Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պատգամավորները «չոր փաստեր» են դրել ռուսական կողմի առաջ, որ հայ-ռուսական բարեկամությունը վտանգված է

Ապրիլ 15,2016 15:42

«Պարզ պետք է ասեմ, որ ռուսական կողմը այն հարցադրումները եւ այն խնդիրները, որ այսօր ռեալ առկա են դաշտում եւ որոնք չեն նպաստում ռուս-հայկական բարեկամությանը, նկատի ունեմ այն ոչ օբյեկտիվ մոտեցումները, որ կան, նույն Ռոգոզինի հայտարարությունները, մենք այդ բոլորի բացատրությունները չստացանք: Իմ մտահոգությունները չփարատվեցին»,- այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ դռնփակ նիստի հետ կապված այսպիսի տեսակետ հայտնեց Խաչատուր Քոքոբելյանը:

Ըստ նրա, անկախ ամեն ինչից, ռուս գործընկերները խորը մտածելու եւ հետեւություններ անելու առիթ կունենան. «Մեր գործընկերները պետք է հասկանան, որ հայ ռուսական բարեկամության պայմանագրից սկսած՝ հարաբերությունների անհրաժեշտությունը եւ պետքը միայն հայկական կողմը չունի: Ռուսական կողմը պետք է ամեն կերպ դողա հայ-ռուսական հարաբերությունների վրա: Իրենք մինչ այս պահը ապավինում են, որ հայ-թուրքական հարաբերությունների՝ դարավոր ոչ բարեկամական մթնոլորտի առկայությունը կարող է հիմք հանդիսանալ, որ առանց ավելորդ ուշադրության եւ առանց ավելորդ ջանքեր գործադրելու՝ կարողանան հայ-ռուսական հարաբերությունները պահպանեն: Բայց մենք այլեւս ԽՍՀՄ-ում չենք, լավ կլինի ԽՍՀՄ-ի այդ մտածելակերպը օր առաջ վերացվի թե՛ մոտեցումներում, թե՛ ձեւակերպումներում: Դա միայն խանգարում է»:

Նա ասաց, որ որքան էլ մեր պաշտոնյաները չխոստովանեն, բայց ակնհայտ է, որ այս քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ՌԴ-ի արձագանքն այն չէր, ինչ սպասում էին՝ ՀՀ քաղաքացուց սկսած մինչեւ ՀՀ նախագահ. «Կան չոր փաստեր, որոնք հայ-ռուսական բարեկամության օգտին չեն խոսում: Ես սա ցավով եմ ուզում, որովհետեւ շահագրգիռ եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները լինեն հավասարության սկզբունքով եւ լինել գործընկերային: Չի կարելի հայկական շահի հաշվին սպասարկել ադրբեջանական շահը: Ոչ ոք չի կարող արդարացնել ԵՏՄ-ի վարչապետների խորհրդի նիստի հետաձգումը եւ Երեւանում չանցկացնելը: Եվ ոչ ոք չի կարող արդարացնել, որ դա ուղղակի Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել չէ»:

Խաչատուր Քոքոբելյանն ընդգծեց, որ Ադրբեջանին մատակարարված այդ տիպի վտանգավոր զենքեր աշխարհում 4-5 երկիր է արտադրում, եթե ՌԴ-ն չի վաճառում, այդ զենքի ձեռքբերումը Ադրբեջանի համար շատ խնդրահարույց հարց է:

Մեր հարցին՝ նիստի ժամանակ այդ «չոր փաստերը» հայկական կողմը դրե՞լ է ռուս պատվիրակների առաջ՝ Խաչատուր Քոքոբելյանը պատասխանեց. «Այո, հայկական կողմն այդ խնդիրները բարձրացրել է, իմ բոլոր գործընկերները բարձրացրել են: Այսօր չի կարելի ադեկվատ չլինել այս իրավիճակում, չի կարելի հնարավորություն տալ ռազմավարական գործընկերոջը շրջանցել այդքան կարեւոր հարցերը: Նույն ռուսական կողմը պետք է շահագրգիռ լինի այդ հարցերի գնահատականը հնչեցնելու, որպեսզի չվնասեն հայ-ռուսական հարաբերությունները»:

Մեր հարցին՝ իշխանական մակարդակով վերաբերմունք փոխվե՞լ է «ռազմավարական գործընկերոջ» նկատմամբ՝ պարոն Քոքոբելյանը պատասխանեց, որ դա նկատվում է մամուլով էլ. «Բայց ցավով եմ նշում, որ խորը հիասթափություն է առաջացնում, երբ նկատում եմ, որ մեր հասարակական, քաղաքական գործիչներից լինում են մարդիկ, որ կարծես ռուսական կողմի փաստաբանության դերն են ստանձնում ու ավելի շատ են փորձում պաշտպանել, քան բուն ՌԴ-ն: Ո՞վ կարող է պաշտպանել Ռոգոզինի հայտարարությունները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930