Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. Գոնե այս դեպքերից հետո Ռուսաստանը, պետք է դադարեցնի Ադրբեջանի հետ պայմանագրերը

Ապրիլ 07,2016 16:18

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում ապրիլի 7-ին կազմակերպված փորձագիտական կլոր սեղանին ներկա էր նաեւ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ ռուսական մեծ համաձայնագիրը անընդունելի է, եւ իրեն աշխարհում հայտնի չէ որեւէ երկիր, որն իր դաշնակից պետության թշնամուն վաճառում է ոչ թե պաշտպանական, այլ հարձակողական զենք. «Մեր գործընկերները նաեւ դիվանագիտական հարթակում կարծիք էին հայտնում, որ դա բիզնես է, իրենց շահերից է բխում, նրանք կզսպեն, վերահսկողության ներքո է գտնվում, եւ այլն, եւ այլն … Նման կարծիք հայտնողները եւ դիրքորոշում արտահայտողները պետք է լքեն քաղաքական եւ դիվանագիտական հարթակները»:

Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ եթե Ռուսաստանը հույս է ունեցել, որ կարող է վերահսկել, սակայն հիմա խաբված է իրեն զգում, ապա գոնե այս դեպքերից հետո, պետք է դադարեցնի Ադրբեջանի հետ պայմանագրերը՝ զենքի մատակարարումը եւ մատակարարած զենքի սպասարկումը, քանի որ Ադրբեջանը ռազմական ագրեսիայի ակտ է թույլ տվել, կատարել է ռազմական հանցագործություններ:

Պատգամավորը ընդգծեց, որ հայկական կողմը իրավական հարթակներում մեծ խնդիրներ ունի լուծելու, մասնավորապես՝ Ադրբեջանի՝ ռազմական ագրեսիայի ակտ թույլ տալու եւ ռազմական հանցագործությունների դեպքերով. «Ես կարծում եմ՝ այս երկու ուղղություններով պետք է փաթեթ կազմել, ապացույցները հավաքել, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի միջոցով մենք պետք է դիմենք եւ խնդրենք Անվտանգության խորհրդին, որ առաջարկում ենք դիմել միջազգային քրեական դատարան Ադրբեջանի քաղաքական եւ ռազմական իշխանություններին միջազգային քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Ես միամիտ չեմ հավատալու համար, որ Անվտանգության խորհուրդը կքննարկի եւ կդիմի: Բայց եթե մենք գործը ներկայացնում ենք Անվտանգության խորհուրդ եւ պաշտոնապես պահանջում ենք դա, Անվտանգության խորհուրդը պարտավոր է դա քննարկել: Եթե Անվտանգության խորհուրդը դա քննարկի, բավականին մեծ հնչողություն, դիվանագիտական մեծ արձագանք եւ միջազգային տարբեր հարթակներում տարբեր պատժամիջոցների հիմք կարող է հանդիսանալ՝ անկախ այն հանգամանքից, թե Անվտանգության խորհուրդը ինչ կորոշի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930