Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզներում երեխաները մրսում են

Ապրիլ 01,2016 18:00

Այս օրերին, երբ Երեւանի բարձրադիր գոտիներում ջերմաստիճանը երեկոյան անգամ զրոյից ցածր է լինում, որոշ մանկապարտեզներում ջեռուցումն անջատվում է: Այսպիսի ահազանգ Aravot.am-ը ստացավ Շենգավիթ համայնքի բնակիչներից:

Մեկ այլ մանկապարտեզի ծնողներ էլ նշեցին, որ մանկասենյակը ջեռուցվում է էլեկտրական ջեռուցիչով, որը չի ապահովում համապատասխան ջերմաստիճանը: Ծնողների խոսքերով, ցրտի պատճառով երեխաներից ոմանք հիվանդացել են եւ չեն հաճախում մանկապարտեզ:

Aravot.am-ը Շենգավիթ վարչական շրջանի կրթության բաժնի ղեկավար Արմեն Մարտիրոսյանին փոխանցելով ծնողների դժգոհությունները, հետաքրքրվեց, թե ինչո՞ւ մանկապարտեզները չեն ջեռուցվում, այն դեպքում, երբ եղանակները կրկին ցրտել են:

«Վարչական շրջանն ունի թեժ գիծ, մենք թեժ գծով նման բողոք չենք ստացել: Թեժ գծի հեռախոսահամարը փակցված են մանկապարտեզներում եւ ծնողները կարող են մեզ ահազանգել»,-մեզ հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը` վստահեցնելով, որ իրենց համայնքում չկա մի մանկապարտեզ, որը չջեռուցվի:

Մեր այն դիտարկմանը` գուցե ընդհանուր ջեռուցումն անջատված է եւ էլեկտրական սալիկով ջեռուցումը չի ապահովում նախատեսված, համաչափ ջերմաստիճանը եւ այդ պատճառով էլ երեխաները մրսում են, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ հիմնականում ընդհանուր ջեռուցվում է եւ որ իրենց տեսուչները ամեն օր շրջում են, ջերմաստիճանը չափում եւ 18-ից ցածր ջերմաստիճան չեն արձանագրել:

Ըստ բաժնի պետի, ջեռուցման սեզոնը նոյեմբերի 15-ից մարտի 15-ն է, բայց եթե ցրտերը չեն նահանջում, ջեռուցումը երկարացվում է: Մեր այն դիտարկմանը, թե որոշ մանկապարտեզներում երեխաները հիվանդացել են, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ իրենց ստուգումների արդյունքում հաճախելիության ցուցանիշի նվազում չեն արձանագրել:
Aravot.am-ը առողջապահության նախարարության Առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանին հարցրեց, թե այս եղանակին ջերմային ռեժիմը դպրոցներում, մանկապարտեզներում ինչպիսի՞ն պետք է լինի եւ արդյոք, գրիպի սեզոնն ավարտվել է, որը մարտ ամսի սկզբներին կրկին գլուխ էր բարձրացրել:

«Գրիպի սեզոնի բարձրացում չկա: Դպրոցներում, մանկապարտեզներում բացականեր շատ չկան, մինչեւ երեկ ջեռուցվում էին: Մեր չափումները ցույց են տվել, որ իրավիճակը բավարար է ե’ւ դպրոցներում ե’ւ մանկապարտեզներում
20-18-22 աստիճան է»:

Տիկին Բաբայանն ասաց, որ այսօր էլ ստուգել են Ավանի կրթօջախները, որտեղ դեռեւս միացված է եղել կենտրոնական ջեռուցումը, Լենինգրադյան փողոցի վրա գտնվող դպրոց-մանկապարտեզները, Երվանդ Քոչարի վրա գտնվող դպրոցը եւ այլն:

Մարգարիտա Բաբայանը հնարավոր համարեց, որ տնտեսումների պատճառով գուցե գիշերները ջեռուցումն անջատեն, բայց առավոտյան միացնեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930