Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը կշռադատում է ղարաբաղյան գործոնը

Ապրիլ 28,2016 12:49

Հեղինակ՝ Գեորգի Կուպատաձե

IWPR, Համաշխարհային ձայներ #811

Ադրբեջանի զինված ուժերի եւ Հայաստանի կողմից աջակցվող Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի միջեւ լարվածության կտրուկ աճն ու բռնությունների վերջին ալիքը լուրջ մտահոգությունների տեղիք են տվել հարեւան Վրաստանում:

Թբիլիսին քաղաքական եւ տնտեսական սերտ կապեր ունի թե՛ Երեւանի, թե՛ Բաքվի հետ: Բացի այդ, երկրում էթնիկ ադրբեջանական եւ հայկական մեծաքանակ համայնքներ կան: Այս հանգամանքը Վրաստանին խիստ խոցելի է դարձնում վերջերս տեղի ունեցած բռնությունների նկատմամբ, որոնք ամենատարերայինն էին 1994թ. հաստատված զինադադարից ի վեր, որից հետո Ադրբեջանի կազմում գտնվող շուրջ 150 000 բնակչությամբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տեղական հայկական իշխանությունն այն անկախ պետություն հռչակեց:

Ռազմական գործողությունների վերջին, թերեւս ամենաաղետաբեր ալիքը հանդարտվեց ապրիլի հինգին կնքված փխրուն հրադադարով, որից հետո պարզվեց, որ երկու կողմում զոհերի թիվը հասել է 191-ի, իսկ վիրավորների թիվը՝ մի քանի տասնյակի:

Տեղի ունեցածը ստիպեց նաեւ քաղաքական օղակներին եւ վերլուծաբաններին հանգել այն եզրակացության, որ Վրաստանն այսուհետ պետք է ավելի պատրաստված լինի իրավիճակի հետագա սրացումներին եւ հնարավոր ներքին հետեւանքներին:

Վրաստանի զինված ուժերի ղեկավարի այն առաջարկը, թե Թբիլիսին կարող է հանդես գալ որպես միջնորդ՝ լարվածության հետագա աճից խուսափելու համար, համընդհանուր հավանության էր արժանացել:

«Մենք ուշադրությամբ հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը եւ շատ սերտ կապեր ունենք մեր գործընկերների հետ թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում», – հայտարարել էր Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն:

«Հույս ունեմ՝ կողմերը կմոտենան հակամարտության խաղաղ լուծմանը: Մենք, հավանաբար, պետք է ստանձնենք միջնորդի դերը, քանի որ մենք այն երկրների թվում ենք, որոնք լավ հարաբերություններ ունեն երկու հարեւան երկրների հետ», – եզրակացրել էր Կապանաձեն:

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Դավիդ Բաքրաձեն կիսում է Կապանաձեի կարծիքը՝ հավելելով. «Վրաստանը յուրահատուկ դիրք ունի մեզ ամենամոտ գտնվող երկու պետությունների միջեւ լրացուցիչ միջնորդի դերը ստանձնելու տեսանկյունից»:

Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում տարիներ շարունակ միջնորդի դեր է կատարել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ երեք համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների գլխավորությամբ, սակայն տարիներ տեւած բանակցային գործընթացում նշանակալի առաջընթաց այդպես էլ չի գրանցվել:

Այնուամենայնիվ, փորձագետների մի մասը թերահավատորեն է մոտենում Վրաստանի՝ միջնորդի դերը ստանձնելու հավանականությանը, քանի որ վերջինս դեռեւս չլուծված տարածքային հակամարտություններ ունի Աբխազիայում եւ Հարավային Օսիայում:

Վրաստանն աներկբայորեն պաշտպանում է տարածքային ամբողջականության սկզբունքը, որը հակասում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դիրքորոշմանը: Հետեւաբար, Վրաստանի դիրքորոշումը չի կարող լիարժեք չեզոք կամ հավասարակշռված լինել:

«1990-ականներին Վրաստանը հաջող կերպով իրականացնում էր այսպես կոչված ակտիվ չեզոքության քաղաքականությունը, որը հարմար էր մեր երկու հարեւան երկրներին: Թբիլիսին հակամարտող կողմերի ներկայացուցիչների, տարբեր ոլորտների մասնագետների միջեւ հանդիպումներ է կազմակերպել», – ասում է Վրաստանի անկախ փորձագետների ակումբի նախագահ Սոսո Ցիսկարիշվիլին:

Այնուհետեւ՝ 2003 թվականի Վարդերի հեղափոխությունից հետո տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների ֆոնին, այս խաղաղարար գործառույթը վերացավ:

Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փոխնախագահ Իրակլի Փորչխիձեի խոսքով՝ կարեւորը հետագա ցանկացած միջնորդության ձեւաչափն է:

«Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքը բանակցությունների եւ միջնորդության համար օգտագործելուն, ապա անհրաժեշտ է հստակ կերպով ճշգրտել ձեւաչափը: Քանի որ, եթե Ռուսաստանը գլխավորի միջնորդական նախաձեռնությունը, ապա դա կհակասի Վրաստանի շահերին, այն է՝ պահպանել հավասարակշռությունը երկու կողմերի միջեւ», – ասում է Փորչխիձեն:

Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, սակայն այն զենք է վաճառում թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, որպեսզի պահպանի տարածաշրջանում այն, ինչ Մոսկվան անվանում է հավասարակշռություն: (Տես հոդվածի անգլերեն տարբերակը՝ այստեղ):

Ապրիլի 13-ին հարյուրավոր երեւանցիներ դուրս եկան փողոց՝ բողոքելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի դեմ, ինչը, ցուցարարների կարծիքով, Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած վերջին լայնամասշտաբ ռազմական գործողություններում նույնպես իր դերն ուներ:

Փորչխիձեի կարծիքով՝ Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած իրադարձություններն անմիջական քաղաքական, տնտեսական եւ ռազմական ռիսկեր են պարունակում Վրաստանի համար:

«Թուրքիան եւ Ադրբեջանը, ինչպես Ռուսաստանն ու Հայաստանը, սերտ ռազմաքաղաքական համագործակցություն են իրականացնում, եւ այս իմաստով Վրաստանի օդային տարածքը կամ անգամ ցամաքային միջանցքն օգտագործելը կարող է խնդիր դառնալ: Այս դեպքում է, որ պետք է ի սկզբանե լինի հստակ դիրքորոշում, որը Վրաստանի կառավարությունը պետք է խստորեն պահպանի: Չգիտեմ, թե որքանով է Վրաստանի կառավարությունը պատրաստ դիմակայել այս մարտահրավերներին: Այս առումով, դեռ որոշ հարցեր կան», – ասում է նա:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության այս կտրուկ աճը Վրաստանին դժվարին կացության մեջ է դրել: Թուրքիան, որը բացահայտ կերպով սատարում է Ադրբեջանին, Վրաստանի հիմնական առեւտրային գործընկերներից մեկն է: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, որը 2008-ի ռուս-վրացական պատերազմից ի վեր ռազմակայաններ է հիմնել Վրաստանից անջատված Աբխազիայում եւ Հարավային Օսիայում:

Եթե կողմերի միջեւ լարվածությունը շարունակվի, Վրաստանին դժվար կլինի պահպանել հավասարակշռությունը:

Ըստ պետական վիճակագրական վարչության՝ Ադրբեջանը խոշորագույն արտասահմանյան ներդրողն է եղել Վրաստանում 2015 թվականին: Բացի այդ, 2016թ. հունվար-փետրվար ամիսներին Վրաստան ներկրված ապրանքների ընդհանուր ծավալի 8% կազմել են ադրբեջանական ապրանքները:

Ադրբեջանի նավթի եւ գազի արտահանման հիմնական խողովակաշարերն անցնում են Վրաստանի տարածքով՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Սուփսա նավթամուղերով եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղերով: Կողմերը նաեւ համատեղ ծրագիր են իրականացնում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման ուղղությամբ, որը կմիացնի Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան:

Քանի որ Հայաստանի սահմանները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փակ են, երկիր մտնող տրանսպորտի զգալի մասն անցնում է Վրաստանի տարածքով: Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստան ներմուծված ապրանքների 6%-ը եկել է Վրաստանից:

Փորչխիձեի կարծիքով՝ Վրաստանի կառավարության արձագանքը ղարաբաղյան վերջին իրադարձություններին խիստ «պասիվ» էր: Փորձագետը նշում է, որ անհրաժեշտ է գործողությունների ծրագիր մշակել իրադրության վատթարացման դեպքում՝ հավելելով, որ Թբիլիսին պետք է ակտիվ աշխատանք տանի իր երկրի ադրբեջանական եւ հայկական համայնքների հետ՝ ներքին լարվածությունը կանխելու համար:

ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ

Էթնիկ ադրբեջանցիներն ու հայերը Վրաստանում խոշորագույն ազգային փոքրամասնությունների թվին են պատկանում, իսկ 2002 թվականի մարդահամարի տվյալներով՝ նրանք կազմում են Վրաստանի ընդհանուր բնակչության 12 տոկոսը: 2014-ին անցկացված մարդահամարի վերջնական տվյալները դեռեւս չեն հրապարակվել:

Շուրջ 300.000 էթնիկ ադրբեջանցիների եւ 250.000 էթնիկ հայերի մեծ մասն բնակվում է փոքր քաղաքներում ու գյուղերում. նրանք հաճախ Թբիլիսիից մշակութային մեկուսացման մեջ են ապրում եւ վրացերենին վատ են տիրապետում:

Ադրբեջանցիները հիմնականում ապրում են Վրաստանի հարավային Քվեմո Քարթլի շրջանում՝ Ադրբեջանի հետ սահմանին: Հայերն էլ բնակվում են երկրի հարավ-արեւմուտքում՝ Սամցխե-Ջավախեթիի շրջանում, որը սահմանակցում է Հայաստանին:

Վրաստանի շրջանային հեռարձակողների միության գործադիր տնօրեն Նաթիա Կուպրաշվիլին նախազգուշացնում է Քվեմո Քարթլիում եւ Սամցխե-Ջավախեթիում հնարավոր խնդիրների մասին՝ հիմնվելով այդ տարածաշրջաններում հեռուստադիտողներից ստացված կարծիքների վրա:

«Իրավիճակը լարված է», – փոխանցել է նա IWPR-ին:

Կուպրաշվիլիի խոսքով՝ Վրաստանի հանրային հեռուստաընկերությունները պատշաճ կերպով չեն լուսաբանել հակամարտության վերջին զարգացումները՝ այդպիսով մեծացնելով պայթյունավտանգ իրավիճակի զարգացումը տեղական հայկական եւ ադրբեջանական համայնքներում:

«Վրաստանի խոշոր պետական հեռուստաընկերությունները… սեփական թղթակիցներն ունեն Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, բայց չունեն Հայաստանում ու Ադրբեջանում, որոնք ավտոմեքենայով մի քանի ժամվա հեռավորության վրա են», – ասում է Կուպրաշվիլին:

Սա հատկապես ակնհայտ էր լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում, երբ տեղական լրատվամիջոցները լուսաբանում էին իրադարձությունները՝ օտարերկրյա աղբյուրներին մեջբերելով:

«Իրադարձությունների մասին հավասարակշռված տեղեկատվություն չստանալով՝ [էթնիկ հայերն ու ադրբեջանցիները] ստիպված էին հույսը դնել հայկական, ադրբեջանական եւ ռուսական ալիքների վրա», – հավելում է Կուպրաշվիլին:

Հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցները կողմնակալ տեղեկատվություն էին տրամադրում եւ, ըստ Կուպրաշվիլիի, «այնպես էին լուսաբանում իրադարձությունները, որ հայ եւ ադրբեջանցի մեր քաղաքացիների միջեւ լարվածությունն աճում էր»:

Ցիսկարիշվիլին համակարծիք է նրան՝ հավելելով. «Կուզենայի լսել, որ մոտ օրերս Վրաստանի ազգային անվտանգության խորհուրդը պատրաստվում է հանդիպել՝ այս հարցը քննարկելու համար»:

«Հարաբերությունները պահպանելու համար մենք պետք է քննարկենք առկա խնդիրները եւ իրադրությունը, ոչ թե դեղին մամուլի հրապարակումները, ինչպես այժմ», – ընդգծում է նա:

Փորչխիձեն նույնպես այն կարծիքին է, որ կառավարությունը պետք է ավելի մեծ ջանք գործադրի Վրաստանում հայկական եւ ադրբեջանական համայնքների հետ աշխատելու տեսանկյունից՝ երկրի ներսում հետագա լարվածությունը կանխելու համար:

«Կան ուժեր, իսկ եթե անկեղծ լինենք՝ դա Ռուսաստանն է, որոնք շահագրգրռված են Վրաստանի ներքին ապակայունացման եւ մասնատվածության պահպանման մեջ: Անհրաժեշտ է «ձեռքը զարկերակին պահել» այն վայրերում, որտեղ տեղական էթնիկ փոքրամասնություններ են ապրում, քանի որ վատ մտադրություններ ունեցողները, միանշանակ, կփորձեն շահարկել իրադրությունը ներքին ապակայունացման համար», -եզրակացնում է նա:

Գեորգի Կուպատաձեն IWPR-ի գրասենյակի խմբագիրն է Վրաստանում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Համաշխարհային ձայներ» #811 պարբերականից (19-ը ապրիլի, 2016թ., Վրաստան): Նյութի անգլերեն տարբերակը՝ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930