղաքական էլիտայից մինչեւ ամենահեռավոր գյուղի բնակիչը` ներառելով բիզնեսը, մտավորականությունը, պետական բյուրոկրատիան, ուսանողությունը եւ այլն: Հայաստանի այսօրվա իրավիճակի հիմնական բնութագրիչներից մեկն այն է, որ երկիրը մեծ հաշվով չի աշխատում: Երկիրը մտել է մեծ սպասման փուլ, որտեղ չի երեւում (կամ չի ներկայացվում) հեռանկարը, տեսլականը, իրատեսական զարգացման սցենարները: Եթե այս իրավիճակը մի քիչ էլ երկարի, կբերի կոլապսի եւ փլուզումների: Սա շատ լավ հասկանում են թե իշխանության մեջ գտնվող որոշ մարդիկ, թե իշխանությունից դուրս գտնվող որոշները: Արդյոք սա բավարա՞ր է՝ վատագույն սցենարներ թույլ չտալու համար: Արդյոք մենք ունե՞նք բավարար հասունություն եւ կամք` աշխատանքի միջոցով լուծումներ գտնելու: Հարցն առայժմ հռետորական է:

ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ ԱԺ պատգամավոր

«Առավոտ» օրաթերթ
04.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Ուրեմն Ռոբերտ Քոչարյանի օգնական-խորհրդականն ասում է. Իշխանությունն օր օրի ավելի տեսանելի ձեւով է դադարում կապ ունենալ հասարակության հետ, ինչ-որ իմաստով դադարում է կապ ունենալ պետության հետ:

    Մի քանի ամիս առաջ էլ Ռոբերտ Քոչարյանի վերադարձն էր ԱՆՀՐԱԺԵՇՏ համարում: ԻՆչ ասես` ամեն ՎԱՏ-ը հիմքը դրել են ու զարգացրել, իսկ հիմա բողոքում են ՎԱՏ-ից:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031