Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Ղուլյան. Այս բոլոր օրերին մեր ժողովուրդը հակառակորդի բոլոր հանցավոր ու ահաբեկչական մտադրությունները խափանելու բարձրագույն ունակություն դրսևորեց

Մայիս 05,2016 17:05

Մայիսի 5-ին տեղի է ունեցել 6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը:

ԼՂՀ Ազգային ժողովը ընդունել է .

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որի համաձայն, կսահմանվեն տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկը: Օրենքի ընդունումը պայմանավորված է նաև, ԼՂՀ-ում կիրարկման մեջ դրված ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի պահանջներին այն համապատասխանացնելու անհրաժեշտությամբ:

«Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որի համաձայն, նախատեսվում է կենսաթոշակի իրավունքը որոշելիս, նշանակելիս, կենսաթոշակ ստանալու իրավունքը և կենսաթոշակ վճարելը վերականգնելիս անձի հաշվառման մասին տեղեկատվությունը հաստատել բնակչության պետական ռեգիստրի տվյալներով:

Օրենքը նախատեսում է նաև 2016թ.ի հուլիսի 1-ից երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած ԶՈւ զինծառայողների կենսաթոշակը հաշվարկելիս, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածը զինծառայության ստաժում հաշվառել կրկնակի չափով:

Օրենքի ընդունումով վերացվում է նաև տարիքային և հաշմանդամության կենսաթոշակները վերահաշվարկելու համար անհրաժեշտ կենսաթոշակը նշանակելուց հետո, անձի աշխատելու նվազագույն ժամանակահատվածին և կենսաթոշակառուի մահվան պատճառով կենսաթոշակի գումարները որպես ժառանգություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետին վերաբերող սահմանափակումները:

Ազգային ժողովն այնուհետև քննարկել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի նշանակման օրակարգային հարցը: Գաղտնի քվեարկության արդյունքներով 27 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան է նշանակվել ԱԺ պատգամավորների կողմից առաջարկված թեկնածուն՝ Ռուբեն Նորայրի Մելիքյանը:

Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանը ելույթում նշել է, որ իր գործունեության գլխավոր առաջնահերթությունը լինելու է ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներին և, ընդհանրապես, Արցախի քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից տևականորեն իրականացվող հակաիրավական քաղաքականությանը առնչվող հարցերի հետևողականորեն բարձրաձայնումը՝ ակնկալելով համարժեք արձագանք։ «Աշխատելու եմ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի միջազգային կապերը ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ, փորձելու եմ օգտագործել նոր հարթակներ և ամբիոններ», -նշել է Ռուբեն Մելիքյանը։

Այնուհետև տեղի է ունեցել ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի երդման արարողությունը:

Օրակարգային վերջին հարցը ԼՂՀ Վերահսկիչ պալատի 2015թ. գործունեության տարեկան հաշվետվությունն էր, որը ներկայացրել է ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը:

Նիստի ավարտին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը բոլորին շնորհավորել է Հաղթանակի, ԼՂՀ Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման տոն օրվա առթիվ:

«Այս բոլոր օրերին մեր ժողովուրդը համախմբվելու եւ միասնական բռունցք դառնալու, ազգային բոլոր երակներով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն ամրապնդելու, հակառակորդի բոլոր հանցավոր ու ահաբեկչական մտադրությունները խափանելու բարձրագույն ունակություն դրսևորեց` ամբողջ աշխարհին ցույց տալով սեփական ազատությունն ու անկախությունը պաշտպանելու պատրաստակամությունն ու կարողությունը»,-իր ելույթում նշել է խորհրդարանի ղեկավարը :

ԼՂՀ ԱԺ նախագահի ելույթը

Հարգելի գործընկերներ,

Հրավիրվածներ,

Մեր լիագումար նիստը հրավիրվեց Արցախի անկախ հանրապետության պատմության մեջ ամենակարեւոր ու հիշարժան օրերից մեկի՝ Հաղթանակի, ԼՂՀ Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման տոն օրվա նախօրյակին:

Ուզում եմ շնորհավորել բոլորիս եւ մեր ողջ ժողովրդի Տոնը: Այս անգամ այդ տոնի խորհուրդն առանձնահատուկ է. մեր ժողովուրդը բոլոր հիմքերն ունի հպարտանալու իր զորությամբ եւ ուժով, անկոտրում կամքով Պաշտպանության բանակի անվրեպ ու խիզախ զինվորներով, ովքեր մեր դեմ ելած սանձարձակ հակառակորդին արժանի հակահարված են տվել և ստիպել, որպեսզի նա իր իսկ պարտադրած պատերազմում խնդրի կրակի դադարեցում:

Այս բոլոր օրերին մեր ժողովուրդը համախմբվելու եւ միասնական բռունցք դառնալու, ազգային բոլոր երակներով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն ամրապնդելու, հակառակորդի բոլոր հանցավոր ու ահաբեկչական մտադրությունները խափանելու բարձրագույն ունակություն դրսեւորեց ` ամբողջ աշխարհին ցույց տալով սեփական ազատությունն ու անկախությունը պաշտպանելու պատրաստակամությունն ու կարողությունը:

Այդ ամենը հնարավոր դարձավ մեր զինվորների ու նրանց հրամանատարների բացառիկ խիզախության շնորհիվ: Գլուխ ենք խոնարհում բոլոր այն հերոսների հիշատակի առջեւ, ովքեր կյանքի գնով պաշտպանեցին մեր Հայրենիքի սահմանները:

Այսօր մեր ժողովուրդը վճռական է ու հաստատակամ: Եթե տեղի ունեցած իրադարձությունները դաս չեն դարձել որոշ արկածախնդիրների համար, անհրաժեշտության դեպքում, նա ավելի ուժգին ու ցավոտ հարվածով տեղը կդնի սանձարձակ թշնամուն:

 

Եռատոնը՝ Արցախի մի քանի սերունդների՝ հայրենիքը արժանապատվորեն պաշտպանելու տոնն է, որի պսակն այսօրվա հայրենապաշտ զինվորն է, մեր պարծանքն ու հպարտությունը:

Շնորհավո´ր բոլորիս տոնը եւ փա´ռք հայ զինվորին:

ԼՂՀ ՄԻՊ ծրագիրը և երդման խոսքը

Ազգային ժողովի հարգարժան Նախագահ,

Հարգարժան պատգամավորներ,

Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վստահության համար այն պատգամավորներին, որոնք առաջադրել են իմ թեկնածությունը Արցախի հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի բարձր պաշտոնում։

Ինձ համար մեծ պատիվ է այստեղ՝ Ձեր առջև կանգնելը Արցախի Օմբուդսմանի թեկնածուի կարգավիճակում։ Ինձ համար մեծ պատիվ է այստեղ կանգնելը հատկապես այս օրերին, երբ Արցախի ժողովուրդը հերթական անգամ հաստատակամություն է դրսևորում իր ինքնորոշումը ամրագրելու և երաշխավորելու հարցում, իր անկախ պետականությունը, պապենական Հայրենիքը ցանկացած ոտնձգությունից պաշտպանելու հարցում։

Դուք տեղյակ եք, որ 2 օր առաջ հանդիպումներ եմ ունեցել Արցախի խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների հետ։ Հանդիպումների ընթացքում ներկայացրել եմ իմ կենսագրությունը, իմ պատկերացումները Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնական ուղղությունների և առաջնահերթությունների մասին, բոլոր 5 հանդիպումներն էլ անցել են անմիջական մթնոլորտում, քննարկվել են բազմաթիվ խնդիրներ, որոնց խոստանում եմ հետամուտ լինել ինձ Արցախի ՄԻՊ-ի բարձր ու պատասխանատու մանդատով օժտելու դեպքում։ Ցանկանում եմ ընդգծել, որ ՄԻՊ-ը պառլամենտական ինստիտուտ է, և արդեն իսկ ձևավորված ավանդույթին հետևելով մտադիր եմ ակտիվ լինել խորհրդարանի հետ աշխատանքում, հատուկ ուշադրություն դարձնել պատգամավորների բարձրացրած հարցերի նկատմամբ՝ Արցախի Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված ՄԻՊ գործառույթների շրջանակում։

Այստեղ՝ այս բարձր ամբիոնից ցանկանում եմ վերահաստատել, որ ինձ ընտրելու դեպքում ՄԻՊ գլխավոր առաջնահերթությունը լինելու է ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներին առնչվող հարցերը, ընդհանրապես՝ Արցախի քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից տևականորեն իրականացվող հակաիրավական քաղաքականությանը առնչվող հարցերը։ Արցախի ժողովուրդը Եվրոպական քաղաքակրթության կրողն է՝ իր ուրույն դիմագծով, ուստի չպետք է զրկվի հիմնարար իրավունքներից, դրանք երաշխավորելու հանրաճանաչ իրավական մեխանիզմներից միայն այն պատճառով, որ Արցախի պետականությունը դեռևս չի ստացել միջազգային ճանաչում։

Ինձ վստահության քվե տալու դեպքում ես շարունակելու եմ Արցախի Հանրապետության առաջին օմբուդսմանի քաղաքականությունը՝ ուղղված Ադրբեջանական ուժերի կողմից իրականացված վայրագությունների և միջազգային իրավունքի այլ խախտումների փաստագրմանը, դրանց իրավական գնահատականներ տալուն, ինչպես նաև Արցախում մարդու իրավունքներին առնչվող խնդիրների հանրայնացմանը և միջազգայնացմանը։ Ցանկանում եմ հատկապես ընդգծել ապրիլի 21-ին Արցախի օմբուդսմանի հրապարակած միջանկյալ հանրային զեկույցը՝ ս.թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կատարած վայրագության փաստերի վերաբերյալ, ինչպես նաև միջանկյալ զեկույցին հաջորդած իրավական գնահատականը՝ խաղաղ բնակչության նկատմամբ անթույլատրելի և անխտրական հարձակումների փաստերի վերաբերյալ։ Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների շրջանակներում հետևողականորեն իրականացնելու եմ փաստերի հետագա ուսումնասիրություն՝ վերջնական զեկույց մշակելու և հրապարակելու ուղղությամբ։

Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, հաստատված լինելով աշխարհի ավելի քան 7 տասնյակ պետություններում, տարբեր հանրային հանձնառություններ է իրականացնում։ Սակայն դժվար գտնվի թեկուզ մեկ այլ Օմբուդսման, որը ստիպված լինի զբաղվել այնպիսի սահմռկեցուցիչ փաստերով, ինչպիսիք են, օրինակ, Իսլամական պետության ոճով իրականացվող գլխատումները, հատուկ պաշտպանության ենթակա քաղաքացիական բնակիչների նկատմամբ իրականացված սպանությունները և անդամահատումները։ Ադրբեջանի կողմից իրականացված այս վայրագություններն ակնհայտ մարտահրավեր են ժամանակակից քաղաքակրթության հիմնարար պատկերացումներին, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, և ես շարունակելու եմ հետևողականորեն բարձրաձայնել այս խնդիրները՝ ակնկալելով համարժեք արձագանք։ Այս առնչությամբ աշխատելու եմ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի միջազգային կապերը ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ, փորձելու եմ օգտագործել նոր հարթակներ և ամբիոններ։

Ճիշտ է, Արցախում մարդու իրավունքներին սպառնացող թիվ մեկ մարտահրավերը համարում եմ արտաքին վտանգները, սակայն դա չի նշանակում, որ ներքին խնդիրները աչքաթող են արվելու։ Միևնույն ժամանակ, ցանկանում եմ նշել, որ իմ պատկերացմամբ՝ Արցախյան հասարակության արժեհամակարգում առավել հաստատուն տեղ ունի մարդու իրավունքների իրավունքի հիմքերի հիմքը՝ հարգանքը մարդու արժանապատվության նկատմամբ, և այս առումով մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները այդքան սուր չեն, որքան այլ պետություններում։

Այդ խնդիրների վերհանման և լուծման նպատակով ես և ՄԻՊ աշխատակազմը աշխատելու ենք քաղաքացիական հասարակություն ինստիտուտների հետ, քաղաքացիների հետ, ինչպես նաև Արցախի պետական իշխանության ինստիտուտների հետ՝ այն համոզմամբ, որ ցանկացած խնդրի լուծման բանալին փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման մթնոլորտն է՝ արժեք, որը կբնորոշեի, որպես Արցախյան պետականության մեծագույն ձեռքբերում։
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031