Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրազդանում ընտրակաշառքի բաժանման պահ արձանագրող գեթ մեկ իրեղեն ապացույց չկա». Արմեն Աշոտյան

Ապրիլ 17,2016 22:54

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կարծիքով՝ Հրազդանում այսօր անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կողմնակալ են լուսաբանվել:

Այս մասին նա ասաց Հրազդանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Արամ Դանիելյանի կենտրոնական շտաբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Քարոզարշավի ողջ ընթացքում ակնհայտ էր մեզ համար, որ որոշ լրատվամիջոցների ու քաղաքական ուժերի դաշինք է ստեղծվել, որի նպատակը ոչ թե ընտրարշավի ու ընտրությունների անաչառ լուսաբանումն էր, այլ նպատակաուղղված, միակողմանի, կողմնակալ և խեղված իրականության ներկայացումը»,- այսպիսի տեսակետ արտահայտեց Ա. Աշոտյանը։

«Որոշ լրագրողներ գրեցին, որ տարբեր քաղաքներից մարդիկ են ժամանել Հրազդան,- շարունակեց նա,- ուզում եմ երկրորդել Նիկոլ Փաշինյանին և ասել՝ համաձայն եմ այն տեսակետին, որ խոսքը գնում է ընտրությունների մասին, որոնց մասնակցում են ընտրողները։ Դրսից եկած և ոչ մի մարդու հետ կապված քվեարկության ահազանգ չկա, որը կփաստեր, թե Երևանից, Արտաշատից կամ որևէ այլ տեղից ժամանած մարդիկ քվեարկել են հրազդանցիների փոխարեն:

ՀՀ քաղաքացիներն ունեն ազատ տեղաշարժվելու իրավունք ու կարող են ցանկացած օր այցելել ցանկացած քաղաք, ցանկացած գյուղ՝ ցանկացած փոխադրամիջոցով՝ դա կլինի Գագիկ Ծառուկյանին վերագրվող ավտոբուս, թե անձնական օգտագործման մեքենա։

Փաստենք նաև, որ այս օրերին մեր մրցակիցների համար Հրազդան են ժամանել բազմաթիվ երևանցիներ, իջևանցիներ, գյումրեցիներ… Զարմանալի է, որ նույն լրատվամիջոցը մեղադրում է արտաշատցիներին Հրազդան գալու մեջ և աչք է փակում նրա վրա, որ մրցակից թեկնածուների համար ՀՀ այլ քաղաքներից այս օրերին ժամանել են տասնյակ, եթե չասեմ հարյուրից ավելի մարդիկ:

Ակնհայտ է, որ հասարակությանը մոլորության մեջ գցելու անհաջող փորձ է արվում»։

Ա. Աշոտյանը հերքեց նաև ընտրակաշառք բաժանելու մասին տեղեկությունները. «Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարեց, որ 200-400 հազար դոլար ընտրակաշառք է բաժանվել Հրազդանում: Մեզ մեղադրեցին նաև նրանում, որ մեր թեկնածուն 10 հազար դրամ է բաժանում ամեն մի ընտրաձայնի համար։ Մեր մրցակիցները, սակայն, չունեն ընտրակաշառքի բաժանման պահ արձանագրող գեթ մեկ իրեղեն ապացույց»,- նշեց Ա. Աշոտյանը՝ այս մասին խոսակցությունները որակելով իբրև ակնհայտ հերյուրանք, մրցակիցներին ու ընտրական գործընթացը վարկաբեկելու անհաջող փորձ։

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Բանակում չծառայած, բայց բանակային համազգեստով լուսանկարվող սիրող օրինախախտ պաշտոնյային, քանի որ Կրթության նախարարի պաշտոնն էր զբաղեցնում բանակում չծառայելով հանդերձ, խորհուրդ կտայի Մհեր Արշակյանի հոդվածը՝«Խաղաղության դիակապտությունը»
    https://civilnet.am/2016/04/17/voices-mher-arshakyan-hrazdan-elections/#.VxPRDdSLSt8

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930