Լրահոս
Օրվա լրահոսը

Դստերը գոմում կապած Կարեն Խեչոյանը լրագրողներին մեղադրում է իրեն խայտառակելու համար

Մարտ 24,2016 15:30

Լուսինե Ղաբուզյանն ամուսնանալուց ամիսներ անց բռնության է ենթարկվել ամուսնու կողմից. այս մասին նա բազմիցս պատմել է թե դատարանում եւ թե իր փաստաբանին:
Մոտ 15 տարի ամուսնական կյանքի ընթացքում Լուսինեն պարբերաբար բռնության է ենթարկվել. ամուսինը՝ Կարեն Խեչոյանը, նրան հարվածել է նույնիսկ հղիության ժամանակ: Նրանց ընտանիքն ապրում էր Լոռու մարզի Արջուտ գյուղում, անցյալ տարի հերթական ծեծից հետո Լուսինեն փախչել է, հիմա նա Երեւանում է գտնվում՝ «Կանանց աջակցման կենտրոնի» կացարանում:

Կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գալստյանն «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ Լուսինեն նախկինում էլ փորձեր արել է հեռանալ ամուսնուց, սակայն հեռացել է, հետո կրկին վերադարձել. «Քանի որ ընտանեկան բռնությունների դեպքերով պետական որեւէ աջակցություն չկա, իսկ բռնարարները շատ դեպքերում կամ համաչափ պատիժ չեն ստանում, կամ անպատիժ են մնում, ուստի մենք աջակցում ենք ընտանեկան բռնության զոհերին: Հիմա Լուսինեն մեզ մոտ է, ամուսինը մի քանի անգամ եկել է կացարան, սպառնում է Լուսինեին ու երեխաներին»:

Հասմիկ Գալստյանը մեզ հետ զրույցում պատմում է, որ Կարեն Խեչոյանը, ըստ Լուսինեի, իրենց առաջնեկի օրորոցը կոտրել է, երբ 4 ամսական երեխան օրորոցում էր. «Այս ժամանակ Լուսինեին էր հարվածում, ասում էր՝ կողոսկրերին էր խփում, բայց Լուսինեին հաջողվել էր երեխային վերցնել ու փախչել հոր տուն: Լուսինեն մեզ պատմել է, որ Խեչոյանն իրենց ավագ դստերն էլ է բռնության ենթարկել. տարիներ առաջ մեծ աղջկան կապել էր գոմում, վզից էր կապել՝ կովի ժնջիլից, իսկ Լուսինեին էլ սկոչով կապել էր, որ հանկարծ չկարողանա էրեխու մոտ գնա՝ օգնելու: Շատ տարբեր բռնությունների մասին է մեզ պատմել Լուսինեն: Օրինակ՝ երբ Լուսինեն հերթական ծեծից հետո հայտնվել էր հիվանդանոցում, Խեչոյանն իրենց աղջկան խփել է սրճեփով, ինչ է թե աղջիկը՝ ճաշի համար կանաչի չի բերել»: Ըստ Հասմիկ Գալստյանի՝ Լուսինեն պատմել է, որ ինքն ու նրա երեխաները, բռնության ենթարկվածի խոսքերով՝ «ռեժիմով ծեծ են կերել», երեխաները ստիպված ամիսներով դպրոց չեն գնացել, սպասել են՝ մինչեւ կապտուկները լավանան, նոր գնան դպրոց:

Մեզ հետ զրույցում Լուսինե Ղաբուզյանի փաստաբան Նոնա Գալստյանը վստահեցնում է, որ Խեչոյանը ոչ միայն ֆիզիկական, նաեւ սեռական եւ հոգեբանական բռնության է ենթարկել:

Կարեն Խեչոյանը դատական նիստերից մեկի ժամանակ դստերը բռնության ենթարկելու պատճառաբանությունը որպես դաստիարակչական մեթոդ է ներկայացրել. «Ես հայ ավանդապաշտ տղամարդ եմ, ու աղջիկներս իմ տնից պետք ա կույս դուրս գան»:
Լուսինե Ղաբուզյանը դիմել էր դատարան: Այս տարվա հունվարի 22-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ է կայացրել Կարեն Խեչոյանին տուգանել 150 հազար դրամի չափով։ Խեչոյանին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական oրենսգրքի 117-րդ (դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնասվածք պատճառելը) եւ 118-րդ (ծեծը) հոդվածներով: Այս հոդվածներով առավելագույն պատիժը մինչեւ 2 ամսվա կալանավորումն է, սակայն այն չի կիրառվել, քանի որ Խեչոյանի խնամքին են անչափահաս 3 երեխաները:

Լուսինե Ղաբուզյանը բողոքարկել է առաջին ատյանի այս վճիռը: Երեկ Վերաքննիչ քրեական դատարանում վերաքննիչ բողոքի քննության դատական նիստն էր, սակայն բողոքին անդրադարձ չեղավ, քանի որ դատարանը որոշեց այս գործով Խեչոյանի համար հանրային պաշտպան ներգրավել:

Ղաբուզյանի ներկայացուցիչ Նոնա Գալստյանն ասում է, որ առաջին ատյանը գնահատական է տվել միայն ֆիզիկական բռնության մասով, պատիժը՝ 150 հազար դրամ տուգանքը, խիստ անհամաչափ է, հաշվի չեն առնվել ծանրացուցիչ հանգամանքները՝ որ բռնությունը կատարվել է ալկոհոլի ազդեցության տակ, ինչը նաեւ դատարանն է արձանագրել, սակայն հաշվի չի առել. «Մյուս ծանրացուցիչ հանգամանքն այն է, որ բռնությունը կատարվել է իրենից կախվածության մեջ գտնվող անձանց՝ կնոջ եւ դստեր նկատմամբ: Դատարանը հաշվի չի առել բռնարարի վարքը բացասական բնութագրող մեր կողմից ներկայացված մի շարք տեղեկություններ: Անհիմն կերպով որոշել է, որ նրա նկատմամբ չպետք է կալանք կիրառվի, եւ նշանակել է տուգանքի ձեւով պատիժ: Այս հանգամանքներն են մեր վերաքննիչ բողոքի հիմքում»:

Երեկ մենք փորձեցինք նաեւ Կարեն Խեչոյանի հետ զրուցել, պարզաբանումներ լսել իր հասցեին հնչեցված մեղադրանքների մասին, սակայն նա հրաժարվեց հարցազրույց տալ: Իսկ Խեչոյանի հարազատները վրդովված ասացին, որ «Կանանց աջակցման կենտրոնն է» մեղավոր, որ հիմա 5 երեխաները որբացել են, 2-ը առանձին են՝ մոր մոտ են, 3-ն էլ առանձին՝ հոր մոտ: Երեկ նիստի ժամանակ Խեչոյանը պահանջեց դռնփակ նիստ անել. նա լրագրողներին եւ կենտրոնին մեղադրում էր, որ իրեն խայտառակ են արել՝ իր անձնական, ընտանեկան կյանքը լուսաբանելով:

Նոնա Գալստյանի ներկայացմամբ՝ Լուսինե Ղաբուզյանը հերթական ծեծից հետո հայտնվել էր հիվանդանոցում, նրա 5 երեխաները մնացել էին Խեչոյանի մոտ. «Մի քանի օրից 2 դուստրերը գնացել էին մորը տեսակցության, այդ ժամանակ Լուսինեն չի թողել աղջիկները վերադառնան հոր մոտ, հետո խնդրել է Խեչոյանին մյուս երեխաներին էլ բերի իր մոտ, Խեչոյանը մերժել է, ասել է՝ դու այլեւս երեխաներին չես տեսնի, եթե բողոքից չհրաժարվես»: Ապա Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը որոշել է 3 երեխաների խնամակալությունը փոխանցել հորը, որոշման հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Խեչոյանը ազատամարտիկ է եղել, թոշակ է ստանում եւ կարող է երեխաներին ապահովել կացարանով:

«Կանանց աջակցման կենտրոնի» ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանն ասում է, որ մեր երկրում ընտանեկան բռնության մասին օրենսդրության բացակայության պատճառով որոշ ընտանեկան բռնություններ ավարտվում են հիմնականում կնոջ սպանությամբ, հաճախ բռնարարների նկատմամբ անհամաչափ պատիժներ են սահմանվում. «Շատ կարեւոր է ու հրատապ, որպեսզի օրենքն ընդունվի, քանի որ այն, նախեւառաջ, կանխարգելիչ մեթոդ է»:
Լուսինե Ղաբուզյանի վերաքննիչ բողոքի հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 12-ին:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031