Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն մեկն իր տեղում

Ապրիլ 22,2016 16:00

Սիրելի Արամ, կարո՞ղ էիր պատկերացնել, որ քսանչորս տարի անց դարձյալ առանց պաճուճանքների փորձելու եմ ներկայացնել Ղարաբաղում տեսածս: Ես էլ չէի կարող, բայց եղածն եղած է: Երիտասարդ սերնդի մեր լրագրողները ամենքն իր տեղում, իսկապես, հրաշալի են աշխատել եւ հիմա էլ աշխատում են առաջնագծում եւ այլուր: Իսկ ես պարզապես կարոտել էի Ղարաբաղը: Բարեկամներիս, ճեմարանի սաներիս էի ուզում տեսնել, որոնք այստեղ Ղարաբաղում «հովիվ քաջ են» ու որպես այդպիսիք կողք կողքի են մեր զինվորների հետ:

…Բարեբախտաբար, Լաչին-Գորիս ճանապարհը բոլորովին նման չէ 92-ի գաղթի ճանապարհին, թերեւս Սյունիքի դարպաս Զանգերից մինչեւ Գորիս հատվածը միայն, ճիշտ 92-ի ամռան պատկերն ունի, ապրիլի առաջին օրերին այստեղով անցած ծանր տեխնիկան իր հետքը թողել է: «Բա սա ճանապա՞րհ ա, կերել են ճանապարհը, չես տեսնո՞ւմ, կմախքն ա մնացել, բա որ վիրավոր բերեն, կդիմանա՞ զինվորը: Ներվերս իրար են գալի, մինչեւ անցնում ենք»,- դժգոհում է մեր վարորդ Արսենը: Մեր նյարդերն էլ իրար եկան, 60 կիլոմետրանոց «կմախքը» անցանք 2,5 ժամում: Այս հատվածը պետք է շուտափույթ կարգի բերել, հարգելի իշխանություն:

Ստեփանակերտ գիշերով հասանք` խաղաղ, հանգիստ ու լուսավոր քաղաք է: «Միացումի տարում», 88-ին ծնված իմ հերոսուհին՝ Դադամյան Բելան ապրիլի 4-ին երկրորդ արու զավակն ունեցավ, անունը Դավիթ դրեցին: Նախորդ օրը Ալիեւ կրտսերը Ստեփանակերտին հարված հասցնելու հայտարարություն էր արել, 24 տարի առաջ մի ուրիշ հիմար` Էլչիբեյ անունով, նույնն էր բարբաջում: Փոքրիկ Դավիթը երաժիշտ ընկերուհուս՝ Դադամյան Կարինեի յոթերորդ թոռն է` բոլորն էլ իր ձեռքի տակ են մեծանում: «Խուճապ չի եղել, բայց որ ճիշտն ասեմ, վախեցել ենք, բա որ խփեր»: Առաջ անցնելով ասեմ, որ այստեղ բոլորը համոզված են, որ ինչպես 94-ի մայիսին, հիմա էլ, «Եթե Մոսկվան մեր ձեռքը չբռներ, շատ առաջ կգնայինք, նրանց շտաբի պետը Մոսկվային խնդրեց, որ կռիվը կանգնեցնի, Մոսկվան էլ մերին (Հայաստանի ԶՈՒ շտաբի պետ Յ. Խաչատուրովին) կանչեց, կանգնեցրին էլի կռիվը»:

5-1
Շրջանների հետ կապն անխափան է, ավտոբուսներ, միկրոավտոբուսներ, տաքսիներ` Ղարաբաղի բոլոր ուղղություններով աշխատում են: Առավոտյան գնում եմ Մարտունի, զարմիկներիցս մեկը` Վրեժը, այստեղ է, մյուսը` Երջանիկը, Ասկերանում: Ինչպես եւ առաջին պատերազմում, Ղարաբաղի բոլոր երիտասարդները կամ ծառայում են, կամ կամավոր են` դիրքերում: Սա դեռ առաջնագիծ չէ, բայց դե պոստ է: «Չես պատկերացնում, մորքուր, դաժե երկու ամսվա սալդատը ընենց դուխով ա, չես պատկերացնում»: Ինքը ծառայել վերջացրել է ու հիմա, երբ կռիվը նորից սկսվել է, կամավոր է եկել: Վրեժիկն ասաց, որ այս պոստում 12 հոգի կամավորականներ են, «երեխեքի հետ ենք, էլի, վախ չունեն իրենք, բայց դե եկել ենք»: Տղաների համար մի փոքր քաղցրավենիք ու ծխախոտ եմ տանում, թեեւ Վրեժը հավաստիացնում է, որ լիքը օգնություն են ստացել: Մեր զինվորների մասին շատ է ասվել ու գրվել, չեմ ուզում կրկնվել: Նշեմ միայն, որ գիշերում են վրանի տակ, կարելի է ասել՝ թաց գետնի վրա, բայց չեն դժգոհում` պատերազմ ա, էլի: Հայաստանի շրջաններից եկած Մարտունու զինվորներն ասում են, որ «սաղ լավ ա», ծնողների հետ կապը կա, խոսում են, նրանց ոչինչ փոխանցել պետք չէ: Խոստանում եմ տղաների լուսանկարները թերթում դնել, որ ծնողները տեսնեն:

Մարտունու հոգեւորականներին շատերն այլեւս ճիշտ են ողջունում. «Աստված օգնական, հայր սուրբ, հո՞ւնց ըս»: Մի քանիսը Մարտունու Սուրբ Ներսես Մեծ եկեղեցի մտնում են, մոմ են վառում, բայց կիրակնօրյա պատարագին երկար չեն մնում: Հայր Գեղարդը` Գեւորգյան ճեմարանի իմ սիրելի սան Գագիկ Հովհաննիսյանը, ապրիլի 2-ից այստեղ է, հայր Սահակի հետ: «Ոնց որ ամերիկյան ֆիլմ լիներ, ամեն տեղից խփում էին», ապրիլյան առաջին օրերի մասին է պատմում հայր սուրբը: Երիտասարդ աբեղայի հայրը` Օնիկ Հովհաննիսյանը, Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ զոհվեց, 1993-ին:
Սաներս պատերազմի մասին այլեւս իմ պատմածի կարիքը չունեն, սիրելի Արամ: Այստեղ են` իրենց տեղում, Աստված բոլորին պահապան: Շատ են ուրախացել, որ եկել եմ:
ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ
Ստեփանակերտ-Մարտունի
Հ.Գ. Հենց նոր իմացանք, որ Հայաստանի նախագահն այստեղ է, վերջերս նույն ժամանակում ենք գալիս Ղարաբաղ, երբեք չհանդիպելով՝ ի տարբերություն նախորդ պատերազմի…

 

«Առավոտ» օրաթերթ
21.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930