Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլհարմոնիկը՝ Արցախի համար

Ապրիլ 08,2016 13:30

«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) ապրիլի 9-ին Կասկադ համալիրում նախաձեռնում է բացօթյա համերգ եւ դրամահավաք՝ «Զինվորիս հետ» խորագրով՝ հանուն մեր Արցախի, հանուն մեր զինվորների, հանուն մեր նահատակների, հանուն մեր հայրենիքի, հանուն Մենք-ի»,- «Առավոտին» տեղեկացրեց նվագախմբի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռուզաննա Սիրունյանը: Հավելեց նաեւ, թե շուրջ 3 ժամ Ֆիլհարմոնիկի հետ բեմում կլինեն Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային ակադեմիական երգչախումբը, երգիչ-երգահան Վահան Արծրունին եւ Արա Գեւորգյանի ժողովրդական գործիքների խումբը:

Ծրագիրը կներառի գերազանցապես հայ կոմպոզիտորների դասական ստեղծագործություններ, հայրենասիրական երգեր եւ Արա Գեւորգյանի հայտնի մշակումները: Ոգեշնչող խոսքով էլ հանդես կգան մշակույթի հայտնի գործիչներ: Այս գաղափարը ողջունել են Երեւանի քաղաքապետարանն ու մշակույթի նախարարությունը:
Հետաքրքրությանը, թե այս օրերին Արցախ մեկնած որոշ արվեստագետների եւ շոու-բիզնեսի արտիստների օրինակով հնարավոր չէ՞ր քանիցս Արցախում համերգներ ունեցած ֆիլհարմոնիկն էլ մեկներ եւ տեղում «դասական» ոգեւորություն փոխանցեր, տիկին Սիրունյանը հավաստիացրեց. «Պատերազմական գործողությունների սկսվելուն պես այդ ցանկությունը կար թե նվագախմբի երաժիշտների եւ թե գեղարվեստական ղեկավարի մոտ: Իսկապես ուզում էինք մեր արվեստով կանգնել զինվորի կողքին ու ոգեւորել մեր զավակներին: Սակայն դա կիրականացնենք ավելի ուշ: Մենք մեր զինվորի կողքին ենք գիշեր ու ցերեկ: Յուրաքանչյուր լուր լսելիս էլ խառնվում են արցունքներն ու հպարտության զգացումը… Կասկած անգամ չունեմ, որ մեզ ու աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցներին ձգում է Արցախը: Հասկանալի պատճառով՝ բոլորս չենք կարող մեկնել… Եվ այս պահին ֆիլհարմոնիկի տեղն այստեղ է»:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
08.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930