Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկ համաձայնություն, որը սխալ լինի, նոր խրամատ ունենք փորելու». ԼՂՀ ներկայացուցիչ

Ապրիլ 25,2016 22:15

«Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տվել, որ հայի գենը պարտվող չէ: Շատերը Հայաստանից և սփյուռքից Լեռնային Ղարաբաղում էին, կանգնած էին ժողովրդի կողքին, իսկ խաղաղության օրերին մենք հանդարտ ենք: Հայ ժողովուրդն արթնանում է, երբ նրան հարվածում են: Բայց արդեն ընդհանուր գիտակցություն կա, թե պետք է չթողնել մեզ հարվածեն, ու միայն այդ ժամանակ արթնանանք: Մենք պետք է միանանք և միացյալ մնանք հավերժ, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա հավերժ գոյատևել այս աշխարհում, որտեղ արդարություն, օրենք չկա»,- Aravot.am-ին ասաց Մերձավոր Արեւելքում ԼՂՀ ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը:

Մեր հարցին, թե ինչպես է վերաբերում ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորմանը՝ տարածքների փոխզիջման տարբերակով, պարոն Քեբաբջյանն ասաց, որ Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի. «Որեւէ մեկ համաձայնություն, որը սխալ լինի, նոր խրամատ ունենք փորելու»:

Ըստ նրա, Ղարաբաղյան հարցը չի կարող լուծվել առանց բանակցություններին ԼՂՀ անմիջական մասնակցության. «Այլ ճանապարհ չկա: Ամբողջ երիտասարդությունը, Ղարաբաղի ամբողջ ժողովուրդը հիմա սահմանին պաշտպանում է իր հողը: Նրա՛նք պետք է լուծեն այս հարցը, չէ՞ որ նրանք են այնտեղ ապրելու»:

Մեր դիտարկմանը, թե կան քննադատություններ, որ հենց ՀՀ իշխանությունների ջանքերով ԼՂՀ-ն դուրս մնաց բանակցություններից, պարոն Քեբաբջյանը շարունակեց. «Սրանից հետո կտեսնեք պատասխանը, մինչեւ հիմա երեւի ժամանակը չէր, այն ժամանակ, երբ զինադադարի համաձայնության եկանք, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը դեռ չկար, չէր կազմավորվել: Հիմա քսան տարի է՝ կայացած պետություն է, նախագահ, դիվանագիտական կորպուս կա, դրա համար հիմա ավելի հեշտ է Ղարաբաղի մասնակցությունն այս ժողովներին»:

Ըստ նրա, պատմությունը ցույց է տվել, որ թուրքը մնում է թուրք ու նրա ձեռագիրը չի փոխվում. «Քսան տարի պետք է պատրաստվեի՞նք, այս վերջին օրերը տեսնելու համար, թուրքը մնում է թուրք, եթե մի գայլ առնես  ու պահես, նրան ոչ թե ոչխար տաս, որ հոշոտի, այլ ճաշ տաս, որ  ապրի, միեւնույնն է՝ քսան տարի հետո, այդ գայլը մի ոչխարի մորթ տեսնի, իր գեների էներգիայով կհարձակվի ոչխարի մորթը հոշոտելու: Թուրքը հայ էթնոսի դեմ է, թուրքը մարդ չի դառնա, մինչեւ իրեն ծունկի չբերես: Մինչեւ չբացատրես՝  գայլ դու ոչխար չես կարող ուտել: Բայց ոչխարը հզոր պետք է լինի, որ դա աի: Ազերին, թուրքը նույնը պետք է անեն, բայց վերջինը ով պիտի խնդա, վերջնական հաղթանակը ո՞ւմն է, վերջնական հաղթանակը հայերինն է»:

Անդրադառնալով ցեղասպանության 101-րդ տարելիցին՝ պարոն Քեբաբջյանն ասաց, որ  հայ ժողովուրդը չպետք է բավարարվի միայն մոմ և ծաղիկ դնելով. «Այլ ճանապարհներ կան՝ լոբբինգ, քաղաքականություն, դիվանագիտություն և զորք, բանակ և ուժ: Այս 100 տարվա ընթացքում միայն հարվածողն ու սպանողն է առաջ գնում, իսկ մենք այդ ժողովուրդը չենք: Մենք դպրոցներ ու եկեղեցիներ ենք կառուցել, մշակույթ ենք զարգացրել, և հենց այդ մշակույթն է մեզ պահել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930