Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի համը՝ ֆրանսիական խոհանոցի միջոցով

Մարտ 22,2016 11:23

Մարտի 21-ին աշխարհի բոլոր ծայրերում մարդիկ, որոնց համար սնունդը ոչ միայն հագենալու միջոց է, այլեւ համերի, բույրերի համադրման մի կախարդական աշխարհ, հարգանքի տուրք մատուցեցին ֆրանսիական գաստրոնոմիային (խորտկագիտությանը)՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եւ հայտնի շեֆ խոհարար Ալեն Դյուկասի հղացած Goût de France/ Good France՝ Ֆրանսիայի համը, միջոցառման շրջանակներում:

Արդեն երկրորդ տարին անընդմեջ այս միջոցառումը համախմբում է աշխարհի շատ երկրներում բնակվող ֆրանսիացիներին եւ ֆրանսիական խոհանոցի սիրահարներին. մի քանի օր շարունակ ավելի քան 1500 շեֆ-խոհարարներ՝ իրենց ռեստորաններում առաջարկում են ֆրանսիական խոհանոցի ազդեցությամբ ստեղծված իրենց ճաշացանկը, իսկ հարյուրից ավելի երկրների ֆրանսիական դեսպանատներում կամ գլխավոր հյուպատոսություններում կազմակերպվում է Goût de France / Good France-ի ոգով ընթրիք:

Դեռ 2010 թվականին ֆրանսիական խոհանոցը, կամ ճիշտ ձեւակերպմամբ՝ «ֆրանսիացիների գաստրոնոմիական ճաշը»՝ իր ողջ արարողակարգով, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ մշակութային ժառանգության ցանկում: Ողջ աշխարհը գերած եւ սննդարվեստում բարձրագույն նշաձող դրած ֆրանսիական խոհանոցը ենթադրում է հաճելի միջավայր, անշտապ եւ անբռնազբոս զրույցներ, լավ երաժշտություն եւ այդ ողջ ընթացքում հերթով մատուցված ուտեստների շարք՝ նախուտեստ, բանջարեղեն, ձկնեղեն կամ թռչնեղեն, մսեղեն, պանիրներ, աղանդեր, որոնցից յուրաքանչյուրն իր տեսքով, բույրով, մթերքների համադրությամբ եւ իհարկե՝ համով, պիտի լրացնի մարդկային շփումների, հաղորդակցության վայելքը՝ նաեւ սննդի ընդունման, դրա արժանիքները քննարկելու միջոցով:

1-in 2-rd

Երեկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընթրիքին հրավիրյալների համար ապահովված էին վերը նշված բոլոր բաղկացուցիչները՝ մասնավորապես դեսպանատան բազմամյա խոհարար Նիկոլա Նատալինիի ջանքերով:

Նկատենք, որ Հայաստանում Ֆրանսիայի հանրապետության դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն, ինչպես ընթրիքի սկզբում հյուրերին ողջունելիս, այնպես էլ վերջում՝ հրաժեշտ տալիս, աշխատում էր հնարավորինս խոսել հայերեն, թեեւ դեռ 1,5 տարի է, որ Հայաստանում է:

Եվ երբ պարոն դեսպանը ընթրիքի համար շնորհակալության խոսքեր հղեց Նիկոլա Նատալինիին, ասաց, որ նախանձում է Նիկոլային երկու բանի համար՝ նախ, որ վերջինս իրենից լավ է պատրաստում, եւ երկրորդ, որ իրենից լավ է հայերեն խոսում:

3-rd 5-rd 4-rd

Ի պատասխան խոհարարը մխիթարեց դեսպանին՝ «Դուք էլ ինձնից լավ դիվանագետ եք, իսկ հայերեն վարժ խոսելը ժամանակի խնդիր է»:

7-rd

Ֆրանսիական խոհանոցի սիրահարները մինչեւ մարտի 27-ը ժամանակ ունեն սեղաններ ամրագրելու Երեւանի «Արթբրիջ» սրճարան-գրախանութում, «Ակումբ» ռեստորանում, «Ակումբ» սրճարանում, «Շարլ» ռեստորանում, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Կուչինա» ռեստորանում, «Փարիզ» հյուրանոցի «Մոնմարտր» ռեստորանում, ինչպես նաեւ՝ Գյումրիում՝ Տիրամայր Հայաստանի մասնագիտական դպրոցում, որտեղ ուսանում են առեւտրային խոհանոցային գործ:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031