Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղտնատեսի սահմանագիծը

Մարտ 26,2016 15:30
merujan Ter-Gulanyan

Դպրոցում, հետո նաեւ համալսարանում ես նկատում էի, որ գերազանցիկները չէին մտածում, նրանք ընդամենը անգիր հիշում էին, մտածում էին նրանք, ովքեր փնտրում էին, փորձում էին ճանաչել ու հասկանալ բացահայտվածի եւ անհայտի գաղտնատես սահմանագիծը:

Դպրոցից եւ համալսարանից անցել են տարիներ, բայց ես այսօր էլ եմ այդպես մտածում:
Եվ իմ կյանքում ճանաչած մարդկանց մեջ շատ են նրանք, ովքեր չեն փնտրում, չեն կասկածում, որովհետեւ ամենակարեւորը՝ հավատում են:
Եվ առաջինն այդպիսի մարդկանցից, ում ես ճանաչեցի, մայրս էր:
Մայրս կյանք էր քարոզում իր վեց զավակներին եւ բոլորին: Ասում էր.
– Սխալ են այն մարդիկ, որոնք մտածում են, թե կարեւորը Աստծո հետ մտերիմ լինելն է, իսկ հրեշտակների հերն էլ անիծած՝ առանց հասկանալու, որ Աստծուն հասնելու ճանապարհը հրեշտակների միջոցով է, եւ հրեշտակներն են, որ մեր խոսքը հասցնում են Աստծուն:
Ինձ միշտ համոզում էր.

– Դու շատ գեղեցիկ ժպիտ ունես եւ գյուղի միջով անցնելիս ժպտալով բարեւիր մեծերին: Բարեւն Աստծունն է, զավա՛կս:
Եվ կյանք ու սեր քարոզող մայրիկս խոսում էր նաեւ մահվան մասին.
– Մահը, տղա՛ս, ծնված օրից ուղեկցում է մարդուն: Մարդու մահն իր հետ է ծնվում: Եվ ամբողջ կյանքում նա քո ականջի հետեւում է: Մահը քո ամենահավատարիմ ընկերն է, որ ամբողջ կյանքում քայլում է քեզ հետ, ուղեկցում, մասնակցում է ուրախությանդ, քանի դեռ քո ականջի հետեւում է, չնայած դու փախչում ես մահից՝ վախենալով նրա մասին մտածել, բայց նա քեզ առաջնորդում է: Մահն է, որ քեզ հուշում է՝ ապրիր Աստծո տված կյանքով, եւ երջանիկ եղիր, մի վախեցիր երջանիկ լինելուդ համար: Սիրիր տունդ եւ զավակներիդ ու մի վախեցիր մահվան մասին մտածել:

Այսպես խոսում էր մայրս՝ գլխահակ, ճերմակ գոգնոցի ժանյակի հետ խաղալով.
– Այո՛, տղա՛ս, մահը մարդու ականջի հետեւում է եւ ամբողջ կյանքում ուղեկցում է նրան, բայց կյանքդ այնպես պիտի ապրես, որ քեզ ուղեկից մահը մի քայլ քեզանից առաջ չընկնի:
Մի հին բժիշկ կար մեր գյուղում, որն ասում էր, թե շատ տաքն էլ է սառը, շատ սառն էլ է տաք: Այսինքն՝ թե մեր կյանքը տաքի ու սառի արանքում է անցնում, ինչը հենց բնական կյանքն է: Եվ երբ շեղվում ենք այդ չգրված օրենքից, մարդն սկսում է մարդուն չճանաչել:
Այնինչ մարդը պիտի ճանաչի մարդուն, ուրախությունը ճանաչի ուրախությանը, սերը ճանաչի սիրուն եւ մահը՝ մահվան…

Ինչո՞ւ ենք վախենում ճանաչել իրար, ինչո՞ւ ենք փնտրելու, գտնելու ու բացահայտելու սուրբ գաղտնատեսը փոխարինում դասագրքերում գրված կյանքը անգիր անելով:
Այնինչ կյանքը մարդու եւ մի այլ մարդու միջեւ է, տղա՛ս…

 
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Atshak says:

    Իմաստուն Մայր եք ունեցել:
    բոլոր Մայրերը իմաստուն են

  2. Սամվել says:

    Ես համաձայն չեմ պ-ն Տեր Գուլանյանի հետ գերազանցիկների հարցում, քանի որ ես գերազանցիկ եմ եղել դպրոցում, բայց իր ասածի նման անգիր չեմ արել, գիտնական եմ դարձել, գյուտեր եմ հնարել, նորարական առաջարկություններ եմ արել, նույնիսկ գրական գրավածքներ եմ ունեցել: Դա վիրավորանք է գերազանցիկների հասցեին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031